Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նրան դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Գրետա Թունբերգը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Էդիտա Գզոյանը հյուրին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Գրետա Թունբերգը մեծ հետաքրքրությամբ է լսել հատկապես շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի հայանպաստ գործունեության մասին:
Բնապահպան ակտիվիստը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում է կատարել թանգարանի մատյանում:
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրերին նվիրել է Հայոց ցեղասպանության, արցախյան հիմնահարցի մասին գրքեր: