

Քաղաքապետարանը որոշել է վերանայել տրանսպորտի սակագնի թանկացում ենթադրող նախագիծը։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ դիմել է քաղաքապետին հարցն ավագանու առաջիկա նիստի օրակարգից հանելու առաջարկով։ Քաղաքային իշխանությունն այս նախագծով նախատեսում էր մայրաքաղաքում տոմսային համակարգ ներդնել և նոր սակագներ սահմանել։ Ավագանու ընդդիմադիր անդամները հայտարարում էին՝ թույլ չեն տալու թանկացնել տրանսպորտը։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն անգամ զգուշացնում էր՝ ինչպես 11 տարի առաջ, հիմա էլ կդիմեն անհնազանդության ակցիաների։ Բանը սակայն դրան չհասավ։

Որքան շատ է խոսվում ոստիկանության բարեփոխումների մասին, այնքան հանրությունն ավելի շատ է ականատես լինում ոստիկանների ոչ իրավաչափ վարքագծին՝ արձանագրում են իրավապաշտպանները՝ մատնանշելով 2023-ի աղաղակող դեպքերն, օրինակ, փաստաբանների նկատմամբ:
Ինչո՞ւ չի ստացվում բարեփոխել համակարգը, ինչո՞ւ են շարունակվում բռնությունների ու խոշտանգումների դեպքերը ոստիկանների կողմից: Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկմանը՝ «Մարդու իրավունքների վիճակը Ոստիկանության բարեփոխումների համատեքստում» թեմայով, անդրադարձ է եղել ոլորտի խնդիրներին:

Հայաստանը կողմ է Բրյուսելում եռակողմ բանակցությունների վերսկսմանը, բայց բանակցությունները վերսկսելու վերաբերյալ այս պահին որևէ հստակություն չկա։
ԱԺ ճեպազրույցներում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները նշել են՝ հստակ չէ, թե որքանով է իրատեսական ձևաչափի վերականգնումն ու դրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համաձայնությունը: Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններից հետո Հայաստանի խորհրդարանական ուժերը գնահատել են բանակցությունները վերասկսելու հավանականությունն ու դրանց՝ Հայաստանի ներկայանալու օրակարգը։

ՌԴ նախագահը Կրեմլում ընդունել է ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնին, երկու ժամ հարցազրույց տվել։ Պուտինը խոսել է ուկրաինական պատերազմի, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների և այլ թեմաների շուրջ։ Արևմտյան լրատվամիջոցները այս հարցազրույցը համարում են սկանդալային։ Բնորոշումները մեկը մյուսից խոսուն են՝ «Պուտինը դասախոսություններ էր կարդում, կատակում և երբեմն գռմռում», «Կառլսոնը ծիծաղեց, լսեց և հետո մի քիչ էլ լսեց», «Պուտինը լիովին կառավարում էր հանդիպումը, զրուցակիցը հազիվ թե խոսք ասաց», «Պուտինն ասաց, որ ԱՄՆ-ի թղթակցին ազատ արձակելու համար կարելի է գործարք կնքել»։
Շրջանավարտներն այլևս գերազանցության մեդալ չեն ստանա։ Նոր փոփոխությամբ՝ սովորողի գերազանց առաջադիմության գրավականը բացառապես ավարտական վկայականն է լինելու։ Կրթության գերատեսչությունում կարծում են, որ մեդալը լրացուցիչ հոգս և սթրես է առաջացնում աշակերտի մոտ։ Մասնագիտական շրջանակներում, սակայն, ոչ բոլորն են այդ կարծիքին։ Ըստ փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ մեդալը խթանում էր հանրակրթությունը, սթրես է այն դպրոցից հանե՛լը։ Կրկնակի սթրես է այն տարվա կեսի՛ն հանելը, ասել է փորձագետը։

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը առաջին անգամ դատարանում ցուցմունք է տվել։ Ողբերգական դեպքից մեկ տարի է անցել։ Դատարական նիստերն անցնում են լարված մթնոլորտում։ Առայսօր հայտնի չէ՝ ինչ է իրականում տեղի ունեցել հրդեհված կացարանում, ովքեր են մեղավորները։
Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են՝ երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) խնամքի նպաստի վճարման գործընթացը մեկնարկել է 2024 թվականի փետրվարի 9-ից:




