ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վանաձորի ավագանին շահերի բախմամբ ընդունված որոշման չեղարկումը ձեռնպահ քվեարկությամբ մերժել է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հիման վրա Վանաձորի ավագանու նիստի օրակարգում ներառված հարցը` շահերի բախմամբ ընդունված որոշումը չեղարկելու վերաբերյալ,  ձեռնպահ քվեարկությամբ մերժվել է։ Հարցը վերաբերում էր  ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամի դստերը պատկանող տարածքի փոխանակմանը մեկ այլ՝ կադաստրային ավելի բարձր գին ունեցող տարածքի հետ, որի քվեարկությանը մասնակցել էր նաև տարածքի տիրոջ հայրը: Մինչ վերջինս պնդում է, որ իրավապահները հանցկազամ չեն գտել և անտեղի աղմուկ են բարձրացել, քաղհասարակության ներկայացուցիչները կարծիք են հայտնում, որ Լոռու մարզպետը, իր լիազորությունների շրջանակում կարող է դատական կարգով բողոքարկել ավագանու որոշումն ու հողատարածքը վերադարձնել համայնքին։

Վանաձորի ավագանին շահերի բախմամբ ընդունված որոշման չեղարկումը ձեռնպահ քվեարկությամբ մերժեց։ Հարցն օրակարգ էր մտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հիմանվրա: Հանձնաժողովը, ուսումնասիրելով «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նամակը, մի շարք խախտումներ էր արձանագրել: 

2022-ի դեկտեմբերի 14-ի նիստում ավագանին որոշում էր ընդունել ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Սեյրան Ղամբարյանի դստերը՝ Նելլի Ղամբարյանին պատկանող տարածքը մեկ այլ տարածքով փոխանակելու մասին։ Հանձնաժողովի ուշադրությունից չի վրիպել այն, որ հարցի քվեարկությանը մասնակցել էր նաև տարածքի տիրոջ ավագանու անդամ հայրը, մինչդեռ ՏԻՄ և Հանրային ծառայության մասին օրենքներում հստակ ամրագրված է, որ ավագանու անդամը, հայտնվելով շահերի բախման իրավիճակում, պարտավոր է չմասնակցել քվեարկությանն ու անմիջապես գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին: Ապրիլի 8-ի նիստին Սեյրան Ղամբարյանը գրավոր զգուշացրել էր ավագանուն և չմասնակցեց քվեարկությանը:

«Բացթողում արեցի, քվեարկեցի, հիմի էլ ասեցին չի կարելի, հիմի էլ չքվեարկեցի: Գիտեինք, մոռացել էինք շահերի բախման մասին»:

Հիշեցնենք՝ մինչ այս Սեյրան Ղամբարյանը ընդդիմադիր խմբակցության իր գործընկերների հետ բոյկոտում էր ավագանու նիստերը: Գրեթե 1 տարվա ձախողված փորձերից հետո, նա  «Մամիկոն Ասլանյան» խմբակցության իր մյուս գործընկերոց հետ համաձայնել էր գալ նիստերի և քվորում ապահովել: «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը«Ռադիոլուրի» հետ զրուցում ասաց, որ հանձնաժողովը կարևոր մի արձանագրում ունի եզրակացության մեջ. նոր տարածքը, որի հետ փոխանակվել էր հինը և որը գտնվում էր Վանաձորի բուսաբանական այգու մոտ, ավելի թանկ կադաստրային արժեք ունի՝ որպես հանգստի գոտի: Այն 1.5 միլիոն դրամով ավելի թանկ է, մինչդեռ այս փաստը տեղ չի գտել ավագանու որոշման մեջ, Ղամբարյանն էլ հավելյալ վճարում չի  արել համայնքի բյուջե։ Իսկ Վանաձորի մուտքի մոտգտնվող նախկին հողատարածքի համար, ըստ փաստաթղթերի, Ղամբարյանները համայնքին վճարել են 1 միլիոն 200.000 դրամ։

«Ավագանու անդամի դստերը տրվել է տարածք մյուսի փոխարեն, և կադաստրային գների առումով կա մեծ տարբերություն: Այսինքն, փաստը միայն այն չէ, որ նա մասնակցել է քվեարկությանը, այլ այն, որ կար գների տարբերություն»: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միաձայն ձեռնպահ էր քվեարկել: Արդյո՞ք գործընկերային համերաշխությունն էր միակ  դրդապատճառը: Խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանն ասաց՝ իրենց սահմանադրական իրավունքն են իրացրել, Լուսինե Թադևոսյանի խոսքով՝ ճնշումներ չեն եղել, քվեարկել են սեփական կամքով.

«Որևէ մեկը ոչ ասել է, ոչ էլ ինչ որ լծակ է օգտագործվել: Ես ինքս կարողանում եմ որոշումներ կայացնել»:

Իրավապաշտպանն ասում է, գնդակը Լոռու մարզպետի դաշտում է: 20 օրյա ժամկետում մարզի ղեկավարը կարող է դատական կարգով բողոքարկել ավագանու որոշումը։

«Լոռու մարզպետը, օրենքով տրված իր լիազորությունների շրջանակում, պարտավոր է դատարան դիմել՝ ընդդեմ Վանաձորի ավագանու, որ այդ տարածքը դատական կարգով հետ վերադարձնեն Վանաձորին »:

Գևորգ  Քոթանջյանը շահերի բախման մեկ այլ օրինակ է մատնանշում՝ հիշատակելով ավագանու նիստին «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Լիլիթ Հովսեփյանի հայտարարությունը՝ հավելավճարների հետ կապված: Իրավապաշտպանն ասում է՝2023 –ի նոյեմբերի 29-ին Վանաձորի ավագանին անօրինական ու անարդար որոշում է կայացրել, որը հակասում է ՏԻՄ օրենքին։

«ՏԻՄօրենքի 34 հոդվածը հստակ սահմանում է հավելավճարների տրման կարգ: Մինչդեռ օրենքով հավելավճար կարող են ստանալ բարձր դասային աստիճան կամ երկարա շխատանքային փորձ ունենալու համար` իրենց աշխատավարձի որոշակի տոկոսի չափով։ Այս որոշման հիմքով վճարված բոլոր հավելավճարները պետք է վերադարձվեն համայնքային բյուջե։ Եթե գրագետ արվեր, իրանք կարող էին հավելավճար անվան փոխարեն օգտագործել պարգևավճար  բառը: 13 միլիոնի կարգի գումարը հավելավճար ասվածի տրամաբանության մեջ չի կարող լինել»:

Գևորգ Քոթանջյանն ասում է՝ Լիլիթ Հովսեփյանը պետք է անմիջապես տեղեկացներ համայնքի ավագանուն և չմասնակցեր հավելավճարների հետ կապված հարցի քվեարկությանը՝ շահերի բախման պատճառով, քանի որ որոշումն ուղղակիորեն առնչվելու էր այն բաժնին, որը ղեկավարում է իր ամուսինը, մինչդեռ, իմանալով այդ ամենը, նա մասնակցել է քվեարկությանը:  Շահերի բախման հերթական միջադեպի առնչությամբ կազմակերպությունը  դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Back to top button