Ազդ անցյալից

Լվացքի հրաշագործ փոշիներից մինչև արդուկի ծառայություններ․հայ տիկնանց սիրելի գովազդները․ «Ազդ անցյալից»

19-րդ դարի ավարտին և 20-ի սկզբից հայկական մամուլի էջերում պարբերաբար հայտնվում էին լվացքին վերաբերող միջոցների գովազդներ. հատուկ օճառներից և փոշիներից սկսած մինչև օսլա-լեղակ և վերջապես լվացքի մեքենա՝  նախ՝ ձեռքի, ապա՝ արդեն էլեկտրական:

Հայկական մամուլի գովազդած լվացքի օճառները բազմազան էին՝ «… սառը ջրում ճերմակեղէն մաքրելու Սապօլ օճառից, որի մեկ կտորը 30 կոպէկ, կէս կտորը՝ 15, մի փաթեթ փոշին 20 կոպեկ էր մինչև «Օճառ Աշէլար կերպասներու աղտերը մաքրելու համար»:

Մի՛ խաբուիք կարգ մը շատախօս շարլաթաններնէն՝ որոնք իբր աղտ  մաքրող կը ծախեն պարզ օճառի կտորներ: Ամէն կողմ փնտռեցէք միայն ԱՇԷԼԱՐ օճառը՝ որ միակ արտադրւթիւնն է գիտականօրէն պատրաստուած յատկապէս հագուստներու աղտերը մաքրելու համար: Կը ծախուին Մարբուճճըլար շուկային մէջ՝ Տեարք Ոսկանեան Եղբարց և Գարապօղոսեան Եղբարց վաճառատունները: Մեծաքանակ գնումներու համար դիմել Սուլթան Համամ, Սեթեան խան թիւ 17-18 Աշոտ Պազպազեանի, որ միակ սեփականատէրն է այս մարքային: Ավետում է Պոլսի  «Ճակատամարտ» 1919 –ին :

Օճառը, որ գործածվել է տեխնիկական նպատակներով, առաջին անգամ ամբողջովին բուսական յուղերից, պատրաստվել է Մարսելում և անունն էլ մնացել է՝ Մարսելյան: Իմիջիայլոց, հերթական Լյուդովիկոսներից մեկը  օրենք էր ընդունել օճառի եփման գործընթացում կենդանական ճարպերի կիրառությունն արգելող: Պատժաձևն էլ՝ արտաքսում Պրովանս նահանգից, որը հենց օճառի արտադրության կենտրոնն էր:

 Լէսիվ տիւ Ժէնին. Ծախքի եւ ժամանակի խնայողութիւն, մաքրութեան կատարելագործութիւն, արագութիւն եւ դիւրութիւն, ճերմակեղէններու եւ այլոց հականեխում: ..Եթէ կ՛ճանչնաք ժամանակի յարգը՝ եթէ կ՛ուզէք խնայել ծախքն ուաշխատութիւնն, եթէ կ՛սիրէք ճշմարիտ ու կատարեալ մաքրութիւնը, փութացէք  գնել  Լէսիվ տիւ Ժէնին, որուն  նման մարդկային հանճարոյն և ոչ մէկ գիւտ, ոչ օճառներն եւ ոչ ուրիշ ո եւ է պատրաստութիւն, կրնան մաքրել աղտերը, ջնջել բիծերն ու միքրոպները ճերմակեղէննրու եւ ամէն տեսակ լաթերու վրայէն: Ահա գործածման եղանակը.

Պէտք է նախ առջի իրիկունւընէ աղտոտ ճերմակեղէնները պաղ ջրոյ մէջ թրջոց դնել: Յաջորդ օրը ջուրն եռացնել կաթսային մէջ եւ  պէտք եղած քանակութեամբ Լէսիվ դնել: Այսինքն՝ երկու կազ թէնէքէի քառորդ քիլօ Լէսիվ: Թրջոց դրուած լաթերը քամելով կաթսային Լէսիվոտ ջրոյն մէջ կէս ժամ եռացնել, յետոյ զանոնք կաթսայէն հանելով գաղջ ջուրի մէջ քիչ մը օճառով աղտոտ մասերը զէթի ընել, վերջն 2 պաղ ջուրէ անցընել եւ  թէ ո ր կ՛ուզուի լեղակէ ալ անցընել: Բոլոր աշխատութիւնք այս գործողութեանց  մէջ կ՛կայանան, բայց պէտք է զգուշանալ կեղծերէն, ճշմարիտ և անխարդախ բաքէթները Լէսիվ տիւ Ժէնի անունը կ՛կրեն: Ընդհանուր  ներկայացուցիչք Արեւելքի Հ. եւ Ա.Սէթեան  եղբարք Թոհաֆճիխան, Ստամբուլ:    

