ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ամենածանրը՝ երբ անկախ քո կամքից թողնում ես հողը, որտեղ ապրել ես և որտեղ զոհվել են քո ընկերները․ Արթուր Ղազարյան․ «Կյանքին ասել այո՛»

Արթուր Ղազարյանը ծնվել  է 1995 թվականի հունվարի քսանին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ 2016-ին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու ծառայության անցել Կապան քաղաքում։ 2018 թվականին տեղափոխվել է Արցախի Քաշաթաղի շրջան։ Որոտանի զորամասի տանկային վաշտի հրամանատարն էր, զինվորական կոչումը՝  կապիտան։ Կապիտան Ղազարյանի համար 44-օրյա պատերազմից ամենածանրը, որն արձանագրում է, հետևյալն է՝ երբ անկախ քո կամքից թողնում ես հողը, որտեղ ապրել  ես և որտեղ զոհվել են քո ընկերները։ Այսօր հանգիստ չեն տալիս նաև պատերազմի ֆիզիկական վերքերը։ Հոկտեմբերի հինգին թշնամու հետ հանդիպակաց մարտի ժամանակ Արթուրը ստանում է աջ ձեռքի հրազենային և որովայնի բեկորային վնասվածքներ։ Ութ վիրահատություն է տարել։ Ձեռք բերած հաշմանդամության հետևանքով բանակից զորացրվել է, առողջական խնդիրների պատճառով չի կարողանում  նաև այլ աշխատանքի անցնել։

Արթուրն ամուսնացած է, երկրորդ դուստրը պատերազմից հետո է ծնվել։ Վերջերս պարզել են, որ սպասում են նաև երրորդ երեխային։ Ընտանիքի համար երեխան ուրախություն ու կյանքի շարունակության խորհրդանիշ է, բայց նաև պատասխանատվություն։ Արթուրի մեծ ընտանիքը Վեդիում ապրել ու շարունակում է ապրել վարձով։ Նա կարծում է, որ իր զավակներն իրավունք ունեն ապրելու առնվազն սեփական տանիքի տակ։ Բայց առողջությունը երկրին նվիրած նախկին զինվորականի համար բնակարանային խնդիրն անլուծելի է, քանի որ չի աշխատում նաև  կինը՝ Դիաննան, որը պատերազմի ծանր սթրեսների պատճառով տառապում է փսորիազ տեսակի հիվանդությամբ։ Սեփական տանիք ունենալու երազանքը, բազմաթիվ երազանքների նման,  կարող է մնալ օդում, եթե չօգնեն։

Back to top button