
…Զարդարանքներ, բրօշկէք, օղեր, շապկի զապօնկէք, մեդալիօններ, բրասլէտներ…
…անհաստատ մազը կը վերահաստատէ, թափածին տէղ նոր մազ կը բուսցնէ …
…Յոյժ չափաւոր գներ…
Վերջերս տեղափոխվել էի 19-րդ դար: Նոր հայտանգործությունների դարաշրջան է: էլ լուսանկարչական ապարատ ու գրամոֆոն, հեռագիր և Մորզեի այբուբեն, լուցկի ու հրազեն, էլեկտրական լամպ և հեռախոս: Մենդելեևը տքնում է պարբերական աղյուսակը ամբողջացնելու համար: Քեմբրիջի, Մասաչուսեթսի համալսարանների և այլ հաստատությունների գիտական լաբորատորիաներում փորձարկումներ են արվում, դրանց արդյունքները ներդրվում են կենցաղում՝ հեշտացնելով մարդկանց առօրյան և շահույթ բերելով գյուտարարների:
Թերթում եմ հայկական մամուլը: Պարզվում է, աշխարհի այս ու այն կողմում կատարված հայտնագործությունները շշալցված կամ փաթեթավորված հայ վաճառականներն արդեն իրացնում են Թիֆլիսի ու Կոստանդնուպոլսի խանութներում: Դե, հայկական թերթերն էլ մի լավ գովադում են դրանք:



Անհավանական հրաշքներ գործող մազերի խնամքի միջոցների գովազդների պակաս ոչ արևմտահայ և ոչ էլ աևելահայ մամուլում չկա: Թե՛ այդ միջոցներ արտադրողները, թե՛ ներկրողները բավական գումար են ծախսել ժամանակին հասարակության մեջ տարածելու շուկայի նորույթները:
Օրինակ՝ Պոլսեցի դեղագործ Սաֆարյան եղբայրներն իրենց ստեղծած Սամփսոն դեղը բնորոշում են որպես «գլխու մազերը, մօրուս եւ պեխեր զօրացնելու, երկարելու եւ նոցա փայլը աւելցնելու, արմատներուն հիւանդութիւնները դարմանելու միջոց»: Կարճ ասած՝ «Աճում, ոյժ եւ երկարումն մազերու…:
***
«Թեփ, քոս, կեղ, ընդհանուր մազերու հիւանդութեանց անմիջական դարման: Ցարդ չէ երեւցած Սամփսոնի նման եզական դիրք վայելող պատրաստութիւն մը: Մէկ շիշ փորձելով կարելի է գուշակել իւր աղեկ հետեւանքները»:
***
Պոլսի «Հայրենիք» թերթը Սաֆարյան եղբայրենի մազերի Սամփսոն դեղի գովազդից մոտ 10 տարի առաջ էլ գովազդել էր մազերի խնամքի մեկ այլ նյութ, այս անգամ ներկրված:
«Այերի Վիկօրը եզական դարման է հերաց ամեն տեսակ դժուարութեանց և սոյն նպատակին համար ծախուած ուրիշ բաղադրութիւններէ առաւել գոհ կընէ գործածողները: Մանաւանդ իգական սեռի գործածութեանը համար անհրաժեշտ է այս, քանզի կառատացնէ ու մետաքսանման փայլուն և կակուղ կընէ գլխու կարծր մազը: Որևէ պատճառաւ գունաթափ եղածը անվրէպ իր նախկին գոյնին կը վերադարձնէ, անհաստատ մազը կը վերահաստատէ, թափածին տէղ նոր մազ կը բուսցնէ եթէ արմատը փճացած չէ (քանզի բնութեան մէջ ոչինչ կարող է մազ բուսցնել երբ արմատը փտած է), գլխու ճերմակ թեփը շուտով կանհետացնէ: Միով բանիւ բնական ու փայլուն մազի առատութեամբ գլխոյն զարդարուելովը՝ գործածողը խիստ վայելչադէմ կերպարարանք կը ստանայ: Մայրաքաղաքիս մէջ և այլ տեղեր բազմաթիւ գործածօղք այսպէս կը վկայեն: Անուշահոտ ջուր մ՛է , շիշը կանաչ թուղթին մէջ ամփոփեալ է. Դեղավաճառք և այլ շատեր կը ծախեն: Այէրի Վիկօրը հարցնել պէտք է Մինասեանի Ամէրիկեան վաճռատունը ի Ղալաթիա Կոստանդնուպոլսոյ»:
***
Այերս և ընկերները հիմնվել է 1860-ականների պրակտիկ և տեսական քիմիայի մասնագետ Դոկտոր Այէրի և ընկերների կողմից, Միչիգանի Լոուել քաղաքում, ԱՄՆ: 1868-ին ընկերությունը պատենտավորում է արտադրանքը, և, փաստորեն, մի քանի տարի անց այն ներկրվում է Կոստանդնուպոլիս: Ի դեպ՝ Սմիթսոնյան թանգարանում՝ Վաշինգթոն, պահվում են Այերի Վիգորի շշերը:



Արդյո՞ք «բնութեան մէջ ոչինչ կարող է մազ բուսցնել, երբ արմատը փտած է»: Հայացք հարցին 150 տարի անց: Մեկնաբանում է մաշկաբան,տրիխոլոգ Գայանե Եղիազարյանը:
-150 տարի առաջ և այսօր այդ միտքը նույնն է: Այսինքն, եթե չկա մազի ֆուլիկուլ, մազը համարվում է մեռած: Իսկ եթե ֆուլիկուլը վնասված է ինչ-որ չափով, այն կարելի է վերականգնել, խթանել մազերի աճը և վերականգնել մազերի որակը: Սակայն այժմ կա մի նոր մեթոդ, որով կարողանում ենք փոխպատվաստել նոր, առողջ մազեր, որոնք վերցնում ենք գլխի հետևի հատվածից: Այդ հատվածում մազերը հորմոնակախյալ չեն: Այսինքն՝ դրանք հետագայում փոխպատվաստումից հետո նորից չեն թափվում:
________________________________
Թիֆլիսում հրատարակվող «Մշակ»-ն էլ 1881-ին սկսեց գովազդել մազեր վերականգնող Մակ- Մաստեր անունով նյութը: Ինչպես Այերի Վիգորը, Մակ-Մաստերն էլ էր խոստանում վերականգնել վարսերի բնական գույնը:
«Մակ-Մաստեր. Մազերն ամրացնող և նրանց բնական գոյնը վերականգնող, շիշը 2ր: Փոստայով 2ր 49 կօպ. Անգլիական խանութի մեջ: Միևնույն տեղը Խինայի յուղ, մազերն ամրացնելու համար, ամանը և վրձին 1ր: Գլխացավի դեմ տուալետի սապօն և հոտավետ ջրեր և այլն»:


Բայց կա՞ մի նյութ, որը վերականգնում է գունաթափ եղած վարսի երբեմնի գույնը առանց ներկի միջամտության: Տրիխոլոգ Գայանե Եղիազարյանի պարզաբանումը:
-Մինչ այսօր դեռ գիտության մեջ չկա այնպիսի մի միջոց, այնպիսի մեթոդ, որով հնարավոր լինի վերականգնել արդեն սպիտակած մազի գույնը, քանի որ սպիտակած մազն արդեն իր մեջ չունի այն պիգմենտը, որով պայմանավորվում է գույնը, այսինքն՝ մելանին: Սակայն հնարավոր է մազերի արագ ճերմակեցումը կանխարգելել: Եթե մենք չունենք ժառանգական նախատրամադրվածություն, մենք կարող են դանդաղեցնել մազերի սպիտակեցումը: Ինչպե՞ս. պահպանելով մելանինի սինթեզը, որի համար պատասխանատու է թիրոզինը՝ նույն պրոպիոնաթթուն: Եվ բացի դրանից, պետք է նաև ինչ-որ չափով հսկենք օրգանիզմում վիտամին B5-ի, B9-ի, B12-ի քանակը:


***
Պոլսի «Հայրենիք»-ն էլ առատորեն գովազդում է «Մոգական ներկը», որի մեծածախ վաճառքը Շիշլիի թրամվայի կայարանի մոտ գտնվող Անգլիական ընդհանուր մթերանոցից էր, Ղալաթիայ:
Սա խոտերի արմատներից և հյութերից պատրաստված մի հրաշք նյութ է, որը ճերմակ կամ կարմիր մազերը անմիջապես վերափոխում է պայծառ շագանակագույնի կամ թունդ սևի:
«Մազերուն ամէնէն բնական երևույթը կու տայ» եւ, անգամ ամենաուշադիր զննողը չի հասկանա, որ այն ներկված է: «Ամէնէն ուշադիր դիտողն ի դերև կը հանէ»: Միայն խնդրանք կա՝ ուշադրությամբ կարդալ գործածման եղանակը.
«Սրվակը երերցնել գործածել է առաջ և փոքր քանակութեամբ հեղուկէն դնել սկավառակի մը մէջ: Բարակ պզտիկ սանրով մը կամ այդ հեղուկին մէջ թրջած սպունգով մը մազերու վրայով անցունել զայն, այնպէս որ ամբողջ մազերը թրջին: Ապա գլուխը բաց պահել, մինչև որ հեղուկը շոգիանայ… Անգամ մը որ ուզածդ գոյնը ձեռք բերուած է, զայն տարիներով պահելու համար կը բաւ է 3-4 շաբաթն անգամ մը հեղուկէն գործածել: Նոյն եղանակը գործածելու է մորուքին և պեխերուն համար:Պէտք չկայ գլուխը լվալ գործածութէնէ առաջ կամ՝ ետքը»:
***
Այսպես, 19-րդ դարի կեսերից շուկայում արդեն կային վարսերի, բեխ ու մորուքի խնամքի պարագաներ, և հայկական թերթերը գովազդում էին դրանք:
Մենք շուտով էլի կհանդիպենք և կշարունակենք ծանոթությունը 19-րդ դարի մամուլի ազդերին, ծանուցումներին և գովազդներին:
Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:






