ԿարևորՀասարակություն

Օրը՝ կարճ․ 16․02․2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ` Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել: Նախարարի խոսքերն է մեջբերել ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Սա ոչ միայն Հայաստան-ԵՄ Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Մենք համատեղ աշխատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով նոր շոշափելի արդյունքներ գրանցելու համար»,- ասել է Միրզոյանը:

Ամիսներ շարունակ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետական ու հասարակական կառույցներից տարատեսակ հումանիտար ու սոցիալական աջակցություններ են ստանում: Չնայած այդ ամենին՝առաջնային են մնում առողջապահական, զբաղվածության, նյութական խնդիրները:

Սոցապնախարարության տվյալներով մինչ օրս հաջողվել է աշխատանքի տեղավորել շուրջ 1000  բռնի տեղահանված անձի: Իրավապաշտպան կառույցների գնահատմամբ՝ սոցիալական ոլորտի ծառայությունների հասանելիությունը շարունակում է մտահոգիչ մնալ:

Արդեն երկու ամիս է Երևանում  գործում  է «Թուռնավ հաց. Բադարա»  արտադրամասը: Այն ապահովում է 5 աշխատատեղ: Արցախից են աշխատակիցները: Ռադիոլուրի թղթակից Անի Մանգասարյանն  այցելել է հացի արտադրամաս, ծանոթացել փռի գործունեությանն ու զրուցել աշխատակիցների հետ:

Երևանում փայտ ձեռք բերելն  ու թոնրի հաց թխելն  այնքան էլ  հեշտ գործ չէ: Իսկ առանց ծխի ու մրի՝  էլ ի՞նչ թուռնավ հաց: Արցախյան ավանդական թոնրի հացի առանձնահատկությունը հենց սա է, որն արդեն  տարիներ շարունակ պահպանում  է պատարացի երիտասարդ Արսեն Թևոսյանը: Դեռ 80-ականներին հացի արտադրանքով զբաղվել են տատն ու պապը,  հետո գործը  շարունակել են ծնողները, մատնաքաշ են թխել: 

https://www.facebook.com/armradio.am/videos/1079136203344169

Ազատոճային ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում 1 րոպե 28 վայրկյանում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել ԵԱ եզրափակիչ, հայտնում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից:

https://www.facebook.com/wrestlingArm/videos/261433026995471

Այսօր հակակոռուպցիոն դատարանը տնային կալանքի է ենթարկեց Էկոնոմիկայի  արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին։ 3 տարի ու մի քանի ամիս պաշտոնավարած նախարարը ընդամենը 2 օր առաջ էր հրաժարական ներկայացրել։ Քերոբյանի հրաժարականին նախորդել էին նախարարության պաշտոնյաների դեմ հարուցված քրեական վարույթները։

Վահան Քերոբյանն այսօր հակակոռուպցիոն դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում ասել է՝ մեղադրանքը չի ընդունում, գործընթացում էլ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Նախկին նախարարին քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» կետով։

Թուրքիան ու Վրաստանը պարտավոր են Հայաստանին անվճար ծովեզերք տրամադրել՝ տարանցումներ իրականացնելու համար, պնդում է տնտեսագետը, հուշելով նաև, որ անհրաժեշտ է մի քանի կարևոր կոնվենցիաներ վավերացնել։ Թուրքիայի ու Վաստանի արտգործնախարարները հայտարարում են մարտին կայանալիք Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին, որի շրջանակներում քննարկվելու է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և «Միջին միջանցքի» հարցերը։ Վերջինը ուշագրավ է Հայաստանի համար, քանի որ դրան միանալու առաջարկ կա։

Մինչ առաջին մարդը ոտք կդնի Մարս մոլորակի վրա, պետք է մանրամասն փորձարկել գործընթացը: Ավստրիական տիեզերական ֆորումը պատրաստվում է այդ առաքելությանը՝ Մարսի վրա մարդու առաջին այցելության սիմուլիացիան իրականացնելով: AMADEE-24 անունով սիմուլացիան անցկացվելու է Հայաստանում՝ 2024թ. մարտի 5-ից ապրիլի 5-ը։ Մեր երկիրը Մարսի աշխարհագրական երկվորյակ է ընտրվել իր լեռնային բարձր գոտիների շնորհիվ: Գործընթացին ներգրավվելու և աջակցելու է շուրջ 250 միջազգային հետազոտող: Գիտափորձեր են առաջարկել նաև Հայաստանի գիտահետազոտական կառույցները։ Դրանցից մի քանիսի մասին է պատմում այս հոդվածը։

Փետրվարի 14-ին և15-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի համանախագահությամբ Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը: Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում արձանագրվել են երկու երկրների միջև համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններում հարաբերությունների զարգացմանը միտված պայմանավորվածություններ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ընդունել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ «Մենք աջակցում ենք Իրանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը»,- ասել է Իրանի նախագահը:

Որո՞նք են Իրանից փոխանցվող գլխավոր ուղերձները՝ փորձագետների գնահատմամբ։

Մյունխենում սկսվել է ամենամյա անվտանգության համաժողովը, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում են նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը և  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։ Երկօրյա համաժողովի շրջանակում վարչապետը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Թե ինչ է նախատեսվում այսօր և վաղը Մյունխենում և ինչ է եղել այս համաժողովի ընթացում նախորդ տարիներին, Լենա Բադեյանն է ամփոփել։

2024 թվականի հունվարից ՊԵԿ-ը Ռուսաստանում աշխատած ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտներին  հարկային պարտավորությունների մասն ծանուցումներ է ուղարկում։ «Ռադիոլուրի» զրուցակիցը նույնպես նման ծանուցում է ստացել։ Դեռ փորձում է հասկանալ, թե ինչու պետք է 110 հազար դրամ վճարի։

Պետական եկամուտների կոմիտեից արձագանքում են՝ այլ երկրներում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտի վերաբերյալ կարգավորումները նոր չեն: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով:

Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում, հայտնել են ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունից։

«Այս տարվա փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկության բուժաշխատողները, շտապօգնության խումբ է կանչվել»,-ասված է հաղորդագրության մեջ։

«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,-ասվում է հաղորդագրությունում։

Նավալնին 19 տարվա ազատազրկման էր դատապարտվել։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով «արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիներին հարկելու» թեմայով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումները, անհրաժեշտ է համարում հայտնել, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն:

«Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով:

Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները: Իսկ եթե Հայաստանում առաջանում է վճարման ենթակա եկամտային հարկ, ապա նրանք պարտավոր են ինքնուրույն հաշվարկել այն և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը, բացառապես էլեկտրոնային եղանակով, հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ:

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև հարկային օրենսդրության պահպանման և այդ բնագավառում խախտումների դեմ պայքարի հարցերով համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները Աստանա քաղաքում 2018 թվականի նոյեմբերի 2-ին կնքել են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետությունում վավերացվել է 2020 թ. փետրվարի 12-ին:

Կարդացեք նաև

Back to top button