ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Կյանք՝ Գեորգիի հետ ու առանց Գեորգիի․ Անուշ Մինասյան․ «Կյանքին ասել այո՛»

Առաջին հանդիպումը 2005 թվականին էր, ընդհանուր ընկերներից մեկի տանը։ Անուշն ու Գեորգին հենց առաջին շփումից էին հասկացել, որ միասին են լինելու։ 2006-ին միասնությունն ամրագրեցին ամուսնությամբ, որի արդյունքը երկու որդիներն են՝ Լևոնն ու Նարեկը։ Միասին էին մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ 41-ամյա մայոր Գեորգի Մինասյանը զոհվեց 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը՝ հետևում թողնելով փայլուն զինվորականի մի ամբողջ կենսագրություն։

Գեորգի Մինասյանը ծնվել է 1979 թվականին Շիրակի մարզի Հառիճ գյուղում, 2002-ին ավարտել  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու ինստիտուտում էլ  ծառայության անցել որպես  դասակի հրամանատար։ 2016-ի մարտին տեղափոխվեց Քարվաճառ, որտեղ էլ  մեկ ամիս անց մասնակցեց քառօրյա պատերազմին։ 2020-ին Քարվաճառի զորամասի  հատուկ գումարտակի հրամանատարն էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վերջին զանգը սեպտեմբերի 27-ի առավոտյան էր։ Անուշի խոսքով՝ Գեորգին սկզբում  չեր պատասխանել, հետո արձագանքել ու փորձել էր հանգստացնել, անգամ կատակել՝ թեթև կռիվ-կռիվ ենք խաղում, մի՛ անհանգստացիր, շուտով կհանդարտվի, չզանգես, երբ հարմար լինի, ես կզանգեմ… չզանգեց։ Ընկերոջ կնոջ ձայնը մինչ օրս Անուշի ականջներում է՝ Վահեն ասաց Մինասյանը չկա։

«Կյանք` Գեորգիի հետ ու առանց Գեորգիի…շատ դժվար էր, բայց իմ առջև դրեցի պարտականություն՝ երեխաները հոր բացակայությունը պիտի զգան միայն կարոտով, մտահոգությունը պիտի լինի այն, որ հայրիկին  ֆիզիկապես չեն կարող գրկել, իսկ հոգեպես նա միշտ մեզ հետ է»,-ասում է Անուշը։ Պատերազմից որոշ ժամանակ անց  որոշեց դառնալ զինվորական։ Նախ՝ երեխաներին պահելու համար աշխատանք էր պետք, հետո էլ մտածեց, որ այդպիսով ավելի մոտ կլինի Գեորգիին։ Այժմ ծառայում է Հայոց բանակում։ Աշխատանքում, թե տանը փորձում է ամեն ինչ անել այնպես, ինչպես կցանկանար Գեորգին, որին անսահման երախտապարտ է իրեն պարգևած երկու որդների համար

Back to top button