ԿարևորՏնտեսական

Դիվերսիֆիկացիա կա, բայց ոչ բավարար չափով․ ովքե՞ր են ամենաշատ հարկ վճարողները

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գրանդ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա»։ Սրանք 2023 թվականին Հայաստանի երեք ամենախոշոր հարկ վճարած ընկերություններն են։ Հարկատուների ցանկում էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Ավելացել են նաև նոր ընկերություններ։ Առաջին տասնյակում ներառված են էլեկտրոնիկայի ներմուծմամբ ու առևտրով զբաղվող ընկերություններ։ Առաջին տասնյակում նաև երկու առևտրային բանկ է հայտնվել։

ՀՀ հազար խոշոր հարկատուների ցանկը փոխվում է։ Հատկանշական փոփոխություն է տեղի ունեցել հատկապես առաջին տասնյակում։ Այստեղ առաջին անգամ ներառվել է հայ սպառողին քաջ հայտնի «Վայլդբերիզ» ընկերությունը։ Այն վեցերոդ տեղում է։ Առաջին տասնյակում ներառվել են նաև կրկին հայտնի ընկերություններ՝ «Վեստան» ու «ՎԼՎ»–ն։ Առաջին տասնյակում են նաև երկու առևտրային բանկեր։ Այս ընկերությունների՝ ավելի շատ հարկ վճարելը իր բացատրությունն ունի։ ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանը արձանագրում է՝ ֆինանսական ծառայությունների ոլորտում են մեծ ձեռքբերումներ արձանագրվել ․

 «Ռելոկանտներ կան Հայաստանում։ Մի մասը ի հաշիվ նրանց է։ Բոլոր դեպքերում բանկային ոլորտի ու ապահովագրական ընկերությունների ծառայությունները սկսել են ընդլայնվել։ Բացի այդ, նաև առևտրային ոլորտում լուրջ զարգացումներ կան։ «Վայլդբերիզ» ընկերությունը մտնում է առաջին տասնյակի մեջ։ Սա նշանակում է, որ նոր տիպի ծառայությունները՝ օնլայն առևտուրը, սկսել է ավելի մեծ չափով հետաքրքրել մարդկանց»։

Էլեկտրոնիկայի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների՝ հարկային եկամուտների ավելացումն ու վճարած հարկերի ծավալի մեծացումը նաև վերաարատահանմամբ է պայմանավորված՝ արձանագրում են փորձագետները։ Ակտիվությունը գուցե նվազի, բայց՝ ոչ մեծ ծավալով։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 միլիարդ 594 միլիոն դրամ է։

ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ առաջին հարյուրյակում ներառված ընկերությունների վճարած հարկի աճի տեմպը ավելի ցածր է, քան  վերջին հարյուրյակում ներառվածները։ Վերջինների մոտ հարկային վճարորմների աճը մոտ 25, իսկ առաջին հարյուրյակի դեպքում մոտ 10 տոկոս է եղել։ Աճի ապահովումը բաժին է ընկել միջին հարկատուներին՝ արձանագում է տնտեսագետը․

«Ամենախոշոր հարյուրյակի միջին հարկատուն ամենափոքր հարյուրյակի միջին հարկատուից 28 անգամ շատ ավելի հարկ է վճարել։ Այս հարաբերակցությունը վերջին տարիներին նվազում է։ Նույնն է նաև ամենախոշոր ու ամենափոքր տասնյակի դեպքում՝ հարաբերակցությունը 114  է, երբ երկու տարի առաջ 170 էր»։

Ցանկի ընկերությունների 1/3 վճարել են մեկ միլիարդ դրամից ավելի հարկ, 2021–ին նման 200 ընկերություն կար։Կեսից ավելին՝ մոտ 600 ընկերություն, վճարել է 500 մլն դրամը գերազանցող հարկ։ 2023–ին ցանկում ներառվելու համար պետք էր վճարել 324 մլն դրամ։ Մինչդեռ նախորդող տարիներին հնարավոր էր ցանկում ընդգրկվել՝ ավելի քիչ հարկ վճարելով։

«Շահութահարկի մասով՝ ցանկում կա 200 ընկերություն, որոնք վճարել են 200 մլն դրամը գերազանցող շահութահարկ, 300 ընկերություն էլ վճարել է 200 մլն դրամից ավելի եկամտային հարկ»։

2023–ին ավելացել է ուղղակի հարկերի ծավալը։ Սա կարևոր է ՝ ասում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Սրանով է պայմանավորված, թե ում վրա է ընկնում վճարման հիմնական բեռը։ Անուղղակի հարկերի պարագայում հիմնականում հարկերը ներառվում են գնի մեջ։ Ու ըստ էության վճարողը անուղղակի, բայց դառնում է սպառողը։ 2023–ին պատկերը փոխվել է՝ ցանկում ներառված 100–ից ավելի ընկերություն 1 մլրդ դրամից ավելի ուղղակի հարկ են վճարել, մինչդեռ նախկինում մոտ 80 նման ընկերություն կար։

«Ուղղակի հարկերի տեսակարար կշիռը 1/3 է, 2/3–ը՝ անուղղակի հարկերն են։ Մեկ տարի առաջվա համեմատ 5 տոկոսային կետով ավելացել է։ Որոշակի ընդլայնում կա»

Երևանում գրանցված ընկերությունների մասնաբաժինն է ավելացել խոշոր հարկատուների ցանկում։ Եթե 2022–ին խոշոր հարկատուների 75 տոկոսը մայրքաղաքում գրանցված տնտեսվարողներն էին, ապա արդեն 2023–ին՝ դրանց թիվը հասել է 82 տոկոսի։ Սա կենտրոնացվածության ավելի բարձր մակարդակ է խորհրդանշում։ 2019–ին այդ մասնաբաժինը 63 տոկոս էր։ Սա էլ իր բացատրությունն ունի․

«Հատկապես հանքարդյունաբերության ոլորտում խոշոր ընկերությունների վճարած հարկերի մասով նվազում կա։ Այդ ընկերությունները մարզային տեղակայում ունեին։ Ինքաբերաբար, ու նաև այլ գործոններով պայմանավորված, Երևանի մասնաբաժինը ավելանում է»։

2023–ին հազար խոշոր հարկատուները 2022–ի համեմատ 15 տոկոսով ավելի քիչ հարկ են վճարել։ Սա, ըստ ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանի, տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին է խոսում․

«Ֆինանսները վերաբաշխվել են, ըստ էության նաև տնտեսության դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել՝ ինչպես կոնկրետ հարկ վճարողների տեսանկյունից, այնպես էլ՝ հազար խոշոր հարկատուների մոտ ամբողջ գումարը կենտրոնացված չէ։ Նրանք չեն տնօրինում տնտեսությունը։ Ես սա դրական լույսի ներքո եմ դիտարկում»։

Փորձագետը  ոլորտների դիվերսիֆիկացիա նկատում է, բայց ոչ բավարար չափով։

Back to top button