ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին. Տոկաևն ու Փաշինյանը պայմանավորվել են խթանել չիրացված ներուժը

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար: Այս մասին Երևանում հայտարարել է Ղազախստանի նախագահը։ Նա պաշտոնական այցով առաջին անգամ է Հայաստան ժամանել։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ նշել է, որ ողջունում է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Տոկաևը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան։ Նախագահական նստավայրում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր՝ առևտրատնտեսական, տրանսպորտի, միգրացիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ։  Ակնկալվում է, որ պայմանավորվածությունները կհանգեցնեն երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և որակապես նոր մակարդակի համագործակցության։  

Մամուլի համար համատեղ հայտարարությամբ Հայաստանի ու Ղասախստանի ղեկավարներն արձանագրեցին, որ երկու երկրները շարունակում են արդյունավետ համագործակցել բազմակողմանի կառույցների շրջանակներում: Երկկողմ օրակարգն ավելի ընդլայնելու ու որակապես նոր մակարդակի հասցնելու մասին են խոսել Փաշինյանն ու Տոկաևը։ Կա համակարծություն, որ չնայած Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրշրջանառության ծավալներն աճում են, երկու երկրների միջև դեռևս առկա է չիրացված ներուժ, որը պետք է խթանվի։

«Զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը»։

Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակը նույնպես քննարկել են Փաշինյանն ու Տոկաևը։ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումներն է Հայաստանի վարչապետը ներկայացրել Ղազախստանի նախագահին։ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա:  

«Դրանք են՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված հռչակագրի դրույթների հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։ Վերջինիս համատեքստում անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում։

Ղազախստանը ողջունում է խաղաղության ձգտումը՝ իր հերթին նշեց Տոկաևը։ Վստահեցրեց, որ Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար Հարավային Կովկասում։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ երկու երկրների դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, շատ մոտ են իրար:

Տոկաևի խոսքից մի հատված՝ համընթաց թարգմանությամբ.

«Մենք պայմանավորվեցինք հետայսու նույնպես ակտիվորեն համատեղ աշխատել, ակտիվորեն մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին և կայունության կառուցմանը։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքելու խաղաղության համաձայնագիր»:

Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս հարցում և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել՝ հավելեց Ղազախստանի նախագահը, հստակեցնելով, որ իր երկիրը պատրաստ է  հարթակ տրամադրել բանակցությունների համար:

«Մեր հիմնական նպատակը մերձեցնելն է մեր բարեկամական երկրները, բացել ճանապարհն անքակտելի բարիդրացիական հարաբերությունների, խաղաղության և կայուն զարգացման համար այս տարածաշրջանում»։

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ղազախստանի համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության ու անկախության վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք հետաքրքրվածությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում պարարտ հող են ստեղծում այդ ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման համար:

«Այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ղազախստանի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար»։

Բանակցությունները փոխադարձ ըմբռնման և վստահության մթնոլորտում են անցել՝ վստահեցրին երկրների ղեկավարները։ Կարծում են, որ դա նոր իմպուլս կհաղորդի Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններին։ Տոկաևը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրեց Ղազախստան՝ շեշտելով՝ վստահ է, որ այսօրինակ բարի քայլերը կմերձեցնեն երկու ժողովուրդներին և կխորացնեն համագործակցությունը։

Back to top button