ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գենի 0․1 տոկոսի «գինը»․ ուսումնասիրելով գոյության ծածկագիրը

Մեր մոլորակի բոլոր բանականների գենետիկական ինֆորմացիան 99․9 տոկոսով նույնն է,  0․1 տոկոսով՝ տարբեր։ Այսինքն՝ բոլորս պատկանում ենք նույն՝ «մարդ» բանական պոպուլյացիային, և 0․1 տոկոսը, որը մյուս ոլորտներում, օրինակ, արդյունաբերության մեջ կարող է աննշան մի բան թվալ, կենսաբանության մեջ և հատկաապես՝ գենետիկայում ունի ամենակարևոր ու առանցքային նշանակությունը։

«Այդ 0․1 տոկոսը տեղակայված է ոչ թե մի գենում, այլ սփռված է մեր ամբողջ տեղեկատվության բազմազանության մեջ, գեներում, որոնք կոդավորում են մեր ներքին ու արտաքին հատկանիշները»։

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը բացատրում է՝  գենետիկայի ուսումնասիրությունը կարևոր է երկու առումով՝ ժողովուրդների ծագումնաբանության խնդրի լուծման և կենսաբանական-բժշկական հարցերի դիտարկման։ Եթե առաջինը ոչ կիրառական, բայց հիմնարար նշանակություն ունի, ապա երկրորդը կարող է հարյուրավոր կյանքեր փրկել, նոր դեղեր ստեղծել ու նույնիսկ դառնալ գիտական կարևոր փորձարկումների «լաբորատորիա»։

«Հարցի կիրառական տեսանկյունից պոպուլյացիայի գենոմներն ուսումնասիրելը շատ կարևոր է, որովհետև այդտեղ կան թաքնված պատասխաններ տարբեր հիվանդությունների նախատրամադրվածության վերաբերյալ, տարբեր դեղամիջոցների նկատմամբ արդյունավետության վերաբերյալ և բազմաթիվ հարցեր, որոնք թույլ են տալիս լավացնել հանրային առողջապահության ռազմավարությունը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ուղղակի կարող են ազդել հիվանդի կամ պացիենտի բուժման արդյունավետության վրա»։ 

Ծագումնաբանության խնդիրը, սակայն, որքան ոչ կիրառելի, այդքան հետաքրքիր է լայն զանգվածների համար։ Ուսումնասիրողները դեռ բանավիճում են ժողովուրդների ու մարդկության ծագման վարկածների շուրջ։ Ամենահին գիտություններն անգամ, օրինակ, պատմությունն ու հնագիտությունը, երբեմն կարող են սխալվել, բայց ժամանակակից գենետիկան կարող է պատասխաններ տալ այն հարցերին, որոնց մասին նյութական որևէ բան չի պահպանվել։

Հայ ժողովրդի գենոֆոնդն ուսումնասիրելիս գենետիկ Լևոն Եպիսկոպոսյանը պարզել է՝ պատմական ու աշխարհաքաղաքական բազմաթիվ հանգամանքներով պայմանավորված՝ հայերը հիմնականում հարևաններից մեկուսացած են ապրել, ինչը վճռորոշ է եղել գենետիկական առումով։

«Մեկուսացումը գենետիկական իմաստով բերում է նրան, որ կուտակվում են այնպիսի փոփոխություններ, մուտացիաներ, որոնք, բնույթով  եզակի են և ի հայտ չեն գալիս մյուս ժողովուրդների մոտ, այսինքն՝ այդ մուտացիաների հավաքածուն բնորոշ է միայն առանձին ժողովուրդներին, և այդ մուտացիաների հավաքածուն թույլ է տալիս, տարբեր միջոցներով, մեթոդներով համեմատելով մեր առանձնահատկությունները մյուս ժողովուրդների առանձնահատկությունների հետ, պարզել՝ արդյոք մենք ունեցել ենք գենետիկական շփում, ընդ որում՝ էն ժամանակաշրջանում,  որտեղից չունենք գրավոր նյութ,  ոչ մի բան վավերագրված չէ։ Այ դա է էն գործիքը, որը թույլ է տալիս վերականգնել ոչ միայն մեր գենոֆոնդի տարիքը, այլև շփումները տարբեր ժողովուրդների հետ»։

Մոլեկուլային կենսաբան Արսեն Առաքելյանն ասում է՝ «հայու գեն» տերմինը գիտական հիմք չունի, առաջացել է իրականի ու պատկերացումների միաձուլումից։ Փոխարենը կա հայկական գենոմ տերմինը, որը գիտական է և կիրառելի է, եթե խոսում ենք  գենետիկական առանձնահատկությունների մասին, որոնք հաճախ են հանդիպում հայկական պոպուլյացիայում՝ ի տարբերություն, օրինակ, ֆրանսիական կամ չինական պոպուլյացիաների։ Ցանկացած երկրում մարդու գենետիկային արհեստական միջամտությունը, մուտացիաների ստեղծումը կամ հիշողության ծածկագիրը «ջնջելը» պատժելի հանցագործություն է և դուրս էթիկակական բոլոր նորմերից։

«Կա գենոմի մի ուրիշ հարթություն, որը կոչվում է էպիգենոմ, որի մեջ շրջակա միջավայրի որոշակի ազդակներից առաջացած երևույթները գրանցվում են։ Բազմաթիվ հետազոտություններ կան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երեխաների շրջանում արված, որոնք չեն տեսել, չեն ապրել, բայց նրանց ծնողները վերապրել են էդ ամեն ինչը։ Այո, դա կա, բայց դա մաքրել, ուղղել էսօրվա տեխնոլոգիաներով պրակտիկորեն հնարավոր չէ։ Եվ նորից գալիս ենք էթիկական նորմերի հարցերին, որոնք շատ խիստ են մարդու, մարդկանց վրա ուսումնասիրությունների հատվածով»։

Գենը ժառանգականության տարրական միավորն է, գենոմը՝ օրգանիզմի բոլոր գեների ամբողջությունը, գենոֆոնդը պոպուլյացիայի գեների համախումբը։ Գենի՝  ԴՆԹ-ի պահպանումն ու փոխանցում իրականացնվում է քրոմոսոմների միջոցով։ Մեկ մարդու գենոմը պարունակում է մոտ 3 միլիարդ ԴՆԹ հիմք։ Այս քանակը պատկերացնելու համար՝ 10 տարի կպահանջվի ձեր գենոմի ողջ հաջորդականությունը բարձրաձայն կարդալու համար։ Եթե 30 տարի առաջ գենոմն ունենալու համար պետք էր վճարել 3 ու կես մլրդ դոլար, ապա այսօր՝ մոտավորապես 300 դոլար, իսկ ոչ հեռու ապագայում՝ մարդկության կեսը, ըստ ուսումնասիրությունների, ընդամենը 100 դոլարով կկարողանա գնել իր գենոմը և ունենալ համակարգչում կամ հեռախոսում։

Այս և այլ կարևոր փաստերի մասին գիտնականներն արդեն երկրորդ անգամ ԳԱԱ-ում պատմում են գիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին։ «Գիտությունն այսօր» սեմինարների շարքի նպատակը գիտության հանրահռչակումն է, նաև՝ համաշխարհային գիտական թրենդներին, հետազոտություններին ու դրանց արդյունքներին երիտասարդներին ծանոթացնելը։

ԳԱԱ թղթակից-անդամ, ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյան․

«Սկզբում եկավ 320 դպրոցական ու ուսանող, հետո միտք ծագեց այդ դպրոցականներին հրավիրել Պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ։ Համալսարանը նամակ գրեց նախարարին, և բոլոր մարզերիրց մեզ մոտ եկավ ևս 320 երեխա, իսկ անցյալ ուրբաթ օրը՝ 670–ը, եթե ոչ ավելի։ Որքան նրանք են հետաքրքրված կենսաբանության պրոբլեմներով, նույնքան մենք ենք հետաքրրված, որ այդ երեխաները ծանոթ լինեն գիտությանը»։

Հարությունյանի խոսքով՝ վերջին տարիներին գիտությունը երիտասարդ հետազոտողների համար ավելի հետաքրքիր է դարձել։ Հաջորդ սեմինարը կանցկացնի ռուս ականավոր քիմիկոս Արտյոմ Օգանովը։

Back to top button