Գերդաստաններ

Յուրահատուկ ու զգացմունքային հնչերանգների վարպետները. Մանուկյաններ․ «Գերդաստաններ»

Կոնստանտին Մանուկյանը և դուստրը` Նելլին, հանրապետությունում հայտնի են որպես լավագույն ֆլեյտահարներ, իսկ Կոնստանտինի որդին երգեհոնահար, ջութակահար, դաշնակահար և կոմպոզիտոր Հովհաննես Մանուկյանն է։ Նրանց ճանաչում և գնահատում է երաժշտական ողջ հանրությունը։

Կարսի Առաքելոց վանքի երգչախմբում՝ մինչ ցեղասպանությունը, շատերն էին երգում։ Այստեղ հաճախ էր լինում նաև Կոմիտասը, որն ուշադրությամբ լսում էր երգչախմբին, ուղղություն տալիս, իսկ իր երգերի ճիշտ կատարման համար հաճախ էր շնորհակալություն հայտնում ողջ երգչախմբին և երբեմն էլ առանձին մարդկանց։

Մի անգամ էլ նա մոտեցավ Պետրոս Մանուկյանին և ասաց. «Շարունակիր միշտ սիրով և այդպես թեթև ու հանգիստ երգել»։ Պետրոսը շատ հուզված ու ոգևորված տուն եկավ, չէ՞ որ արժանացել էր Մեծն Կոմիտասի վերաբերմունքին։

Մանուկյանների ընտանիքը Ցեղասպանությունից հետո եկավ Հայաստան։ Պետրոս Մանուկյանը Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում պատմություն էր դասավանդում ու այդ տարիներին սիրահարվեց դաշնակահարուհի Նելլիին, հետո ամուսնացավ նրա հետ, երեխաներ ունեցան և երեխաների մեջ էլ արթնացրին սեր դեպի դասական ու հոգևոր երաժշտությունը։

Պետրոսի որդին՝ Կոնստանտինը, մանկության տարիներից սկսած՝ անընդհատ երաժշտություն էր լսում, գրեթե անգիր էր արել տանը գտնվող բոլոր ձայնասկավառակները։ Եվ ահա մի օր ձեռքը վերցրեց մի գործիք, որից արձագանքվում էր մի յուրահատուկ տեմպ ու շատ զգացմունքային հնչերանգ։ Դա աստվածային և հնագույն ֆլեյտան էր։ Պատմում է ինքը՝ Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահար, սոլիստ Կոնստանտին Մանուկյանը։

Կոնստանտինը երաժշտական ասպարեզ մտավ հաստատուն քայլերով։ Սկսեց երաժշտական դպրոցից և հետո ընդունվեց Կոմիտասի անվան կոնսերվատորիան, հետո անցավ մանկավարժական գործունեության՝ Սարաջևի դպրոցում։ Նրան կրթած բազմաթիվ սաներ մեկնեցին արտերկիր, որտեղ տարբեր քաղաքներում այսօր նվագում են ֆլեյտա, ասում է երաժիշտը։

Նելլին դեռ փոքր էր, երբ ծնողները նրա մեջ նկատեցին երաժշտական զարմանալի ընդունակություններ։ 5 տարեկան էր, երբ Մոցարտի մենուետ էր նվագում։ Աղջիկը հաճախեց դաշնամուրի և փայլուն ընդունակություններ ցուցաբերեց։ Իսկ Չայկովսկու անվան դպրոցում՝ դասախոս Նաթելլա Ահարոնյանը նրա համար կանաչ և կայուն մի ճանապարհ բացեց։

Նելլին մանկությունից լսում էր ֆլեյտա և նրան դուր էր գալիս, երբ ֆլեյտայի հետ մեկ ուրիշ գործիք էլ էին նվագում։ Այս համադրության արվեստը սկսեց ավելի շատ հետաքրքրել երիտասարդ ֆլեյտահարին։ Թեպետ ֆլեյտան աղջկա համար այդքան էլ մատչելի գործիք չէր, քանի որ այն հաճախ կարող էր գլխացավ առաջացնել, բայց, այնուամենայնիվ, աղջիկը սիրեց այն և հոր օգնությամբ տիրապետեց գործիքի նրբերանգներին ու կատարողական գաղտնիքներին և հաջողությամբ սկսեց նվագել։

Հովհաննեսի մոտ մանկությունից սկսած, այս երաժշտական միջավայրում մի յուրահատուկ, եթե կարելի է այսպես ասել, ինքնադրսևորման ձև էր մշակվել։ Օրինակ՝ տղան նկարում էր նոտաներ կամ խազանման հորինվածքներ էր անում, որոնց միայն ինքը կարող էր ճանաչել կամ կարդալ։ Պատմում է Նելլին և շարունակում Հովհաննեսը, որը կխոսի նաև իր երգեհոնային աշխարհի մասին։

Նելլին և Հովհաննեսը հաճախ են լինում արտերկրում, նվագում օտարների համար, հիացնում ու զարմացնում նաև հնագույն ֆլեյտայով՝ իրենց ջազային կատարումներով։

Այսօր այս երաժիշտների փոքրիկները, կարծես թե, չեն ուզում զբաղվել այս մասնագիտությամբ, սակայն գուցե տարիներ հետո մի նոր երկնային շնորհ տրվի  գերդաստանի շիվերից մեկին։

Back to top button