
Վանա լճի ափին, բարձր սարահարթի վրա էր գտնվում Ավանց գյուղը, որը նաև հայտնի նավահանգիստ էր։ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ զոհվեցին բնակչության մեծ մասը, ոմանք հեռացան այլ երկրներ, մեծ մասն էլ գաղթեցին արևելյան Հայաստան։ Նրանցից էին Մինասյանների ընտանիքը, որոնք մասնակցել են Վանի ինքնապաշտպանական մարտերին։
Վանում, ինչպես շատերը, նրանք զբաղվել են աղի և սոդայի արտադրության աշխատանքով։ Հարություն Մինասյանի պապը՝ Հարությունը, աշխատասեր, հայրենասեր մարդ էր, նրա գերդաստանի գրեթե ողջ անդամները դարձել են ցեղասպանության զոհ։

Պատմում է, որ Վանի հերոսամարտի նահանջից հետո Հարություն պապը տուն է վերադարձել և ընտանիքի անդամներին սպանված է գտել, իսկ գյուղը՝ ավիրված։ Հարությունի որդին՝ Մեսրոպը, հոր պես աշխատասեր և նպատակասլաց էր։
Երևանում գործարանային աշխատանքին զուգահեռ մտածում էր նաև այլ մասնագիտության մասին և բժիշկ կնոջ՝ բժշկական ինստիտուտում ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի փորձառու մասնագետ Նվարդ Գևորգյանի խորհրդով սովորում է բժշկական ինստիտուտում, երկար տարիներ Թալինում աշխատելով որպես սանիտարական բժիշկ, տեղում հիմնելով բժշկական ուսումնարան, որը բազմաթիվ մասնագետներով ապահովեց տարածաշրջանը։ Հայրը հաճախ էր հիվանդներ ընդունում տանը։
Որդին՝ Հարությունը, մեծ ուշադրությամբ լսում էր, ինչպես են մարդիկ ներկայացնում իրենց հիվանդության պատմությունը, խոսում իրենց անհանգստություններից, հետևում էր, թե ինչ ախտորոշում է անում և ինչ խորհուրդներ է տալիս հայրը։ Այդպես է Հարությունն ընտրում իր ճանապարհը՝ հետևելով հոր խորհուրդներին։ Իսկ երբ տատանվում էր՝ ընտրել ունիվերսալ հոգեբուժությո՞ւնը, թե՞ նարկոլոգիան, հաղթում է հոր կարծիքը։
Դեռ ուսանողական տարիներին Հարությունը հետաքրքրված էր հնագույն իրերով։ Դրանք հավաքում էր, մաքրում՝ յուրաքանչյուրն իր համապատասխան տեղում պահելով։ Բժշկի մասնագիտությունը նրան ավելի հետաքրքրեց, երբ ծանոթացավ հնագույն բժշկական գրքերի, գործիքների և այլ իրերի հետ։ Տարիներ հետո նա որոշեց ստեղծել հայ բժշկության թանգարան, որտեղ այժմ ցուցադրվում է շուրջ 40000 ցուցանմուշ։

Հավաքածուի զարդը 1793 թվականին տպագրված նոր-նախիջևանցի Պետրոս Քալանթարյանի գրած բժշկական ուսումնական ձեռնարկն է, որը կոչվում է «Բժշկարան» և տալիս է շատ հիվանդությունների պատճառների և բուժման մասին տեղեկություններ։
Թանգարանում կարող եք տեսնել նաև հոգեկան հիվանդություններով տառապած շատ արվեստագետների, երաժիշտների, գրողների ու գիտնականների պատմությունները, այստեղ կան բուժված նկարիչների շնորհակալական նվերներն ու գեղանկարները։
Կարող ենք տեսնել նաև հարյուրավոր տարիների պատմություն ունեցող օբսիդիանից պատրաստված վիրահատական դանակներ։
Հարություն Մինասյանի որդին՝ Մեսրոպը, ևս շարունակում է հոր ճանապարհը։ Նա թեպետ ռազմաբժշկության ֆակուլտետն է ավարտել, սակայն հոգեբույժ է, նաև՝ ծրագրավորող։
Բազմաթիվ հետաքրքրություններ ունի բժիշկ Հարություն Մինասյանը։ Աշխատել է հետիոտն տուրիզմում, արտ թերապիայի նպատակով ղեկավարել է երգչախմբեր, զբաղվել է լրագրողական գործունեությամբ։ Շուրջ 1000 հրապարակումների հեղինակ է, հրատարակել է «Նարեկ» բժշկական թերթը, ունի ահռելի մեծ գրադարան՝ հայագիտական, բժշկական, հոգեբուժական, ծագումով հայ բժիշկների մասին գրքեր և այլն։
Չնայած այս հարուստ կենսագրությանը, հոգեբույժի համար ամենամեծ հպարտությունը պատահաբար իր ճանապարհին հանդիպող հիվանդներն են, որոնք հատուկ ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշում նրան։