«Բիւզանդիոն»-ը վստահեցնում է, որ  «Լէսիվ տիւ Ժէնին  Եւրոպոյ եւ Ամերիկայի մէջ 100.000.000 քիլօ տարկան սպառում» ուներ:   

 

Կուզէ՞ք մեծ խնայողութիւն մը –Թաշճեան եղբարց Լէսիվ տիւ Ժէնիի աննման փոշին գործածեցէք. Որպէս զի խնայէք ձեր տրամը, ժամանակը, օճառը, ջուրը, փայտը եւ մանաւանդ ազատէք ձեր ճերմակեղէնները շուտ հիննալու անպատեհութենէն: Դարձեալ գործածեցէք սոյն փոշին կերակուրի աղտոտ պնակներ, տախտակ, ապակի, աղտոտ բուրդ եւն, եւն մաքրելու համար: Կեդրոնատեղին է Բերա, Թաշճեան եղբարց եւ Կոսկա Տէմիրճեանի վաճառատունը: Սոյն փոշին կը ծախուի նաեւ թէ՛ Պոլսոյ եւ թէ՛ գիւղերուն  ամէն դեղարաններուն մէջ:

«Հայրենիք»-ը շուտով սկսում է գովազդել լվացքի ճերմակ փոշի, որը բացի կտորեղենից հրաշալի լվանում-մաքրում է հատակը, ամանեղենը, մի խոսքով որևէ աղտոտված բան:

 Ամէն տան համար խիստ կարեւոր խնայողութիւնք ճերմակեղէններու լուացում՝ Լէսիվ Մէնաժէր անուանեալ ճերմակ լուացքի փոշի: Կ՛ուզէք միթէ դիւրութեամբ, մաքրութեամբ և խնայողութեամբ ամէն տեսակ ճերմակեղէնները, բրդեղէնները, սեղանի ու խոհանոցի անոթները, պարզ ու ներկուած տախտակները եւն լուալ ու մաքրել: Ուրեմն գործածեցէք սոյն ճշմարիտ լուացքի նիւթը և որով կատարելապէս պիտի ազատիք երկար յոգնութիւններէ, աւելորդ ծախքերէ ու ժամանակի կորուստէ. Նաև ճերմակեղինաց շուտ հիննալու անպատեհութիւններէ: Փորձեցէք, բաղդատեցէ՛ք ու միշտ պիտի  գործածէք: Ամէն անոնց  որ Մէնաժէր անունով այս անուշահոտ լուացքի նիւթը կ՛գործածեն, ճանչած են անոր արժանիքը և առաւելութիւնները, ուստի զայն գովել  աւելորդ է. Միայն կ՛զգուշացնենք կեղծերէն, որք խիստ շատ են այս պահուս: Պահանջել վերի մարքան բաքէթներու վրայ:

Լվացքի օճառների և փոշիների գովազդների շարքում  «Բիւզանդիոն»-ի էջերում  նաև  գտա  ներկող օճառի մասին ծանուցում ՝ «անգլիական հրաշալի օճառ ՄԷՅԲՕԼ» որ կ՛ներկէ ամէն տեսակ կերպաս, բրդեղէն, բամպակեղէն, մետաքսեղէն, ժանեակներ, ժապաւէններ, փետուրներ և այլն՝ ամէն տեսակ  գեղեցիկ եւ անայլայլելի գոյներով.

… ձեռքերի վրայ բիծ չեն զգեր: Մասնագէտ ըլլալու հարկ չկայ իւրաքանչիւր տան տիրուհի կրնայ ամէն տեսակ առարկայ  ներկել՝ մէկ քանի վայրկեանին և շատ քիչ ծախքով: Իւրաքանչիւր ծրարիկի  մէջ գործածութեան եղանակին համար հրահանգ մը կայ:  Միակ ներկայացուցիչ Թուրքիոյ  համար Մ.Ժէօ. Րօուէլ եւ ընկ. Ատա խան թիւ 14,15 Կալաթա- Կ. Պոլիս:     

  «Մէյբօլ» ֆիրման հետաքրքիր քաղաքականություն է  բանեցրել:

«Ներկին յաջողութիւնն երաշխաւորող գործակալք կ՛խոստանան անյաջողութեան պարագային մէջ ոչ միայն օճառին գինն ետ տալ, այլ նաեւ գնողին հատուցանել ներկուած առարկային արժէքը: Ամէն տեղեկութեանց համար անձամբ  կամ  նամակով դիմել ուղղակի Մ.Ժէօ. Րօուէլ ե ւ ընկ..»: 

Իմիջիայլոց՝ «Հայկական սինէմա» պարբերականում 1925 թվականից զետեղվում էին տարօրինակ ծանուցումներ, տարօրինակ ձեռագրերով:

 Լա Քօնֆիանս, հայ ներկատուն, կը ներկէ ու կը մաքրէ: Նորահաստատ մասնաճիւղ Էմատ էլ Տին Փողոց:  

Ինչ-որ տեղ հասկանալի  է, որ լվացքի փոշիով կամ օճառով կարելի է նաև աման-չաման, հատակ լվանալ ու մաքրել, բայց որ ճերմակեղենի, բրդեղենի լվացման համար նախատեսված նյութով կարելի է նաև վարսերը լվանալ..

 Այս օճառը զերծ վնասակար նիւթերէ, պատրաստուած է զուտ հնդկական ընկոյզի իւղով, ճերմակեղէնի լուացումին համար շատ օգտակար է. Գործածողներն ընդհանրապէս իրենց գոհունակութիւնը յայտնած են: Ուրիշ աճառներու բաղդատմամբ գործածութիւնը կրնայ խնայողական համարուիլ, որովհետեւ  քիչ կը սպառի, լաւագոյն արդիւնք տալով: Առողջաբանական տեսակէտով ալ այս աճառին գործածութիւնը օգտակար է. Գլխի լուացումի ատեն, կ՛արգիլէ հերաթափութիւնը: Գործածութեան եղանակը տպուած է թուրքերէն, հայերէն եւ  յունարէն :  

Թիֆլիսի «Նոր դար»-ը  հասրակությանը ծանուցում  է լվացքի համար  անհրաժեշտ օսլայի և լեղակի մասին:

Կեօլերեան փայլու-օսլայ глянц крахмаль . Ինչպէս չոր, այնպէս և պատրաստի փայլ տալու համար հեղուկ դրութեամբ և նմանապէս Կեօլերեան լեղակ սպիտակեղէնի համար: Իւր նրբութեամբ եւ օգտաւետութեամբ գերազանցում է սոյն տեսակ օտարերկրեայ բոլոր արդիւնքներին: Ծախու  կայ ամեն տեղ բոլոր աւելի նշանաւոր վաճառականների մոտ:  

1909թ. Պոլսի «Հայրենիք»-ը համարներից մեկում մի հետաքրքիր ծանուցում է տպագրում, հրավիրելով օգտվել  արդուկի ծառայություններից նաև աշխատանք գտնել նորաբաց աշխատանոցում:

         Աշխատանոց արդուկի

Այս Չորեքշաբթի (Յուլիս 8) կը բացուի Աշխատանքի Տան առաջին աշխատանոցը, որ մասնաւորապէս թէ կանանց և թէ արանց օսլայով   (քօլա) արդուկելու գործն է: Ջանք չի խնայուած խնամքով և մաքուր գործ ընելու մասնագէտ և ծանօթ վարպետներու ձեռքով: Մեր պաշտոնեան տուներէն պիտի ժողվէ և կրկին վերադարձնէ  գործերը: Գիները շատ չափաւոր են: Աշխատանքի Տան նպատակին  համակիրներուն կոչ կ՛ընենք, որ առաջին իսկ օրէն իսկ իրենց գործերը մեր աշխատանոցին ղրկելով քաջալերէն զայն: Բաւական է ձեր տանը հասցէն ձգէք կամ ղրկէք աշխատանոցը որ կը գտնուի Բերա, Սաղ փողոց, թիւ 6: Մի քանի օրէն կը բացուի ընկերւթեանս Աշխատանքի Տան գրասենեակը գործ հայթայթելու համար անգործ աշխատաւորներուն: Շուտով կը ծանուցանենք մանրամասնութիւնները: Վարչական ժողով:   

Այսքանը  19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայկական  մամուլում լվացքի պարագաների գովազդների մասին:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում  Հայ տպարաններ և  մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button