Սննդակարգի հետ կապված ճիշտ սովորութային վարքագիծ պետք է ձևավորել միջին տարիքում՝ մինչև 60 տարեկանը, որ ծերությունն առողջ ու ակտիվ լինի:
Սա բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանի մոտեցումն է, նրա կարծիքով, այս կամ այն ուտելիքից հրաժարվելով առողջ ապրելակերպ որդեգրել հնարավոր չէ, ավելի շատ պետք է աշխատել դրական սովորություններ մարզելու ուղղությամբ:
Սննդակարգը պետք է լինի բազմազան և բալանսավորված, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հարկավոր է շաքարի օգտագործումը սահմանափակել աստիճանաբար, որովհետև անմիջապես և կտրուկ հրաժարվելը սովորաբար արդյունավետ չի լինում: «Եթե այս պահին դուք սուրճի մեջ ավելացնում եք 3 թեյի գդալ շաքարավազ, փորձեք 2.5 գդալ ավելացնել, մի քանի ամիս այդպես շարունակեք, որ քիմքը սովորի, հետո դարձրեք 2 թեյի գդալ և այդպես քչացրեք մինչև բացառելը»,- ասում է նա:
Բժշկի խոսքերով, մեր այսօրվա սննդային վարքագիծը գալիս է անցյալից, տատուպապերից, երբ սով ու սննդային այլ սահմանափակումներ տեսած մարդիկ կուտակում էին կամ պահում սնունդը վատ ժամանակների համար: Այսօր էլ դեռ կան մարդիկ, որ ձմեռվա համար կարտոֆիլ ու խնձոր են առնում պարկով ու արկղով, չնայած, որ խանութներում մշտապես կա ամեն ինչ: Բացի դրանից, անցյալում մարդկանց հիմնականում ծանր աշխատանքի համար շատ էներգիա էր հարկավոր, կիլոմետրերով քայլել ու հասնել դաշտին, խոտ հնձել և այլն: Մեր օրերում բոլորը տրանսպորտով, մեքենայով ու վերելակով են տեղափոխվում, հետևաբար, այդքան շատ կալորիաների կարիք չկա:
«Տատիկս մտածում էր, որ ճաշի մեջ պետք է լինի մեծ քանակությամբ ճարպ, քանի որ կարծում էր մարդը տնից դուրս է գալիս, գնալու է երկար ճանապարհ, ծանր ֆիզիկական աշխատանք է անելու և դրա համար պետք է էներգիա, նա չէր կարողանում պատկերացնել, որ տնից դուրս եմ գալիս, մեքենա եմ նստում, վերելակով եմ բարձրանում և ինձ այդքան շատ էներգիա հարկավոր չէ»,- օրինակ է բերում բժիշկը:
Սննդային վարքի սխալ դրսևորումներից մեկն էլ ամեն գնով ափսեն մաքրելն է կամ ստիպել երեխաներին, որ մինչև վերջ ուտեն, հացով ուտեն, շաքարաջուր խմեն և այլն: Դրա պատճառն այն է, որ նախկինում այնքան դժվար են ուտելիքը ճարել, որ ափսոսացել են թափել: «Մենք պետք է հասկանանք այդ ամենը և ըմբռնումով մոտենանք, որ այն ժամանակներն ուրիշ էին և, բնականաբար, դա վարքի վրա մեծ ազդեցություն է թողել»,- բացատրում է բժիշկը՝ նման դրսևորումներից մեկն էլ համարելով տոնական ճոխ սեղանները:
Նա վստահեցնում է, որ չկա ալկոհոլային որևէ խմիչք կամ անգամ փոքր քանակություն, որ կարող է անվտանգ համարվել օրգանիզմի համար: Լ.Այվազյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ քրոնիկ հիվանդությունները դեղորայքով կառավարելի պահելիս այդ դեղամիջոցները լյարդի վրա ավելի քիչ վտանգավոր ազդեցություն ունեն, քան, ասենք, ճարպոտ ու յուղալի սնունդը: Տարեց մարդկանց, հատկապես կանանց, նա առաջարկում է բազմազան դիետաներ պահելիս հաշվի առնել հանգամանքը, որ դա կարող է հանգեցնել օստեպորոզի, ինչը կանխարգելելու համար հարկավոր է ավելի շատ կաթնամթերք օգտագործել: «Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում երկուսից երեք բաժին կաթնամթերք՝ կաթ, կաթնաշոռ, պանիր, մածուն օգտագործել, տարեցների պարագայում ավելի շատ՝ չորս բաժին»,- բացատրում է նա՝ այս ռիսկի գոտում ներառելով նաև 40 տարեկանից բարձր կանանց:
Անդրադառնալով սննդի օգտակարությանը՝ Լ.Այվազյանն առաջարկում է ավելի շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել, քանի որ դրանք պարունակում են բջջանյութ, ինչը դանդաղեցնում է ածխաջրերի ներծծումը, լավացնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար, ինչպես նաև կարող է իր վրա վերցնել խոլեստերինի որոշակի քանակություն:
Սիրտանոթային խնդիրների պարագայում նույնպես խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն ուտելը, ինչը մեր պայմաններում հատկապես ամռան ամիսներին իրատեսական է:
Ձմռան ամիսների համար էլ բժիշկը խորհուրդ է տալիս միրգն ու բանջարեղենը ոչ թե վերամշակել, այլ ուղղակի սառեցնել կամ չորացրած տարբերակից օգտվել՝ մրգային, սմբուկի կամ լոլիկի չրեր: Նա նաև նշեց, որ լոլիկը պղպեղի հետ պահածոյացնելով, ինչը բոլորիս հայտնի լեչոն է, նույնպես ավելորդ ճարպեր չի պարունակում և վնասակար չէ օրգանիզմի համար:




