Մոռացված ֆիլմերի ստվերները

Կինոժապավենը՝ պատմիչ և վավերագիր. «Հայկ» կինոստուդիայի ոդիսականը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

«Փաստավավերգրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա»-ի մասնագետները տարիներ շարունակ լուռ վավերագրում էին այն ամենը, ինչ տեղի էր ունենում հանրության մեջ։ Պատմիչների մագաղաթին փոխարինող կինոխցիկը հազարավոր մետրերի ժապավենների վրա վավերագրում էր պատմական այն բոլոր իրադարձությունները, որոնցից հետագայում պիտի ծնվեին բազմաթիվ վավերագրական ֆիլմեր։

20-րդ դարը հայ մշակույթի պատմության մեջ նշանավորվում է մշակութային ձեռքբերումներով։ Անցյալ դարի 20-ականներին՝ Հայաստանի խորհրդացմանը զուգահեռ, ձևավորվում ու զարգանում էին արվեստի մի քանի ճյուղեր։ Մեծ հաջողություններ էր գրանցում հատկապես կինոարտադրությունը։ Տարիներ շարունակ զարգացող ոլորտն ու գործող կինոստուդիաները, ցավոք, փլուզվեցին խորհրդային երկրի երկաթե վարագույրի հետ։

Անցյալ դարի 90-ականների անհանգիստ տարիներին՝ արդեն շատ դժվարությամբ գոյատևող «Հայֆիլմին» սպասվում էին 2000-ակաների սկզբի փորձությունները։ 2005 թվականին «Հայֆիլմը» մասնավորեցվեց, որից հետո թալանվեց ու մատնվեց անտերության։

«Հայֆիլմի» սեփականաշնորհման գործընթացին զուգահեռ՝ 2002 թվականից, խմորվում էին նաև «Հայկ» փաստավավերագրական ստուդիան վերակառուցելու գաղափարները։ Ավելի քան երկու տասնամյակ անց՝ այս տարվա հուլիսի 14-ին, ՀՀ կառավարության որոշմամբ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը միացվեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

Այդ որոշման դեմ ամիսներ շարունակ պայքարում էին ստուդիայի մասնագետները, որոնց մեջ էր օպերատոր, ռեժիսոր, կինովավերագրող Արմեն Խաչատրյանը։ Նա հայկական կինո է մուտք գործել անցյալ դարի 80-ականներին։ Բազմաթիվ վավերագրական ֆիլմերի հեղինակ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ Ազգային կինոկենտրոնին միացնելու որոշումն էլ ավելի է բարդացնելու առանց այդ էլ բարդ վիճակում գտնվող հայկական վավերագրությունը։   

Արմեն Խաչատրյան

«Կինոստուդիան մի կազմակերպություն է, որտեղ արտադրվում են ֆիլմեր։ Այս միավորմամբ վերանում է կինոարտադրություն ասվածը, որվհետև Ազգային կինոկենտրոնը մի կազմակերպություն է, որը աջակցում է ֆիլմեր նկարահանելուն, բայց չի իրականացնում ֆիլմ արտադրելու գործառույթը։ Ամեն ինչ մի նժարին կենտրոնացնելը միշտ չէ, որ արդյունավետ կարող է լինել»,-ասում է Արմեն Խաչատրյանը։  

Լուսինե Սարգսյան

2006 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է 1923 թվականին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգում։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի տնտեսության մեջ շուկայական հարաբերությունների հաստատմամբ կինոարտադրությանը հատկացվող ֆինանսական ներդրումները եղել են նվազագույն, որի պատճառով կտրուկ կրճատվել է ֆիլմարտադրության ծավալը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Սարգսյանը նշում է, որ նախարարության ենթակայությամբ գործող «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ների միացման արդյունքում նախատեսվում է ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, ինչպես նաև կառավարման արդյունավետության բարձրացում, քանի որ այս քայլով լուծվում են մի քանի համակարգային խնդիրներ:

«Այս որոշումը ընդունվել է` ելնելով հետևյալ տրամաբանությունից. «Հայկ» կինոստուդիան գործում էր պետական աջակցության ներքո։ Այսինքն պետությունը հանդիսանում էր արտադրող։ Հայաստանում համատեղ կինոարտադրությունը իրականացվում է եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, որը որպես միջազգային իրավական ակտ թելադրում է համագործակցություն երկու մասնավոր արտադրողների միջև։ Մեր վավերագրողները լիարժեք համատեղ կինոարտադրություն անելու հնարավորություն չունեին, որովհետև մասնավոր արտադրողը պետության համեմատ ավելի քիչ հնարավորություններ ունի և հենց այդ պատճառով եվրոպացի կինոարտադրողների հետ տեղի չէր ունենում համատեղ արտադրություն, քանի որ եվրոպական մասնավոր ստուդիաները չեն համագործակցում պետական ստուդիաների հետ, հետևաբար, կարիք կար լուծելու միջազգային համագործակցության խնդիրը, որպեսզի մեր վավերագրողները կարողանան այսուհետ ազատ համագործակցեն»,- նշում է Լուսինե Սարգսյանը։

Արմեն Խաչատրյանը, երկարամյա գործունեության փորձից ելնելով, պնդում է, որ մեր օրերում մասնավոր արտադրողի հնարավորությունները խրախուսելը գուցե դրական միտում  է, բայց դրա արդյունքում վերանում է կինոստուդիա ասվածը, որն իր ուսերին էր կրում ապագա ֆիլմի էկրանավորման կազմակերպչական անելիքները, իսկ ռեժիսորներին թույլ էր տալիս զբաղվել միայն ստեղծագործական աշխատանքով։ 

«Ես ներկայացրել եմ նախագիծ, անցել եմ ֆինանսական մրցույթները, կինոկենտրոնը իմ ներկայացրած նախագծին հատկացնում է նախատեսված ֆինանսավորումը, բայց կինոստուդիային բնորոշ մնացած գործառույթները նա այլևս չի իրականացնում»,- ասում է Արմեն Խաչատրյանը։

Լուսինե Սարգսյանը խորհրդային տարիներին կինո մուտք գործած ռեժիսորներից է, չնայած այսօր նա աշխատանքի բերումով համատեղում է նախարարության աշխատակցի և ստեղծագործող անհատի առօրյան, այնուամենայնիվ, նա նույնպես կողմ է ձևավորված կառույցների և այնտեղ գործող ավանդույթների պահպանմանը։ Սակայն այսօրվա մարտահրավերները, երիտասարդ սերնդի կինովավերագրողների եվրոպացի կինոարտադրողների հետ համագործակցության  կաշկանդումը, հիմք հանդիսացան նման որոշմանը։

«Կինոստուդիա ասվածը, այո, ապահովում էր որոշակի ենթակառուցվածքներ․ օրինակ՝ մարդիկ կարող էին գնալ ստուդիա, իրենց մոնտաժային սենյակում մոնտաժել նյութը, կամ ձայնագրել որևիցե մի բան և այլն։ Դա նախկին խորհրդային երկրներում գործող աշխատանքային ֆորմատ էր։ Տվյալ ֆորմատը այսօր ԱՄՆ-ում գործում է մասնավոր կինոարտադրությունում։ Եվրոպական երկրներում գործում են փոքր մասնավոր կինոարտադրողներ։ Մենք անցում ենք կատարում եվրոպական արտադրողների աշխատանքային մոդելին։ Պետականորեն գործող «Հայկ» կինոստոդիայի բյուջեն բավականին փոքր էր։ Այնտեղ արտադրովող մի ֆիլմի ֆինանսավորումը կազմում է յոթ միլիոն դրամ։ Վերակազմավորման արդյունքում, երբ հայտարարվում է վավերագրական կինոնախագծերի մրցույթ և այդ անվանակարգում հանձնաժողովը հաստատում է ներկայացված նախագիծը, ապագա նկարահանվելիք ֆիլմը կարող է ստանալ մինչև քառասուն միլիոն դրամի աջակցություն, ինչի արդյուքնում՝ կարող է վարձակալել տարածք, տեխնիկա և այլն»,- ասում է Լուսին է Սարգսյանը

Չնայած մերօրյա կինոարտադրության առջև ծառացած խնդիրներին, այնուամենայնիվ, ստեղծվում են ֆիլմեր, որոնք հեղինակավոր միջազգային կինոփառատոններում մրցանակների են արժանանում։ Դրա լավագույն օրինակը Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմն է, որը Ամստերդամում անցկացվող վավերագրական կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոնում երկու անվանակարգում միանգամից արժանացավ ՝«Լավագույն ֆիլմ» և «FIPRESCI» մրցանակների։ Երբևէ որևէ ֆիլմ չնկարահանած Շողակաթ Վարդանյանը, չունենալով պրոֆեսիոնալ կրթություն, անձնական ողբերգությունը վերածել է ֆիլմի և հայկական վավերագրական կինոյի պատմությունը հարստացրել հեղինակավոր կինոփառատոնի մրցանակով։

Այս ամենը լսելով ոգևորվեցի և մտածում եմ, որ երբեմն արվեստի լավագույն գործ կարելի է ստեղծել առանց մասնագիտական կրթության ու փորձի, իհարկե ունենալով հետաքրքիր մտածողություն ու հետաքրքիր նյութ։ Համարձակները կարող են փորձել։

Back to top button