ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կդիմի՞ Հայաստանը Հաագայի դատարան

Հայաստանը կողմ է Բրյուսելում եռակողմ բանակցությունների վերսկսմանը, բայց բանակցությունները վերսկսելու վերաբերյալ այս պահին որևէ հստակություն չկա։

ԱԺ ճեպազրույցներում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները նշել են՝ հստակ չէ, թե որքանով է իրատեսական  ձևաչափի վերականգնումն ու դրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համաձայնությունը: Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններից հետո Հայաստանի խորհրդարանական ուժերը գնահատել են բանակցությունները վերասկսելու հավանականությունն ու դրանց՝ Հայաստանի ներկայանալու օրակարգը։

Երևանի ու Բաքվի միջև փաստացի առկախված բանակցությունների պայմաններում Հայաստանի իշխանությունները խուսափում են ուղիղ պատասխանել հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ նախապատրաստվել է հայց ռազմական հանցագործությունների փաստերով Միջազգային քրեական դատարան դիմելու համար։ Նախօրեին Հաագայում Հայաստանի` Հռոմի ստատուտը ստորագրող124-րդ երկրի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումն էր: Հայաստանի ԱԺ-ում դեռ չեն շտապում նշել, թե որն է լինելու այն առաջին հայցը, որով Հայաստանը դիմելու է Հաագայի դատարան։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան

«ՀՀ-ն իր առջև դրել է բոլոր կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկելը։ Թե դրա արդյունքում որ սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի, իրավական հարց է։ Այսինքն՝ որպես այդպիսին նպատակը ձևակերպված չէ որպես անձի դեմ կամ որևէ սուբյեկտի դեմ։ Նպատակը հանցագործությունները պատժելն է։ Սա է մեր քաղաքական նպատակը»։    

Իշխող քաղաքական ուժը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպման  կազմակերպմանը։ Արտահերթ ընտրություններից  առաջ Ադրբեջանի նախագահը հասցրել էր հրաժարվել բանակցային վաշինգտոնյան հարթակից՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ ընդունել է բրյուսելյան ձևաչափով բանակցությունների շարունակությունը։ Հայաստանը դեռ այն ժամանակ էր տվել իր համաձայնությունը։ Սակայն, այս պահի դրությամբ առաջիկա հանդիպման առնչությամբ հստակություն դեռ չկա՝ ասում է խորհրդարանական մեծամասնության քարտուղարը։ Բրյուսելյան ձևաչափի վերականգնման դեպքում Հայաստանը համաձայնեցված երեք սկզբունքների վերահաստատման կարիք չի տեսնում։

«Մեր կողմից հռչակված, նաև համաձայնեցված երեք դրույթները վերահաստատման որևէ կարիք չունեն։ Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումը հայտնել է, այդ դիրքորոշումը համաձայնեցվել է տարբեր ձևաչափերով, և ես կարծում եմ, որ առնվազն կարիք չկա վերադառնալու այդ սկզբունքների վերահաստատմանը։ Մենք խոսում ենք սկզբունքների մասին, որոնք ցանկացած անկախ սուվերեն պետության համար պետք է առաջնային լինեն»։  

Նշված երեք սկզբունքների թվում է թվային հստակ արտացոլմամբ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, սահմանազատումը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիմքով և տրանսպորտային ապաշրջափակումը երկրների ինքնիշխանության ու ճանապարհների նկատմամբ իրավազորության պայմաններով:

Ցանկացած ձևաչափով Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու համար «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ընդգծում է կարևոր նախապայմաններից երկուսը, որոնք,  ըստ նրա,  պետք է տեղ գտնեն Հայաստանի օրակարգում։  

«Կարծես մի պահ խելքի էին եկել և ընդունում էին, որ առանց միջնորդի և երաշխավորի բանակցային գործընթացն անհնար է։ Բայց վերջերս նկատվում են ինչ-որ գործողություններ, որոնցից կարելի է ենթադրել, որ կարծես թե Փաշինյանը նույնիսկ ուզում է դրան համաձայնի․ առանց միջնորդի, առանց երաշխավորի բանակցային գործընթացի, որը ինքնասպանություն է պարզապես։ Մի քանի մակարդակով է բանակցությունը գնում Ադրբեջանի հետ։ Օրինակ, վերջերս տեղի ունեցավ դեմարկացիայի, դելիմիտացիայի միջպետական հանձնաժողովի նիստ։ Այսինքն՝ նույնիսկ այդ «կարմիր գիծը» չկա՝ ՀՀ սուվերեն տարածքից դուրս եկեք, նոր սկսենք։ Ընդ որում՝ եթե մենք խոսում ենք բրյուսելյան հարթակից, պետք է ֆիքսենք, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի վերաբերյալ երևի ամենաազդեցիկ, ամենակարևոր փաստաթուղթը ԵԱՀԿ-ի հրապարակած ուղեցույցն է, որտեղ կարմիր գծով անցնում է, որ անհնար է դեմարկացիա, դելիմիտացիա իրականացնել ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում։ Ի՞նչ կապ ունի,  թե  որ քաղաքում են իրենք բանակցում, եթե հայկական կողմը դա չի անում»։

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ամեն դեպքում կարևոր է համարում բանակցային հնարավոր բոլոր հարթակներում Հայաստանի մասնակցությունը։ Կարծում է, որ դա անհրաժեշտ է Հայաստանի անվտանգության առումով։

«Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, այն կարևոր և գործուն կետերի բացակայությունը այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր» փաստաթղթի մեջ, նաև հատկապես Արցախի հարցի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը, այսինքն՝ հանցավոր կերպով ցեղասպանության իրականացումը, կարծես թե, հետին պլան է որոշ չափով գցում այսօրվա խաղաղության ամբողջ գործընթացը և բերում է այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը Հայաստանի համար որոշակի խաբկանք է հանդիսանում։ Այնուամենայնիվ, այդ հարթակների օգտագործման համար ՀՀ-ն կոնկրետ մեր շահերը պետք է օգտագործի, ոչ թե անընդհատ պարտադրանքի ներքո անընդհատ գնա զիջումների»։

Ակտիվ պայքարից հրաժարված ընդդիմությունը պնդում է, որ չի հրաժարվել իր օրակարգային նպատակներից, բայց դեմ չէ ընդդիմադիր հարթակում տեսնել նոր ուժերի։ Պատրաստ են նաև նրանց հետ համագործակցության՝ ասում է Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ընդդիմադիր դաշտն ազատ է նոր ուժերի համար։

Կարդացեք նաև

Back to top button