Աստղագիտությունն ու ֆիզիկան Հայաստանում զարգանում են, ավելին՝ ոլորտի մասնագետները կարծում են, որ միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտական արդյունք ստեղծվում է։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կոսմոլոգիայի և աստղաֆիզկայի կենտրոնի գերնոր աստղերի ուսումնասիրության խմբի անդամ է Արփինե Կարապետյանը։ Ուսումնասիրում են գերնորերն ու դրանց մայր գալակտիկաների հատկությունները՝ օգտագործելով այդ հատկությունները փորձում են հասկանալ, թե որ տեսակի աստղերն են իրենց կյանքն ավարտում պայթյունով՝ վերածվելով գերնոր աստղերի.
«Որոշ աստղեր՝ կախված իրենց սկզբնական պարամետրերից, բնութագրիչ հատկություններից, իրենց կյանքի վերջում պայթում են։ Հենց այդ պայթյունի երևույթը կոչվում է գերնոր աստղ կամ ուղղակի գերնոր։ Այժմ գիտական աշխարհը զարգացել է այնքան, որ երկնակամարի մեծ շրջահայություններն իրենց կատարած դիտումները չմշակված վիճակում տեղադրում են համացանցում, մենք, կարողանում ենք դրանք օգտագործելով, կատարել մեր հետազոտությունները»։
Հետազոտությունների ժամանակ եզրահանգումները տարբեր են, փորձում են ստանալ՝ «ի՞նչ ֆիզիկական երևույթներ են տեղի ունենում» երկնքում հարցի պատասխանը։
«Ընդհանուր առմամբ մեր ուսումնասիրությունները ծառայում են աստղաֆիզիկական հիմնարար գիտության զարգացմանը, որոնք հանրամատչելի ներկայացման դեպքում կհետաքրքրեն հասարակությանը։ Աստղագիտությունն ինքնին շատ հետաքրքիր բնագավառ է, չէ՞ որ մարդը միշտ հետաքրքրվել է երկնքով։ Չափազանց պարզ ներկայացման դեպքում կարելի է ասել, որ աստղերն ու Արեգակը ջրածնից և հելիումից բաղկացած մեծ հրե (պլազմային) գնդեր են, որոնք ներքին ջերմամիջուկային ռեակցիաների շնորհիվ էներգիա են ճառագայթում: Այդպես է Արեգակը մեզ լուսավորում։ Նման և այլ տեսակի աստղեր մեր գալակտիկայում ու այլ գալակտիաներում միլիարդավոր են: Պետք է նշել, որ կա աստղերի տեսակների մեծ բազմազանություն»։
Հերթական հետազոտությունն իրականացնում են ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) տրամադրած միջոցներով։ Այս գիտական հետազոտությունը խմբի ղեկավարի թեկնածուական թեզում արծարծված խնդիրների հետագա տրամաբանական շարունակությունն ու զարգացումն է։
Լիլիթ Բարխուդարյանը նույնպես աշխատում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի գերնոր աստղերի ուսումնասիրության խմբում։ Խմբում կատարվող աշխատանքներն ունեն լայն թեմատիկ ընդգրկում:
«Այս խմբում աշխատում եմ շուրջ տասը տարի։ Իմ թեկնածուական թեզը արել եմ հարակից թեմաներով՝ ուսումնասիրելով գերնոր աստղերի բազմազանությունը»:
Կարծում եմ, որ ցանկացած մասնագետ, ով պրոֆեսիոնալ է իր գործում, կունենա հաջողություններ նաև Հայաստանում: Ընդհանուր առմամբ Հայասանում աստղաֆիզիկան փոքր տեմպերով, բայց զարգանում է։ Հետաքրքրվողներ կան, բայց մասնագետ պատրաստելու համար տարիներ են պետք։ Ժամանակին ֆինանսավորումը քիչ էր, գիտաշխատողների զգալի մասը, որ մնացել են աստղագիոտթյան մեջ, տեղափոխվել են արտերկիր։
Ժամանակ է պետք, որ մասնագետներ պատրաստեն։ Բացի այդ, կրթության որակը պետք է բերել համապատասխան ժամանակակից մակարդակի։ Պետության կողմից վերջին տարիներին գիտությանն ուշադրություն դարձվում է, բայց անելիք շատ կա: