
Չատինյանները վանաձորցի նկարիչներ են, որոնք տեղի պետական մանկավարժական համալսարանում գեղանկարչություն, գծանկարչություն ու արվեստի պատմություն են դասավանդել՝ սերունդներ կրթել, ցուցահանդեսներ բացել տարբեր երկրներում, արժանացել գնահատանքի։


Վանաձորում Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի հարևանությամբ են ապրում Չատինյանները։ Ալբերտ Չատինյանը, որը ժամանակակից նկարիչ Մհեր Չատինյանի պապն էր, սովորել է Մոսկվայում՝ Սուրիկովի անվան գեղարվեստի ակադեմիայում։ Վերադարձել է Վանաձոր, աշխատել տեղի տպարանում՝ կատարելով գրքի ձևավորման աշխատանքներ։ Իր նկարչական արվեստի առավել տպավորիչ նմուշներն են՝ էտյուդները, բնապատկերները և դիմապատկերները։


Մոսկվայի ակադեմիայում ստացած գիտելիքները նա անխնա փոխանցում էր որդուն՝ Համլետին, նաև թոռանը՝ Մհերին, որը երբեք չի մոռանում, թե ինչպես էր պապը գծի ու գույնի զգացողություն արթնացնում իր մեջ, չի մոռանում նաև նրա բարի և անկեղծ խառնվածքը։
Համլետի մայրական տատը՝ Մարիամը, ապրում էր Թիֆլիսի Սոլոլակի փողոցում։ Շատ արվեստասեր կին էր ու Համլետին տանում էր պատկերասրահներ, թանգարաններ։ Պատահական չեն Համլետի նկարներում թիֆլիսյան հետաքրքիր անկյուններն ու կոմպոզիցիաները։ Հայկական այդ հնամենի թաղամասը՝ Սոլոլակը, ևս մեկ անգամ կենդանանում է հայկական ավշով՝ անմահանում ու փոխանցվում է սերունդներին։



Մհերը 17-18 տարեկան էր, արդեն պիտի ընտրեր իր ճանապարհը՝ ընդունվեր որևէ կրթական հաստատություն, շարունակեր աշխատել իր ընտրած մասնագիտությամբ։ Սկզբում նա կրկնօրինակում էր հայտնի ստեղծագործությունները, հետո սկսեց ստեղծագործել՝ ներշնչվելով Սարյանի և Մինասի արվեստով, ավելի ուշ՝ նա ստեղծեց նոր պատկերներ՝ տեսանելի դարձնելով այն ամենն ինչ իր ներսում էր, ինչով որ նա ապրում էր։
Վանաձորի նկարչական ինստիտուտը, որտեղ հայրը գեղանկարչություն և արվեստի պատմություն էր դասավանդում, նշանակալի դեր ունեցավ նրա կյանքում։ Այստեղ նա ծանոթացավ աշխարհահռչակ արվեստագետների գործերին, նրանց արվեստի առանձնահատկություններին, վարպետության գաղտնիքներին։
Ռուս հանրահայտ նկարիչ Միխայիլ Վրուբելի «Վարդը» նատյուրմորտը՝ իր բնականությամբ, լույսերի տպավորիչ խաղով, շատ խոսուն երջանկության և թախծի երանգներով, հեքիաթային խորհուրդ ուներ արվեստագետի համար։ Ճակատագրի մի զարմանալի խաղով, Մհերը հանդիպեց իր կյանքի ընկերուհուն՝ Սյուզաննային, որի հետ միասին շարունակեցին արվեստի որոնումների ու բացահայտումների ճանապարհը։



Վենետիկը, նկարիչ ամուսիններին ծանոթացրեց աշխարհահռչակ նկարիչների հետ, որոնց մասին երազել էին։ Բոսխի աշխարհը, դեռ դպրոցական տարիներից հմայել էր Սյուզաննային, հիմա արդեն նա կանգնած է այդ կախարդանքի դիմաց՝ շփոթված հայացքով վայելում է խոսող գունապատկերները։
Չատինյաններին շատերը համարում են Վանաձոր աշխարհին միաձուլված արվեստագետներ, որոնք տեսանելի են դարձնում զարմանալին ու առեղծվածայինը։




