
Գաղտնիք չէ, որ օժտված լինելով կրթական մեծ ներուժով, կատարելով ճանաչողական, գեղագիտական և դաստիարակչական դեր, երկխոսության մեջ մտնելով ու նաև հաղորդակցվելով տարբեր դարաշրջանների, մշակույթների, գիտության, արվեստի պատմության կարևորագույն էջերի, հանրահայտ ու անվանի մարդկանց կյանքին ու գործունեությանը, քաղաքակրթության ու համաշխարհային պատմության այդ յուրահատուկ պահոցները՝ թանգարաններն անցյալի ու ներկայի խտացյալ մարմնացումն են, որոնք հազարամյակների ընթացքում ձեռք են բերում, պահպանում, հետազոտում և ցուցադրում մարդկության ու շրջակա միջավայրի նյութական և ոչ նյութական ժառանգությունը՝ կրթության, ուսումնասիրության և ժամանցի կազմակերպման նպատակներով:
Տեխնիկայի ժամանակակից առաջընթացը թանգարաններին դրդեց վերանայելու գործունեության նպատակները, աշխատանքի ձևերն ու մեթոդները. ժամանակակից թանգարանագետը, բարձրացնելով իր աշխատանքի նոր պահանջներն ու մասնագիտական որակների մակարդակը, օգտագործելով տեղեկատվական և հեռահաղորդակցության նորագույն տեխնոլոգիաներ, ակտիվորեն մասնակցում է թանգարանային գործի վերածննդի գործընթացին՝ վերահաստատելով թանգարանի դերը՝ որպես կրթական հարուստ կենտրոն՝ ծառայելու հանրությանն ու նրա զարգացմանը:
Սեպտեմբերի 12-14-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման դասընթաց թանգարանների աշխատակիցների համար:

Տարբեր երկրներում իրականացվող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղություններին վերաբերող այս միջոցառման նպատակն է դասընթացի իրականացմամբ ոլորտի մասնագետներին մեթոդական խորհրդատվություն տրամադրել թանգարաններում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, արժևորման և հանրահռչակման ուղղությամբ:
Զրույց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի հետ:














