Գերդաստաններ

Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը․ Տիգրան Շամիրխանյան. «Գերդաստաններ»

Նա դերասան էր և ռեժիսոր, Պատանի հանդիսատեսի թատրոնում առաջին բեմադրության հեղինակն էր և թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, նա ստեղծեց բազմաթիվ բեմադրություններ, գրեց բեմական արվեստի առաջին դասագիրքը, իսկ նրա ծոռը դերասան է և ռեժիսոր, մեծ ընդունելության արժանացած «Տղա՛ս, ու՞ր է Եփրատը» ֆիլմի հեղինակը։

1899 թվականի մայիսի 5-ին՝ Շուշիում, մի աղքատ բանվորի՝ Ավագ Շամիրխանյանի ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը՝ Տիգրանը, որը 21 տարեկանում երկկողմանի ծնողազուրկ դարձավ։ Աստծո կամքովերիտասարդ տղան մեկնեց Թիֆլիս և ընդունվեց Ներսիսյան դպրոց։ Նրա հետ նույն դասարանում էին սովորում հանրահայտ Երվանդ Քոչարը և Անաստաս Միկոյանը։ Երեք ընկերները մինչև վերջ անբաժան էին, քանի որ Ներսիսյան դպրոցում միասին ապրում էին, միասին սովորում, իսկ Երևանում էլ շարունակեցին այդ մտերմությունը՝ մշտապես հետաքրքրված կատարած աշխատանքներով ու ստեղծագործություններով։

1921 թվականին Տիգրանը մեկնեց սովորելու Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում, ապա ընդունվեց Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Երբ վերադարձավ Հայաստան, 1929 թվականին կատարեց իր առաջին ռեժիսորական աշխատանքը, ստեղծեց Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի անդրանիկ ներկայացումը՝ «Պայթյունը», և շուտով դարձավ այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։

1938 թվականն էր, երբ ռեժիսորը գրեց բեմական արվեստի առաջին դասագիրքը։  Դրանից բացի նա դարձավ թատերական գործունեությանը վերաբերող շատ այլ հոդվածների և գրքերի հեղինակ, որոնք մեծ նշանակություն ունեցան դերասաններ և ռեժիսորներ պատրաստելու գործում։ Սկսեց խաղալ ֆիլմերում, մեծ հավանության արժանացավ «Շորն ու Շորշոր»-ում նրա դերակատարումը, իսկ «Հասփուշ»-ում նա աննկարագրելի էր։ Սակայն դերասանը շուտով անցավ բեմադրական աշխատանքի, և նրա շնորհիվ ստեղծվեց դերասանների և ռեժիսորների մի բարձրորակ խումբ։

Տիգրան Շամիրխանյանը դարձավ ժամանակի հայտնի բեմադրությունների հեղինակը՝ «Պայթյուն», «Ինտերվենցիա», «Արշալույսին», «Մեծ բարեկամություն» և այլն։

1940-ական թվականներին, երբ Անաստաս Միկոյանը բարձր պաշտոն էր զբաղեցնում և երբեմն թատրոն էր այցելում, բնականաբար, նրան հետևում էին, իսկ ընկերը, որը մեծ կատակերգու էր և հումորն էլ անսպառ, դիմավորում էր նրան։

Տիգրան Շամիրխանյանի առաջին կինը՝ Սիրանուշ Գեորգևնան, որը Երևանում հայտնի հյուրանոցատեր Գևորգ Խաչատրյանի դուստրն էր, ուներ չեխական ծագում, շատ համակրելի կին էր։ Նա Ռուբենի տատիկի մայրն էր։

Տիգրան Շամիրխանյանի ծոռը՝ լրագրող, սցենարիստ, դերասան, ռեժիսոր Ռուբեն Փաշինյանն ամեն անգամ, երբ տեսնում է այն ժամանակ շատ հայտնի «Օրիենթ» հյուրանոցի ավերակները, ափսոսում է, որ Թիֆլիսում մինչ օրս պահպանվել է նույնանուն և գրեթե նմանատիպ հյուրանոցը, իսկ մեր քաղաքում ՝ոչ։

Ռուբեն Փաշինյանը ավարտում է Երևանի կամերային թատրոնի ստուդիան, հետո աշխատում որպես դերասան։ Դերասանը սկսում է նկարահանել ֆիլմեր այնպես, ինչպես պապը։ Մյուս պապիկին՝ հանրահայտ երաժշտագետ Էդուարդ Փաշինյանին նա նվիրեց «Տղա՛ս, ու՞ր է Եփրատը» ֆիլմը, որը մեծ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից, այն լավագույն նվեր էր երաժշտասեր հանրությանը։ Ֆիլմում Վիգեն Ստեփանյանի յուրօրինակ դերակատարումը շատ համահունչ էր հանրահայտ հերոսի կերպարին։

Մինչ օրս Պատանի հանդիսատեսի թատրոնը չի կրում նրա ստեղծողի, նրա առաջին գեղարվեստական ղեկավարի՝ Տիգրան Շամիրխանյանի անունը։

Back to top button