
Արդեն երկու ամիս է Երևանում գործում է «Թուռնավ հաց. Բադարա» արտադրամասը: Այն ապահովում է 5 աշխատատեղ: Արցախից են աշխատակիցները: Ռադիոլուրի թղթակից Անի Մանգասարյանն այցելել է հացի արտադրամաս, ծանոթացել փռի գործունեությանն ու զրուցել աշխատակիցների հետ:
Երևանում փայտ ձեռք բերելն ու թոնրի հաց թխելն այնքան էլ հեշտ գործ չէ: Իսկ առանց ծխի ու մրի՝ էլ ի՞նչ թուռնավ հաց: Արցախյան ավանդական թոնրի հացի առանձնահատկությունը հենց սա է, որն արդեն տարիներ շարունակ պահպանում է պատարացի երիտասարդ Արսեն Թևոսյանը: Դեռ 80-ականներին հացի արտադրանքով զբաղվել են տատն ու պապը, հետո գործը շարունակել են ծնողները, մատնաքաշ են թխել:
Անի Մանգասարյան
«Ռադիոլուր»
«Փուռը մերն էեղել: Շարժման օրերին փակվել է, հետո վերաբացել ենք, երկու տարի աշխատել և փոխանցել իրենց, Արսենի հայրը՝ Հակոբն է շարունակել: Ես գնդեր էի անում, հացն էի դասավորում…»:
Այսօր էլ Սենյորա տատիկը թոռների կողքին է. հացի վաճառքով է զբաղվում, օգնում աշխատակիցներին: Պատարայում «Թուռնավ հացի» փուռը գործել է 2016 թվականից:

«Սովետի տարիներին իրենք աշխատել են, հետո 90-ականներին փակել: Պատերազմից հետո՝ 2006 թվականին փուռը բացվել է, մատնաքաշ էին թխում, իսկ 2016 թվականից արդեն թոնրի հաց սկսեցինք թխել: 10 աշխատատեղ ունեինք, հիմնականում մատակարարում էինք Ստեփանակերտ: Բլոկադայի օրերին աշխատել ենք, սեպտեմբերի 19-ի առավոտյան էլ էինք աշխատում, երբ սկսվեց պատերազմը…»:
Պատարայից ոչ մի գործիք, ոչ մի սաքավորում չեն կարողացել բերել: Երևանում գնել են նորը, տարածք են վարձակալել ու 2023 թվականի դեկտեմբերի վերջին գործի անցել: Արդեն երկու ամիս է ինչ թուռնավ հացի բույրը տարածվում է Երևանի թաղամասերից մեկում: Հաճախորդներն սոցցանցերում գոհունակությամբ են կիսվում, տարածում լուսանկարները և անպայման համտեսելու խորհուրդ տալիս:
«Ֆեյսբուքով եմ տեսել ու եկել: Հիշում եմ Նոյեմբերյանում հորաքույրս ոնց էր թոնրի մեջ թխում, ասես հոտը զգացի:
-Քանի՞ հատ եք գնել:
-6 հատ եմ գնել, տանենք ուտենք համը կհասկանանք:
-Մոտի՞կ եք ապրում:
-Չէ, շատ հեռվից եմ եկել, բայց դա կապ չունի»:

Հաճախորդին ժպիտով շարունակողը Ռուզաննա Գրիգորևնան է: Ստեփանակերտցի ռուսաց լեզվի ուսուցչուհին, որը 30 տարվա աշխատանքային փորձ ունի, այսօր գրիչը փոխարինել է մի գործիքով, որի միջոցով հացը հանում է թոնրից:
«Շատ դժվար է մտավոր աշխատանքից հետո անցնել նման ֆիզիկական աշխատանքի, իսկապես դժվար է: Կրակի տաքությունը տալիս է դեմքիդ, ձեռքդ է վառվում, տեսնու՞մ եք հատուկ ձեռնոցներ ենք կրում: Երեկոյան մեջքդ է ցավում, ձեռքդ է ցավում, բայց մենք թխում ենք մեր Արցախյան հացը, որին շատ էինք կարոտել: Երբ դեռ նոր էինք եկել Երևան, ես ամենուր հարցնում էի՝ որտե՞ղ են արցախցիները բացել ինչ-որ խանութներ: Ու միշտ հարցնում էի՝ դուք չե՞ք վաճառում թոնրի հաց կամ կուրկուտ…»:
«Թուռնավ հաց. Բադարա» փռում է աշխատում նաև 40 տարվա մանկավարժ, մանկապարտեզի տնօրեն, ճարտարցի Զոյա Առաքելյանը: Նրանք երկուսն էլ մասնագիտական աշխատանք են փնտրել, բայց… այլընտրանք չկար՝ ասում է.
«Չեմ կարող ասել, որ հեշտ է մանկավարժական գործունեությունը փոխել հացի արտադամասի աշխատանքով: Բայց, քանի որ այլընտրանք չունենք և պետք է մենք այստեղ կարողանանք մեր ինքնությունը պահպանել, ուստի աշխատում ենք: Չեմ ասում, թե դժկամությամբ ենք աշխատում, դժվար աշխատանք է, բայց քանի որ հացի հետ է կապված, իսկ հացը սուրբ է, մենք նվիրվածությամբ ենք աշխատում և այն հավատով, որ շատ շուտով վերադառնալու են մեր դրախտավայրը: Կարոտը խեղդում է, գիշեր-ցերեկ մեր տեսադաշտում մեր տունն է, մեր հայրենիքն է…»:

Հացի փռի մշտական հաճախորդները նաև Արցախից են: Մարդիկ գալիս են իրար իրար տեսնելու ու զրուցելու, մի կտոր պանիր ու հաց են կտրում: Նարսելա տատիկին ամեն օր այստեղ է բերում նաև հարազատ բարբառով հարազատ դարձած մարդկանց հետ զրուցելու ցանկությունը: Տանը ժենգյալով հաց ու թխվածք են պատրաստում, իսկ այստեղ, հաց թխելու գործում, ինչպես ասում են՝ արհեստավարժն ինքն է: Արցախում էլ է հաց թխել: Սիրո՞ւմ եք այս աշխատանքը, հարցնում եմ.
«Չէ, դուր է գալիս, եթե Արցախում լինեի: Գործա էլի, անում ենք, ժամանակը սպառում»:
Արսեն Թևոսյանը պատմում է, որ մոտ երկու ամիս է տևել աշխատակազմ ձևավորելն ու սարքավորումներ ձեռք բերելը: Գործից գոհ է: Հացի արտադրամասն ունի 5 աշխատող, բոլորն էլ արցախցի են:
«Ինձ այսպես ավելի հանգիստ եմ զգում, որ բացել ենք: Ուզում էի, որ տարիների ստեղծածը պահպանեինք: Աշխատակիցները Մարտունու շրջանից են, Ստեփանակերտից: Աշխատող ունենք, որ Բաքվից տեղափոխվել են Արցախ, հիմա էլ՝ Երևան»:

«Թուռնավ հաց. Բադարա» փռի աշխատանքները համակարգում են Արսենն ու եղբայրը՝ Մհերը: Համագործկցում են խանութների, ռեստորանների հետ: Եթե պահանջարկը մեծանա մեկ այլ վայրում ևս փուռ կբացեն:




