ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հարկել, բայց իրազեկելուց հետո․ աշխատանքային միգրանտների հին ու նոր խնդիրները

2024 թվականի հունվարից ՊԵԿ-ը Ռուսաստանում աշխատած ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտներին  հարկային պարտավորությունների մասն ծանուցումներ է ուղարկում։ «Ռադիոլուրի» զրուցակիցը նույնպես նման ծանուցում է ստացել։ Դեռ փորձում է հասկանալ, թե ինչու պետք է 110 հազար դրամ վճարի։

Պետական եկամուտների կոմիտեից արձագանքում են՝ այլ երկրներում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտի վերաբերյալ կարգավորումները նոր չեն: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով:

Կամ ունենալ ֆինանսական բավարար գիտելիքներ կամ հաշվապահ՝ ՌԴ-ում աշխատանքային պայմանագրով աշխատելուց ու արտագնա աշխատանքից վերադառանլուց հետո տույժ-տուգանքներ չունենալու համար։ «Ռադիոլուրի» զրուցակիցը երկու տարի առաջ է մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Վերադառնալուց մոտ 1․5 տարի հետո, այս տարեսկզբին ՊԵԿ-ից ծանուցում է ստացել։

«2022 թվականի մարտի 9-ին գնացել եմ ՌԴ արտագնա աշխատանքի։ Նույն թվականի օգոստոսի 25-ին վերադարձել եմ։ Մոտ մեկ ամիս առաջ ՊԵԿ-ից ինձ նամակ է եկել, որ ես ՌԴ-ում եմ գտնվել 183 օրից պակաս։ Հարկի հետ կապված վրաս տույժ կա։ ՌԴ-ում ես օրինական, գրանցված աշխատող եմ եղել։ 6․4-ով ռուբլու կուրսը հաշվել են, ու ես երկու տարի հետո նոր նամակ եմ ստացել, որ 110 հազար դրամ պետք է վճարեմ»։

Մոտ 500 նմանատիպ ծանուցման մասին ահազանգ արդեն ստացել են միգրանտների խնդիրներով զբաղվող «Հայկական Կարիտաս» ՀԿ-ում։ Սկսել են ուսումնասիրել խնդիրը։ Պարզվել է, որ ԱՊՀ կառավարությունները 2018 թ․-ին Աստանայում մի համաձայնագիր են կնքել, որով էլեկտրոնային եղանակով հարկային տեղեկություններ են փոխանցվում կազմակերպության անդամ երկրներին։ Հայաստանն արձանագրությունը վավերացրել է 2020 թ․-ի փետրվարին։ Հենց այդ արձանագրության շրջանակում էլ ՊԵԿ-ը ստացել է ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկատվությունը և սկսել է գումարային պահանջներ ներկայացնել։

Աշխատանքային միգրանտները, որոնք ՌԴ-ում 2022 թ աշխատել են օրինական աշխատանքային պայմանագրերով, և նրանց համար վճարվել են հարկեր, ՀՀ հարկային օրենսգքրի 25-րդ հոդվածի համաձայն, համարվում են հարկային ռեզիդենտներ Հայաստանում, քանի որ տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվել են երկրում։ Նույն օրենսգքրի 147-րդ հոդվածի համաձայն նրանք հարկվում են նվազեցվող եկամուտների դրական տարբերությամբ՝ բացատրում է «Հայկական Կարիտաս»-ի միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը․

«Մենք տեղյակ էինք, որ եթե անձը հարկային ռեզիդենտ է ՀՀ-ում, ՀՀ-ում է 183 և ավելի օր, անկախ նրանից ՀՀ-ում թե ՀՀ-ից դուրս է աշխատել, հարկային ռեզիդենտ է ՀՀ-ում»։

Հայաստանի աշխատանքային միգրացիայի հիմնական հոսքը դեպի Ռուսաստան է։ Ուստի հենց այդ երկիր արտագնա աշխատանքի մեկնողներն են ծանուցումներ ստանում։

«Եթե անձը ռեզիդենտ է ՌԴ-ում՝ 183 և ավելի օր գտնվել է ՌԴ-ում, ապա վճարում է 13 տոկոս եկամտահարկ։Եթե դրանից քիչ՝  30 տոկոս։ Այստեղ հարց էր առաջացել ինչպե՞ս է եղել, որ անձը ռեզիդենտ է եղել ՀՀ-ում, բայց ՌԴ-ում նրա համար գանձվել է ռեզիդենտի հարկ, ինչն էլ այս խնդիրն է առաջացրել։ Մեր քաղաքացիներից 30 տոկոսի փոխարեն 13 տոկոս է գանձնվել։ Իսկ քանի որ ՀՀ-ում եկամտահարկը ավելի բարձր է, քան 13 տոկոսը, 2022-ին 21 տոկոս էր, տարբերությունը 8 տոկոսի չափով, հաշվարկել են որպես հարկային խախտում»։

Քաղաքացիները նաև տույժերի են ենթարկվել յուրաքնաչյուր չվճարված օրվա համար՝ 0․004 տոկոսի չափով։ Պարզվել է, որ խնդիրը ԵԱՏՄ համաձայանգրի մեջ է, որով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներից, եթե կնքվում է աշխատանքային պայմանագիր երկրների տարածքում, սկսում է միանգամից գանձվել 13 տոկոս։

«Եթե անձը հարկային տարվա ավարտից հետո է դուրս գալիս, հնարավոր է լինում, վերահաշվարկ կատարել,17 տոկոսը գանձել։ Բայց, եթե հարկային տարվա ընթացքում է դուրս գալիս գործատուի մոտից, գործատուն հնարավորություն չունի ճշտել՝ այդ անձը նաև երկրի տարածքն է լքել, թե միայն խզել է աշխատանքային պայմանագիրը»։

ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են աշխատանքային պայմանագիր կնքել որևէ մարզում, այնտեղ աշխատել 100 օր, դադարեցնել պայմանագիրը, մեկնել մեկ այլ մարզ ու նորից աշխատել։ Այս ընթացքում գործատուն չի կարող տեղեկանալ՝ իր հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցրած անձը ՌԴ-ում է, թե ոչ։ Հաջորդ տարեվերջին, երբ ՌԴ հարկային մարմինները ՀՀ հարկային մարմիններին են ներկայացնում ՀՀ քաղաքացիների եկմատային հարկի մասին տվյալները, ՀՀ ՊԵԿ-ը սահմանահատումների օրերով կարողանում է որոշել՝ անձը ՀՀ-ում ռեզիդենտ է եղել, թե ոչ։ ՊԵԿ-ն առաջարկում է հարկերը հաշվարկելու և վճարելու համար  կատարելու հետևյալ գործողությունները․

«Ստանալ հարկ վճարողի հաշվառման համար։ Յուրաքանչյուր աշխատանքային միգրանտ, որը չգիտի, թե քանի օր է աշխատելու ՌԴ-ում, կարող է իր պայմանագիրը անկախ իր կամքից դադարեցվի 176-րդ օրը, և ինքը ստիպված լինի ՀՀ վերադառանալ, պետք է ՀՎՎՀ ունենա։ Կնքի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով հարկային մամին ներկայացնելու պայմանագիր։ Աշխատանքային միգրանտների 99 տոկոսը գաղափար չունի՝ ինչի մասին է խոսքը։ Սա նշանակում է, որ պետք է հաշվապահ ունենա։ Բացառապես էլեկտորնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2022թ եկամտային հարկի ու սոց․ վճարի տարեկան հաշվարկը՝ լրացնելոց 163 ձևը»։

Կմեկնի՞ այսուհետ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը Ռուսաստան՝ աշխատելու․ «Ու՞մ համար գնամ աշխատանքի, եթե պետք է գնամ-գամ, տույժ գա, որ իմ աշխատանքի դիմաց տոկոսներ վճարեմ։ Աշխատանքիս կեսն էլ բերեմ ստեղ,պետությանը վճարեմ, իհարկե, չեմ գնա»։

Միգրացիոն հարցերով փորձագետը ևս մեկ հետաքրքիր վիճակագրություն է ներկայացնում․ աշխատանքային միգրանտների 65 տոկոսից ավելին լավագույն դեպքում ունի միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն։ Քիչ չեն նաև պարզապես հիմնական կամ տարրական կրթություն ունեցողները։ ՌԴ-ում միգրանտները հիմնականում ներգրավված են շինարարության ու ծառայությունների ոլորտներում։

ՊԵԿ-ի արձագանքը չուշացավ․ պարզաբանում են՝ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով:

Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները: Իսկ, եթե Հայաստանում առաջանում է վճարման ենթակա եկամտային հարկ, ապա նրանք պարտավոր են ինքնուրույն հաշվարկել այն և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը, բա­ցա­ռա­պես էլեկ­տրո­­նա­­յին եղա­նակով, հարկային մար­մին ներ­կա­յացնել եկամտային հարկի տարեկան հաշ­վար­կ:

ՊԵԿ-ը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանուցումներ է ուղարկել ՀՀ հարկային օրենսդրության համաձայն հարկեր հաշվարկելու և վճարելու պարտականություն ունեցող քաղաքացիներին՝ զերծ մնալով կոշտ վարչարարությունից: Միաժամանակ, Կոմիտեն պատրաստակամություն է հայտնում, մեղմ վարչարարության շրջանակում, թեմայի շուրջ քննարկումներ ծավալել հարկային օրենսդրության կարգավորումների մասով:

Կարդացեք նաև

Back to top button