Երկրորդ շնչառություն

60 տարի միասին. երկար ու առողջ կյանքի բանաձևը՝ հաշտ ու համերաշխ ընտանիքն ու խաղաղ կյանքը․ «Երկրորդ շնչառություն»

60 տարի միասին. անհավատալի է, բայց 88-ամյա Էմմայի ու Ռոբերտի ընտանիքում երբեք վեճ չի եղել, ոչ էլ անախորժություն: Իրար ճանաչում են դեռ դպրոցական տարիներից, երբ տան հարցը լուծվել է, հարսնախոս են գնացել ու բերել աշխատասեր աղջկան: Սերն ու կապվածությունը ավելացել ու ամրապնդվել են տասնամյակների ընթացքում, այսօր արդեն հացի են նստում մեծ գերդաստանով, երկու զավակներով, 6 թոռներով, որ հերթով նոր ընտանիքներ են կազմում, և մեծերին հույս են ներշնչում, որ շուտով ծոռներն էլ կունենան:  

«Մենք չենք սիրահարվել ոնց որ հիմա են անում, ուղղակի որպես լավ ընտանիքի տղա, մտերմացել ենք ու ամուսնացել: Մենք իրար հետ միշտ համաձայն ենք եղել մինչ հիմա էլ, մեր միջև որևէ խնդիր չի եղել, դժվար հարցեր էլ մեր կյանքում չեն եղել»,-հավաստիացնում է տիկին Էմման:

Երջանկության առանձնահատուկ բանաձևեր չունեն, ամեն մեկն իր տեղում է եղել ու մնացել: Ավարտելուց երկու ամիս անց շինարարության ինժեներ Ռոբերտը սկսել է աշխատել մինչև 80 տարեկանը, այսօր էլ հողամասը մշակելով է զբաղված, իսկ կինը միշտ թխել է ու սպասել, զբաղվել տնային գործերով ու երեխաներով, նաև տան գումարն է տնօրինել: Տիկին Էմման մի քանի անգամ հատուկ շեշտում է՝ առևտուրը ես եմ արել, երախտագիտությամբ է հիշում սկեսուրին, որ մինչև 80 տարեկան շերեփը վայր չի դրել, երեխաների դաստիարակության հարցում էլ մեծ ներդրում ունի:

Ամուսինները համոզված են, որ համերաշխ ընտանիքի հիմնական գաղտնիքը խաղաղ ու անվեճ առօրյան է: Այս զույգի համար անգամ կորոնավիրուսը խնդիր չի հարուցել, իսկ փոքր հիվանդությունները միասին ու հեշտությամբ հաղթահարում են:

Թոշակի անցնելուց հետո էլ յուրաքանչյուրն իր գործերով ու հետաքրքրություններով է զբաղված, հատուկ իրար համար նախատեսված ժամեր կամ արարողակարգեր չունեն:

«Որպես հայ ընտանիք ես եմ, իհարկե, գլխավորը: Բայց եղել է, որ Էմման ասել է, ես եմ ընդունել, միշտ համակարծիք ենք եղել: Երազում եմ թոռներս երջանիկ լինեն, ժամամակին ամուսնանան, ծոռ ունենանք, սիրենք»,- ասում է Ռոբերտը ու լսում իրեն համաչափ շարունակող ու ճիշտ նույն երազանքը փայփայող կողակցին. «Ես էլ շատ ուզում ծոռ ունենալ, բայց չգիտեմ, թե ինչու է հապաղում, Արսենը, գուցե հույսներս Ռոբերտի ու Հասմիկի վրա դնենք, նրանք շուտով կամուսնանան, մեզ նման թող անեն, ամուսնացանք ու նույն տարի երեխա ունեցանք»:

Երիտասարդները, ըստ ամուսինների, այսօր բոլորովին այլ մտածելակերպ ունեն, ամեն մեկն իր ասածն է առաջ տանում, ով ինչ ուզում անում է, իրար հաշվի չեն առնում: «Ամուսինները պետք է իրար հասկանան, եթե մեկը մի բան է ուզում, մյուսը չպետք է դեմ կանգնի ու ասի, չէ: Այդպես էլ հաշտ ու համերաշխ կյանքն անցնում է երջանիկ»,-բացատրում է տիկին Էմման: Իսկ ամուսինն ավելացնում է մեզ ոչինչ չի բարկացնում, մենք կյանքը հանգիստ ենք տանում, ինչո՞ւ պիտի բարկանանք:

Միայն մի բան է փոխվել. տարիների հետ, օրեցօր 60-ամյա զույգից յուրաքանչյուրը մյուսի հանդեպ ավելի գորովալից և փայփայող են դառնում։

Back to top button