
ԱՄՆ սատարում է «Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ներառյալ Հայաստանի՝ իր արտաքին քաղաքականությունը և հարաբերությունները որոշելու իրավունքը», — «Ազատությանը» տված բացառիկ մեկնաբանության մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։
«Մենք տեղյակ ենք Հայաստանի քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումների մասին։ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր ղեկավարությունն ու կառուցել իր ապագան», — ասել է նա։
Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև ընդգծել է Երևանի ու Վաշինգտոնի միջև խորացող հարաբերությունների և TRIPP նախագծի կարևորությունը, որի մասին համաձայնագիրն ստորագրել են ԱՄՆ եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
«Ինչպես ցույց է տալիս պետքարտուղարի վերջին այցը Երևան, TRIPP-ը առանցքային և երկարաժամկետ նշանակություն ունի Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու գործում»,- ասել է նա ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանին։




