
Աբխազիայում ընդդիմությունը ստեղծել է 21 հոգուց կազմված ժողովրդական վստահության խորհուրդ: Ժամանակավոր խորհրդի ստեղծման մասին ընդդիմության կողմնակիցների հանրահավաքում հայտարարել է Աբխազիայի հերոս Շամիլ Ադզինբան: Հանարահավաքում ելույթ է ունեցել « Աբխազիայի ազգային միասնության ֆորում» կուսակցության նախագահ Ռաուլ Խաջիմբան և կոչ է արել հավաքվածներին չձեռնարկել քայլեր առանց ընդդիմության ղեկավարության հրահանգների և պահպանել հանսգստություն: Նշենք, որ երեկ երեկոյան Աբխազիայի խորհրդարանը որոշում է կայացրել դիմել երկրի նախագահին` նրան առաջարկելով վայր դնել իր լիազորությունները: Պատգամավորները անվստահություն են հայտնել նաև երկրի վարչապետ Լեոնիդ Լակերբային: Որոշմանը կողմ են քվեարկել 20 պատգամավոր, ձեռնպահ է եղել մեկը: Նիստին չի մասնակցել 14 պատգամավոր: Ընդունված փաստաթղթում ասվում է, որ որոշումը կայացվել է պայմանավորված հասարակական և քաղաքական լարված իրադրությամբ և նպատակ ունենի երկրում պահպանել համազգային համաձայնությունը և կայունությունը:
Աբխազիայի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ Վիտալի Գաբնիան Ռիա Նովոստիին հայտնել է, որ աբխազական ընդդիմությունը մտադիր է ստեղծել ժամանակավոր կառավարություն առաջիկա երկու օրվա ընթացքում: Այն կաշխատի մինչև նախագահական ընտրություններ, որոնք կարող են անցկացվել երեք ամսվա ընթացքում, եթե հրաժարական տա գործող նախագահ Ալեքսանդր Անկվաբան:




