ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մորիսի արվեստով նրան ապրեցնելը մեր նպատակն է․ Էդուարդ Գրիգորյան․ «Կյանքին ասել այո՛»

Էդուարդի և Մորիսի տարիքային տարբերությունը չորս տարի է։ Էդուարդը ծնվել է 1997 թվականին, Մորիսը՝ 2001-ին։ 2019-ին Էդուարդը ավարտեց Հայաստանի գեղարվեստի ակադեմիան, որտեղ նույն թվականին ընդունվեց Մորիսը։ Ընդունվեց ու մի քանի ամիս անց զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Մարտակերտի շրջանում, որտեղ էլ 2020-ի սեպտեմբերի 27-ին դիմավորեց իրեն բաժին հասած պատերազմը։ 2020-ի հոկտեմբերի 29-ը քանդակագործ-նկարիչ Մորիս Գրիգորյանի համար վերջինն էր, զոհվեց Ճարտարում անօդաչուի հարվածից։

«Տասնութ տարեկանում Մորիսը ստեղծել էր այնքան, որ չեն ստեղծում անգամ երկար տարիներ ապրած շատ արվեստագետներ։ Նա անընդհատ աշխատում էր»,- ասում է Էդուարդը։ Մորիսի կարճ կյանքի ստեղծագործական ժառանգությունը ներկայացնելը եղբոր ու ծնողների համար դարձավ նպատակ ու Մորիսից հետո կյանքը իմաստավորելու հնարավորություն։ Պատերազմից հետո Մորիսի աշխատանքները ներկայացվել են տարբեր ցուցահանդեսներում։ Արտմենեջմենտի ոլորտում գործող LIVER ընկերության նախաձեռնությամբ 2022-ին տպագրվեց ժողովածու նվիրված պատերազմում զոհված արվեսագետներին, այստեղ նաև Մորիսի աշխատանքներն են։ Դրանք ամբողջությամբ հետագայում կներկայացվեն Մորիսի տուն-թանգարանում։ «Մորիսի արվեստով իրեն ապրեցնելը մեր նպատակն է»,-ասում է Էդուարդը։

Back to top button