ԿարևորՀասարակություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» մեր բացառիկ արժեքը․ աստղերի ուսումնասիրությամբ Հայաստանն այսօր էլ առաջատար է

Հայաստանում անծայրածիր տիեզերքն ուսումնասիրող գլխավոր կառույցը՝ Բյուրականի աստղադիտարանը, մշտական կապի մեջ է աշխարհով մեկ սփռված հայ աստղագետների հետ։ Օրերս եռօրյա գիտաժողովով «Հայկական աստղագիտական ընկերությունը» նշել է հիմնադրման 25-ամյակը ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ցուցակված բացառիկ գիտական արժեքից մինչև տարածաշրջանում Հայաստանի հեղինակավոր դիրք՝ Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները մեծաթիվ են։

Աստղասփյուռները հայտնագործած Վիկտոր Համբարձումյանը ժամանակին մտածում էր աշխարհասփյուռ հայ աստղագետների համայնք ստեղծելու մասին։ Երկնային մարմիններ ուսումնասիրողները գաղափարը կյանքի կոչեցին 90-ականների վերջում։

 «Մենք հիմա ճշգրիտ թիվ ունենք՝ կա 257 հայազգի աստղագետ։ Նրանց մի մասը Բյուրականի աստղադիտարանից են գնացել արտասահման, մի մասը սփյուռքահայեր են, Հայաստանում էլ այժմ ունենք 45 աստղագետ»։

Վիճակագրությունն ընկերության նախագահ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանինն է։

25-ամյա կառույցը աստղասերների նոր սերնդի համար բազմաթիվ կրթական ծրագրեր ունի։ Երիտասարդների համար 2 տարին մեկ կազմակերպվող «Բյուրականյան  միջազգային ամառային դպրոցը» 2018թ.-ին ճանաչվել է ոլորտի 3 լավագույն դպրոցներից մեկն աշխարհում։ Փոքրերին հասանելի են ամենամյա «Բյուրականյան գիտաճամբարները», իսկ գարնանային դասախոսությունների շարքը հասնում է մինչև սահմանամերձ բնակավայրերի դպրոցներ։

Միջազգային SCOPUS համակարգի ցուցանիշով աշխարհի պետությունների շարքում Հայաստանն աստղագիտական ձեռքբերումներով 41-րդ տեղում է։ Բյուրականի աստղադիտարանի տնօրենը դիրքը բարձր է համարում։

«Հայաստանը ոչ մի ցուցանիշով 41-րդ տեղով երևի թե չի կարող պարծենալ, տնտեսական ցուցանիշներով էլ։ Դա և՛ ավանդույթների, և՛ ժամանակակից ակտիվությունը պահելու արդյունք է։ Բայց 15-20  տարի առաջ, երբ նոր էին կազմում ցանկը, մենք 31-րդ տեղում էինք»։

Մասնագետը դիրքը զիջելու հանգամանքը բացատրում է զարգացման տեմպի թուլացմամբ։

«Թուրքիան և Իրանը,  որ հսկա պետություններ են և դժվար է երազել, որ մենք իրենցից  առաջ անցնենք, պարզվում է, որ առաջ էինք։ Երբ մենք 31-րդում էինք, իրենք 50 և ավելի տեղում էին։ Վերջին 20 տարում իրենք եկել հասել են իրար հարևան 28, 29-րդ տեղեր, մենք՝ 41»։

Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր և առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանը ժամանակին ասում էր՝ մեր երկիրն աշխարհում իր տեղն ու դերն ամուր պահելու համար պետք է զբաղվի գիտությամբ։ Նրան երկրորդում է կառույցի այժմյան տնօրենը։

«Ոչ արդյունաբերությամբ, ոչ գյուղատնտեսությամբ մենք շանսեր չունենք մեզնից 10 անգամ մեծ պետական բյուջե ունեցող  երկրների հետ մրցակցել, իսկ գիտության մեջ կարող ենք։ Բյուջեն էլ կարող է քիչ լինի, բայց, գիտնականների,  հայի մտածելակերպի շնորհիվ կարող ենք, և ինչքան էլ չուզենք ասել, հայերը իսկապես խելացի ազգ  են»։

Հայաստանի ներկայությունը տեսանելի է նաև համեմատաբար նոր համարվող «աստղաինֆորմատիկա» ոլորտում։

«Վիրտուալ աստղադիտարանները» հիմա աշխարհում շատ տարածված են, մերը «Հայկական վիրտուալ աստղադիտարան» նախագիծն է։ Միջազգային ալյանս կա, որտեղ ամեն ազգային նախագիծ, պետք է իր խոսքն ունենա, եթե չունենա՝ չեն ընդունում։ Վերջերս Չեխիան դիմեց, չընդունեցին, ոչ մի նորություն չունեին։ Իսկ Հայաստանին ընդունել են 2005թ.-ին՝ առաջիններից մեկն էր»։

Երկնքի լայնածավալ ուսումնասիրություն բազմաթիվ երկրներից առաջ կատարվել է Հայաստանում։ Բյուրականի աստղադիտարանում դեռ խորհրդային տարիներին էին խմբվել դրա մասին վկայող, այսպես կոչված, «աստղագիտական թիթեղները»։  2000-ականներին դրանք  թվայնացվեցին։ Երկնքի ուսումնասիրության այդ համակարգը կոչվում է «Մարգարյանի շրջահայություն»։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր «Համաշխարհային ժառանգության» ցանկին զուգահեռ աշխարհի մասշտաբով գրանցում է բացառիկ գիտական ու մտավոր արժեքներ։ «Համաշխարհային հիշողություն» կոչվող այդ ցանկում Հայաստանն ունի 4 արժեք՝ Մատենադարանի պահոցը, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները, Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն և «Մարգարյանի շրջահայությունը»։  

«Առաջինը Մատենադարանի ձեռագրերն էին, հետո մեր այս արժեքը։ Մեծ հպարտություն է, քանի որ աշխարհի բոլոր երկրների հաշվով գիտական արժեք հազիվ մի քանիսը կա գրանցված»,–անկեղծանում է Արեգ Միքայելյանը։

Աստղային դիտումների արդյունքում 1984թ.-ից աշխատանքային ստաժը «գիշերներով» չափող Կամո Գիգոյանը, թվայնացված գիտական արժեքի մասին խոսելիս, պատմում է նաև աստղադիտարանի հպարտություն՝  2.6 մետրանոց դիտակի հետ ընկերության մասին։

Նա իր հավատարմությունն էներգետիկ ճգնաժամի տարիներին ֆորսմաժորների ժամանակ է ապացուցել։

«Միացրել եմ դիտակը, հայելին ու գմբեթը բաց, միայնակ աշխատեցնում եմ, մեկ էլ հոսանքն անջատվեց։ Ամբողջ գիշեր դուրս եկա գմբեթի վերևի մասում պտտվեցի մինչև հաջորդ օրը ժամը 12-ին հոսանքը տվեցին, նոր կարողացա հայելին փակել։ Փետրվար ամիսն էր կարող էր ձյուն տեղալ հայելու վրա, որը միլիոններ արժեր»։

2015թ․-ից Հայաստանը Եվրոպայի սահմաններից մինչև Կենտրոնական Ասիա, նախկին խորհրդային հանրապետություններ, Թուրքիա և Իրան հսկա տարածաշրջանի աստղագիտական կենտրոնն է։ Նման կենտրոնները 11-ն են, այսինքն, ամբողջ աշխարհի աստղագիտությունը համակարգում  է 11 երկիր՝ մանրամասնում է Արեգ Միքայելյանը։

«Մեր տարածաշրջանը կոչվում է Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարաշածրջան։ Թուրքիան մտնում է մեր  տարածաշրջանի մեջ և ենթարկվում է Հայաստանին, Ադրբեջանն ի դեպ խաղից դուրս է»։

Միջազգային աստղագիտությունում ստանձնած մանդատը Հայաստանը կպահի մինչև 2027թ.-ը։ Հաշվի առնելով մեր աշխատանքի որակը և  իրենց գնահատականները, կարող եմ ասել, որ դրանից հետո էլ կշարունակվի ղեկավարումը՝ նշում է աստղաֆիզիկոսը։

«Դա կարող է ամրապնդել մեր հեղինակությունն աշխարհում։ Կարող ենք այդ դիրքն այլ ձևով էլ՝ գուցե քաղաքական, դիվանագիտական նպատակների ծառայեցնել»։

2013թ.-ից Հայաստանի Հանրապետության ազգային արժեք ճանաչված Բյուրականի աստղադիտարանում, ի տարբերություն մյուս 2 արժեքների՝ Մատենադարանի և Ցեղասպանության թանգարանի, զրույցները «վերերկրայինի» մասին են։ Քննարկումները բառերից, թվերից և սիմվոլներից բաղկացած անուններով երկնային լուսատուների մասին են։ Ներկա միջազգային համագործակցային ծրագրերը 2 ոլորտից են՝ նշում է կառույցի ղեկավարը։

«Մեկը  երիտասարդ  աստղային օբյեկտներ են՝ աստղեր և հարակից օբյեկտներ, վերտիկալ օբյեկտներ, աստղային շիթեր, այսինքն՝ անկայունություններ, ինչը Համբարձումյանը հիմնադրել էր շատ վաղուց՝ 40-ական թթ.-ից։ Դա հենց այն ոլորտն է, որ Բյուրականին միջազգային ճանաչում բերեց, դա ենք ակտիվ զարգացնում։ 2-րդը ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրություններն են»։

Բարձր արագությամբ աստղերին «հանգիստ չտվողների» թիմից էաստղադիտարանի գիտական քարտուղար Լիանա Համբարձումյանը։ Նա փորձում է պարզել, թե այդ երիտասարդ ու շարժուն աստղերը որ բնօրրանից են «փախել», որ գալակտիկաների կազմն ամբողջական դառնա։

-Ձեր ամենասիրելի «փախչողը» ո՞րն է։

-Հատուկ սիրելի չունենք, ընդհանուր ցուցակ ունենք։ Հայտնի «փախչողների» ցուցակը մոտ 500-ն է։ Մենք աշխատում ենք նորերին գտնել ու կոնկրետ աստղակույտերի մեջ տեղավորել։ Խմբում 4 հոգի ենք, մեկը հայաստանյան համաղեկավարն է, ունենք 2 արտասահմանյան ղեկավար, որից մեկը Ենայի համալսարանի գիտաշխատող Վալերի Համբարյանն է՝ նախկինում մեր աստղադիտարանի աշխատող է եղել։ 2022թ․-ի դեկտեմբերից ենք սկսել և կտևի մինչև 2027թ.-ը։

Մարդկությանն իր գիրկն առած Մայր մոլորակից դուրս էներգետիկ առումով ամենահզոր աղբյուրները գալակտիկաների ակտիվ միջուկներն են։ Դրանցից «բլազարներին» գիտնականներն ամբողջ երկնքում հաշվել են 3651 հատ։ Բլազարների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությամբ է զբաղվում աստղադիտարանի գիտաշխատող Հայկ Աբրահամյանը։

«Հենց միջուկների ուսումնասիրությունը աշխարհում համարվում է կարևոր ճյուղերից մեկը, գրեթե բոլոր աստղադիտարաններում կան խմբեր, որոնք աշխատում են այդ ուղղությամբ։ Օրինակ, արեգակի, այնտեղ տեղի ունեցող երևույթների ուսումնասիրությունը այստեղ բերել են նոր ռեակցիաների հայտնագործության։ Նման ձևով մենք փորձում ենք ունիկալ օբյեկտներ ուսումնասիրել,  հասկանալ նրանց բնույթը,  բնականաբար, տարիներ հետո դա կբերի որոշակի հայտնագործության, որը մեր առօրյա կյանքին հարմարություն կհաղորդի»։

Անծայրածիր տիեզերքն ուսումնասիրելը տարածաշրջանում շարունակվում է Հայաստանում՝ գիտական կայանների ու կառույցների առատությամբ հայտնի Արագածոտնի մարզում։ 2026թ.-ին կլրանա Բյուրականի աստղադիտարանի ստեղծման 80-ամյակը։

Back to top button