ԿարևորՔաղաքական

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով ԵՄ-ին կոչ է անում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել

Եվրոպական խորհրդարանը քվեարկության 491 կողմ, 9 դեմ, 37 ձեռնպահ արդյունքներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձևը՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։

Բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը, ընդգծելով, որ այն միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ խախտում է, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության և ԵՄ-ի միջնորդությամբ ընթացող բանակցություններում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների ակնհայտ խախտում։

Եվրախորհրդարանը հիշեցնում է, որ հարձակումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար մեծ ճգնաժամի համատեքստում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերջին ինը ամիսների շրջափակումից հետո, հիշեցնում է Ադրբեջանին, որ քաղաքացիական բնակչությանը տարածքից հեռացնելու հարկադրանքի կիրառումը կարող է դիտվել որպես արմարդկության դեմ ուղղված հանցագործություն։

Պատգամավորները կոչ են անում անում ԵՄ կառույցներին և անդամ երկրներին անհապաղ առաջարկել անհրաժեշտ օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հոսքի և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի դեմ պայքարելու համար։

Եվրախորհրդարանի անդամները նաև կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի և մարդու իրավունքների խախտումների համար, կոչ է անում հետաքննել ադրբեջանական ուժերի կողմից իրականացված չարաշահումները, որոնք կարող են ռազմական հանցագործություն լինել։

Եվրախորհրդարանը խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթից հետո Լեռնային Ղարաբաղում մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման կապակցությամբ, կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ակունքների հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխումից, պնդում է, որ Ադրբեջանը թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային ժառանգությունը գույքագրելու և ներկայիս վիճակի արձանագրելու համար:

Պատգամավորները նաև վերահաստատում են Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու պահանջը, խորը մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների առնչությամբ, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, նախազգուշացնում են Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրության դեմ և կոչ է անում Թուրքիային հետ պահել իր դաշնակից Ադրբեջանին նման անպատասխանատու գործողություններից։

Բանաձևը կոչ է անում վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները՝ հաշվի առնելով վերջին զարգացումները և երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը։ Պատգամավորները կոչ են անում Հանձնաժողովին արագ վերանայել «ռազմավարական գործընկերությունը» Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտումները։

Back to top button