
Քաղաքապետարանը որոշել է վերանայել տրանսպորտի սակագնի թանկացում ենթադրող նախագիծը։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ դիմել է քաղաքապետին հարցն ավագանու առաջիկա նիստի օրակարգից հանելու առաջարկով։ Քաղաքային իշխանությունն այս նախագծով նախատեսում էր մայրաքաղաքում տոմսային համակարգ ներդնել և նոր սակագներ սահմանել։ Ավագանու ընդդիմադիր անդամները հայտարարում էին՝ թույլ չեն տալու թանկացնել տրանսպորտը։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն անգամ զգուշացնում էր՝ ինչպես 11 տարի առաջ, հիմա էլ կդիմեն անհնազանդության ակցիաների։ Բանը սակայն դրան չհասավ։
«Բարև ձեզ սիրելի Երևանցիներ, ուրախալի լուր ունեմ բոլորիս համար․ քաղաքային իշխանությունը հետ է կանչել հանրային տրանսպորտի թանկացման վերաբերյալ ավագանու որոշումը»,– ընդամենը մի քանի օր առաջ ավագանու մանդատից զրկված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է facebook-յան ուղիղ եթերով շնորհավորում երևանցիներին, պնդում՝ սա հենց երևանցիների հաղթանակն է։
«Քաղաքային իշխանությունը որոշել էր թանկացներ հանրային տրանսպորտը, ընդ որում սահմանել էր աննախադեպ գներ, այսպիսի գներ ամբողջ աշխարհում չկա»,– ասում էր Հայկ Մարությանը։

Այն, որ հանրային տրանսպորտի նոր սակագներ սահմանող, աղմկահարույց նախագիծը կհանվի ավագանու առաջիկա նիստի օրակարգից, օրվա սկզբին ֆեյսբուքյան գրառմամբ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էր հայտնել՝ վստահեցնելով՝ նախագիծը վերանայելու առիթը կառուցողական քննադատությունն է։
«Խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,– գրել էր Գրիգորյանը։
Հանրային տրանսպորտի թանկացումը հարցեր է առաջացրել նաև Ազգային ժողովում․ քաղաքապետարանի գործընկերներին հարցեր ունեն հենց իշխող ուժի ներկայացուցիչները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ հարցը հավելյալ քննարկումների կարիք ունի։

«Տարբեր հարցեր ու քննադատություններ կան նախագծի հետ կապված, այդ իսկ պատճառով նախագիծն այս պահին հանվել է, առաջարկությունները, դժգոհությունները վստահաբար հաշվի կառնվեն։ Ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, նույնպես հարցեր ու առաջարկություններ ունեմ, կարծում եմ՝ այդ քննարկումները տեղի կունենան նաև մենք գործընկերներով ենք շահագրգիռ, որ հնարավորինս լավ նախագիծ ու հնարավորինս լավ փոփոխություններ լինեն մեր քաղաքի մեր քաղաքացիների համար»։
Քաղաքապետարանը դեռ նախորդ տարի էր խոստացել, որ մայրաքաղաքում տրանսպորտի միասնական տոմսային նոր համակարգ է գործելու։ Թե որքան կարժենա տրանսպորտը, օրեր առաջ հենց Սուրեն Գրիգորյանն էր մանրամասնել․ քաղաքային իշխանության առաջարկած ու այսօր արդեն շրջանառությունից հանված նախագծի համաձայն՝ քաղաքացին1 ուղևորության համար պետք է 260 դրամ վճարեր, մեկ շաբաթվա ընթացքում մինչև 30 անգամ տրանսպորտից օգտվելու համար՝ 5000 դրամ, 1 ամսվա ընթացքում մինչև 60 ուղևորության համար՝ 11 հազար, իսկ 1 տարվա ընթացքում մինչև 1000 անգամ տրանսպորտից օգտվելը քաղաքացիների գրպանին կարժենար 110 հազար դրամ։
«Շատ բարի, լրացուցիչ բեռ է, թող ամսական կամ եռամսակային փաթեթ վերցնեն»,– առաջարկում էր Սուրեն Գրիգորյանը։

Քննադատություններին ու պնդումներին, թե քաղաքային իշխանությունը պատրաստվում է տրանսպորտն աննախադեպ թանկացնել, քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրեր առաջ էր անդրադարձել՝ պնդելով։
«Մենք գերմանական ավտոբուսներ ենք գնել, նոր տրոլեյբուսներ ենք գնել, ավտոբուսների քանակն ենք ավելացրել, այդ բոլորի սպասարկումը Երևան քաղաքի պետբյուջեի վրա նախորդ տարի հավելյալ, եթե չեմ սխալվում, 7 միլիարդ դրամ է արժեցել»։
«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ նախագահ Դավիթ Մելքոնյանն է հակադարձում քաղաքապետին՝ նկատելով՝ մինչև տարեկան շուրջ 75, իսկ մեկ ուղևորափոխադրման դեպքում 175 տոկոս թանկացում ենթադրող նախագիծ մշակելն ու հրապարակելը պետք է խորքային ու մանրամասն ուսումնասիրություն իրականացվեր, հանրությանը համոզիչ բացատրվեր, թե ինչ հաշվարկների հիման վրա է սահմանել նոր գնացուցակը։

«Տրանսպորտային միջոց ձեռք բերելուց առաջ, պետք է հասկանալ դրա բիզնես բաղադրիչը։ Կարելի է շատ–շատ բարձր որակի տրանսպորտային միջոց ձեռք բերել, իհարկե քաղաքացին դա ցանկանում է, բայց արդյոք քաղաքացին պատրաստ է այդքան վճարել։ Կարծում եմ, որ այս մեխանիզմը խնդիրներ կառաջացնի հասարակ քաղաքացիների համար, այսինքն կորուստը շատ մեծ է լինելու։ Եթե ես ձեռք բերեմ ամսական տոմս, որը արժի 11 հազար դրամ և նախատեսված է 60 ուղևորություն, բայց օգտագործեմ 30-40-ը, կհամարեմ, որ բավականին մեծ գումար եմ կորցրել։ Այդ մեկ անգամյա տոմսերը չպետք է մարվեն ամսվա վերջում»,– կարծում է Մելքոնյանը։
Թե հատկապես որ դրույթները կամ սահմանումները կվերանայվեն, կփոփոխվեն արդյոք նախանշված սակագները, առայժմ պարզ չէ։ Քաղաքապետարանը լրացուցիչ մեկնաբանություններ չի տալիս․ նախագիծն առայժմ հանված չէ նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված՝ փետրվարի 13-ի ավագանու հերթական նիստի օրակարգի նախագծից։




