
Հայկական երաժշտական իրականությունը այնքան էլ հարուստ չէ հոգևոր երաժշտության ասպարեզում մշակութային իրադարձություններով։ Սա վերաբերվում է և՛ մեր ժառանգությանը, և’ ժամանակակից ընթացքներին։
Բացառությամբ եկեղեցիներում Պատարագի և ժամերգությունների ժամանակ հնչող կատարումների, այն գրեթե բացակայում է համերգային դահլիճներում և հատկապես ռադիո և հեռուստատեսային եթերներում։
Սա պատճառաբանված է մի կողմից հոգևոր երաժշտություն կատարող ստեղծագործական միավորների սակավությամբ, մեկ այլ կողմից՝ «ժամանցային եթերային դոկտրինը» որդեգրած հեռարձակողների մեծամասնությամբ։
Այս իրավիճակում, հատկապես ազատ արվեստի դաշտում գործող «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գործունեությունը կարևորված է և գնահատելի։
«Մենք դավանում ենք ազգային հոգևոր արժեքներ և մեր մասնագիտական ընտրությունը լիովին գիտակցված է և պատճառաբանված» — ասում է երգչախմբի հիմնադիր, դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանը։
Երգչախումբը միակ արական կազմն է Հայաստանում և նպատակ ունի հնչեցնել հայ ավանդական և ժամանակակից հոգևոր երաժշտությունը, մշակել է համերգային քաղաքականություն, պարբերաբար կատարում է ձայնագրություններ և տեսագրություններ։
Վերջերս, սեպտեմբերին հյուրախաղերով հանդես է եկել Իտալիայում և Գերմանիայում։
«Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Մխիթարյան Միաբանության կողմից հրավիրվեցինք հանդես գալու ելույթներով։ Մեզ համար դա հրաշալի առիթ էր՝ հայտնվել հայ հոգևոր և գիտական այնպիսի տարածքում, ինչպիսին է Սուրբ Ղազար կղզու Մխիթարյանների Միաբանությունը։ Բացի այդ, Հռոմում կատարեցինք Ներսես Շնորհալու «Արևագալի ժամերգությունը» կաթոլիկ տաճարում, արդեն իտալացի ունկնդիրների ներկայությամբ» — շարունակում է Վահե Բեգոյանը։
Հյուրախաղերը շարունակվեցին Գերմանիայում, «Շտուտգարդի հայկական օրեր» ամենամյա մշակութային փառատոնի հրավերով։
Մեր զրույցի երկրորդ հանգրվանը Վահե Բեգոյան- կոմպոզիտորի գործունեությունն էր և համագործակցությունը «Գեղարդ» կանացի երգչախմբի հետ։ Նրա «Lamento» նոր ստեղծագործությունը հնչում է «Գեղարդ» երգչախմբի կատարմամբ։
«ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒ»-ի և «ԳԵՂԱՐԴ» -ի հերթական համատեղ աշխատանքն է Կոմիտաս վարդապետի՝ տարբեր տարիների պատարագներից մեզ հասած շքեղ պատառիկների համադրումը ծիսական ընթացքի տրամաբանությամբ…
«Ցավոք պահպանված հատվածներից ամբողջական պատարագ չի հավաքվում, կան պակասող հատվածներ, բայց այն ինչ հասել է մեզ, այս տեսքով էլ կարող է վերադառնալ եկեղեցի, կենդանանալ ծիսական կիրառությամբ և կենդանացնել բոլորիս…» — շարունակում է Վահե Բեգոյանը։
Հաջորդը Վահե Բեգոյանի «MYSTERIUM PROFUNDUM» հեղինակային ստեղծագործությունն է, որը հնչում է «Սաղմոսերգու» երգչախմբի կատարմամբ։
Վահե Բեգոյանի՝ Հանրային ռադիոյի եթերում առաջին անգամ հնչող երրորդ պրեմիերան «Նավապետ բարի» երգչախմբային ստեղծագործությունն է, որի հիմքում Մեսրոպ Մաշտոցի 5-րդ դարի շարականն է, մենակատար` Ակսել Դավեյան (բարիտոն)։




