Մտքի ուժը

ԵՊՀ-ում ստեղծվել են նորարարական ճկուն գազային սենսորներ․ «Մտքի ուժը»

Ժամանակի հրամայականը թելադրում է ունենալ ոչ միայն ավանդաբար օգտագործվող կարծր տակդիրների հիման վրա պատրաստված գազային սենսորներ, այլ ճկուն և գերթեթև սենսորային համակարգեր: Նմանատիպ համակարգերում կիրառվում են միաչափ և երկչափ նանոկառուցվածքներ, որոնք աչքի են ընկնում գազազգայունության պարամետրերի հիանալի համադրությամբ:

Այս կառուցվածքներից առավել նախընտրելի են ածխածնի նանոխողովակները և դրանց կոմպոզիտային միացություններն իրենց բարձր ճկունության, էլաստիկության, դյուրակիրության և էլեկտրաքիմիական պարամետրերի կայունության շնորհիվ:

Հաջողվեց սինթեզել ածխածնի նանոխողովակներ և նանոկոմպոզիտ միացություններ և դրանց հիման վրա պատրաստել ճկուն տակդիրով գազային սենսորներ` պայթյունավտանգ, դյուրավառ, թունավոր գազերի և ցնդող օրգանական միացությունների հայտնաբերման համար:   

Գիտնականները փաստում են՝ ապագան ճկուն էլեկտրոնիկայինն է։ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիաների կենտրոնում հաջողվեց գիտական հետազոտությունն ավարտին հասցնել։

ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Միքայել Ալեքսանյանը պատմում է Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհային մի ծրագրից․ երիտասարդ գիտական խմբերն  ամրապանդվեցին, զարգացան։

Երեք տարի առաջ դիմեցին խմբերի/լաբորատորիաների հիմնաման ծրագրին ու շահեցին։ Երեք տարի հաջողությամբ իրագործել են ծրագիրը։ Այն հետաքրքիր ու արդիական էր։ Խնդիր էին դրել նանոկառուցվածքներ աճեցնել։

2024-ի ամռանը հայտարարվեց տվյալ ծրագրի շարունակականությունը՝ գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիրը՝ հինգ տարով։ Այն գիտական ոլորտի ընդլայնում ու լուրջ արդյունքներ է ակնկալում։ Հայտը հաստատվեց, արդյունքներն ավելին կլինեն՝ ասում է ԵՊՀ կիսաhաղորդաչաjին սարքերի ու նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Միքայել Ալեքսանյանը։ 

Երիտասարդ գիտական խումբը կենսաբանական սենսորների տիրույթ նույնպես կմտնի։ Առաջին քայլով կփորձեն գլյուկոզի սենսորներ պատրաստել՝ չափել արյան մեջ գլյուկոզի մակարդակը։

Սա դիաբետի համար դեկտորներ կլինեն, որոնք այնքան էլ այս պահին չեն բավարարում պահանջներին։ Հաջողելու դեպքում կզարգացնեն կենսաբանական տվիչների ուղղությունը։  

ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Գևորգ Շահխաթունին սենսորների մասին ամեն ինչ գիտի։ Աշխատանքն ունի տրամաբանական բաժանում, գիտական աշխատանքը միատեսակ չէ՝ ասում է գիտական խմբի անդամ Գևորգ Շահխաթունին։

Կարդացեք նաև

Back to top button