Գերդաստաններ

Պատմահոր հզոր կոթողից մինչև պուրակային հիասքանչ «Միմինո»․ «Գերդաստաններ»

Հանրահայտ քանդակագործ Երեմ Վարդանյանը հեղինակն է Մատենադարանի դիմաց գտնվող Մովսես Խորենացու հուշարձանի, Գյումրու երկաթուղային կայարանի ճակատային մասի հարթաքանդակների, Ղազարոս Աղայանի և Նելսոն Ստեփանյանի կիսանդրիների, որոնք տեղադրված են նրանց անունները կրող դպրոցների բակում։

Ձախից աջ՝ Երեմ Վարդանյան, Արա Սարգսյան

Նրա որդին՝ Արմենակ Վարդանյանը, հեղինակն է պուրակային  հիանալի աշխատանքների, այդ թվում «Միմինոյի», «Շորն ու Շորշորի»։

Կոմիտաս, 1969, բրոնզ

Երևանում՝ Կարապի լճի  դիմաց գտնվող Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի տեղում, մի առանձնատուն կար, ուր ապրում էր մետաղագործ Սուրեն Վարդանյանը։ Այնուհետև, երբ քանդեցին տունը և սկսեցին Կարապի լճի շինարարությունը, ընտանիքը տեղափոխվեց Վաղարշյան փողոցում գտնվող բնակարանը։ Այստեղ էլ մեծացան արհեստավոր Սուրենի հայտնի քանդակագործ որդին՝ Երեմ Վարդանյանը և թոռը` Արմենակ Վարդանյանը։

Մովսես Խորենացի, 1965, բազալտ, Մատենադարանի առջև

Երեմը հայրիկի հետ մասնակցում էր մետաղագործական աշխատանքներին։ Հայրիկի մտերիմ ընկերներից էր բանաստեղծ Սարմենը, որն ապրում էր Վարդանյանների հարևանությամբ։ Նա էլ խորհուրդ տվեց Երեմին գնալ Պիոներ պալատ և ընդգրկվել նկարչության ու քանդակի խմբակներում։ Հենց բանաստեղծն էլ ուղեկցեց պատանուն այնտեղ։

Մայրություն, 1975, շամոտ, Հայաստանի ազգային պատկերասրահ
                                                                  

Սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և Երեմը մեկնեց ռազմաճակատ, սակայն մտքում միշտ ուսումը շարունակելու փափագն էր։ Ռազմաճակատից վերադառնալուց հետո ուսումը շարունակում է գեղարվեստաթատերական ինստիտուտում։

Երիտասարդ քանդակագործն անընդհատ որոնումների մեջ էր՝ ինչից և ումից պիտի սկսի, ինչպես պիտի շունչ ու ոգի հաղորդի իր քարե կերտվածքներին։ Ահա և 1965 թվականին Մատենադարանի առջև դրված արձանախմբում տեղ գտավ նաև Երեմ Վարդանյանի Մովսես Խորենացին`«Հայոց պատմության» մատյանը կրծքին սեղմած, ողջ վեհությամբ, հավերժության, պատմականության մարմնավորմամբ մի հզոր կոթող։ Հետո ծնվեց «Թորոս Ռոսլին» կոմպոզիցիան։

Նելսոն Ստեփանյանի կիսանդրին Ստեփանակերտում, 1960

1970-ական թվականներին կառուցվում էր Գյումրիի երկաթուղային կայարանը։ Անհրաժեշտ էր հմուտ քանդակագործների ընդգրկել այս աշխատանքում, որոշվել էր ճակատային մասում հարթաքանդակներ կերտել։ Երեմ Վարդանյանը Սարգիս Յուխանյանի հետ գործի անցավ։ Ստեղծվեցին անկրկնելի պատկերներ՝ քանդակագործական վարպետության բարձր արհեստավարժ դրսևորումներով։

Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրը Գյումրիում, 1975 (Ա. Սարգսյան, Ե. Վարդանյան, ճարտ.  Ռ. Եղոյան)

1969 թվականն էր, երբ կյանքից հեռացավ հանրահայտ քանդակագործ Արա Սարգսյանը, որը հայտնի է «Մայր  Հայաստան» մոնումենտալ քանդակով։ Նա այն պատրաստեց գիպսից, բայց նյութի վրա փոխադրել չհասցրեց, այդ աշխատանքը նա վստահեց իր սիրելի աշակերտին՝ Երեմ  Վարդանյանին։

Գյումրու երկաթուղային կայարանի   ճակատամասի «Հաղթանակ» հարթաքանդակ, 1978, տուֆ, (Ե. Վարդանյան, Ս.Յուխանյան, ճարտ.՝ Ռ.Եղոյան)

Երեմ Վարդանյանի Կիևյան 24 հասցեում գտնվող արվեստանոցում հավաքվում էին հայտնի արվեստագետներ՝ նկարիչներ, քանդակագործներ, և այս շրջապատում էր մեծանում Երեմի որդին՝ Արմենակը, որը հաճախ էր առանձնանում արվեստանոցի իր անկյունում ու աշխատում։ Նա հաճախ էր իր գործերը ներկայացնում արվեստանոցում ներկա գտնվող արվեստագետներին, խորհուրդներ վերցնում և կամաց-կամաց բացահայտում իրեն։

2011 թվականին  ծնվեց Արմենակ Վարդանյանի «Միմինոն», որը դրված է Դիլիջանի պուրակներից մեկում։ Այն բարեկամության, ընկերության և համերաշխության մի գեղեցիկ պատմություն է։ Իսկ 2008 թվականին Աբովյան փողոցում դրված «Շորն ու Շորշոր»-ը, որը հիացնում էր անցորդներին, բայց դժբախտ ճակատագիր ունեցավ։ Ցավոք, պատվիրատուն այն տարավ իր պարտեզ ու այնտեղ դրանով ամեն օր հիանում է միայնակ։

Ղազարոս Աղայան, 1955, բրոնզ, բազալտ,  Երևանի համանուն դպրոցի առջև

Մանր պլաստիկա ներկայացնող «Գողգոթան», ուր երկու հրեշտակները խաչի վրայից տանում են անտեսանելի Հիսուսին, հուզիչ է, հավատով լեցուն։ Քանդակագործն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լոզանում, Փարիզում, իսկ 1996 թվականին Դանթեին նվիրված  մրցույթում Ոսկե մեդալի արժանացած «Քավարանի դուռը» և «Դրախտի  դուռը» հարթաքանդակներն այսօր Ռավեննայում են։

Թորոս Ռոսլին, 1965,  տարբերակ Մատենադարանի համար

«Գերդաստանի երրորդ սերնդից Ռուբեն Վարդանյանը դրամագործ է և, ինչպես տեսնում ենք,   պապի մետաղագործական շնորհքը անցել է նրան և զարգացել նոր իմաստությամբ ու ընկալմամբ։

Գերդաստանի 3-րդ և 4-րդ սերնդի ներկայացուցիչների հավաքատեղին ևս արվեստանոցն է։ Այստեղ զրուցում են, քննարկում  իրենց նոր ստեղծվող աշխատանքները և նոր ծրագրեր են կազմում՝ երևի թե մի օր  մեր մեծերին նոր մեկնաբանությամբ ներկայացնալու ակնկալիքով։  

Back to top button