
2022 թվականի սեպտեմբերին Լոնդոնում առաջին անգամ հրատարակվեց Սողոմոն Թեհլիրյանի «Վերհիշումներ․ Թալեաթի ահաբեկումը» հուշագրության անգլերեն թարգմանությունը։
Թարգմանիչը՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի տնօրեն Պետօ Տէմիրճեանը պատմում է նախաձեռնությանն օժանդակած անհատների և կազմակերպությունների, գրքում տեղ գտած նորույթների, Սողոմոն Թեհլիրյանի ընտանիքի ու ազգականների հետ ունեցած հանդիպումների, հայ վրիժառուի կերպարի ու մարդկային որակների, ինչպես նաև մինչև այժմ եղած հրատարակությունների մասին։
Մի քանի անգամ հրատարակված հուշերի գիրքը, որն ընդգրկում է 1915-ից մինչև Սողոմոն Թեհլիրյանի դատավարության՝ 1921 թ․ հունիս ժամանակահատվածի իրադարձությունները, առաջին անգամ է թարգմանվում անգլերեն։ Նախ թարգմանչի՝ Պետօ Տէմիրճեանի և նրա արմատների մասին։
Ի՞նչը մղեց կամ դրդեց ձեռնարկելու մեծ վրիժառուի հուշերը անգլերեն թարգմանելու գործը։
Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, որտեղ ստացել է նաև նախնական կրթությունը։ Ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին։ 1913 թվականին տեղափոխվել է Սերբիա։ Երբ սկսվեց Համաշխարհային առաջին պատերազմը, նա վերադարձավ Հայաստան և մասնակցեց կամավորական շարժմանը։ 1915 թվականին Թեհլիրյան ընտանիքի 83 անդամները նույնպես վերապրեցին Հայոց ցեղասպանությունը։
1921 թվականին «Նեմեսիս» գործողության շրջանակում Թեհլիրյանն առաջադրանք ստացավ վրեժխնդիր լինելու Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակեպիչ Թալեաթ փաշայից։ 1921 թ․ մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբերգ փողոցում նա ի կատար ածեց համայն հայության արդար իղձը՝ գնդակահարելով Թալեաթին, որից հետո ձերբակալվեց: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանն արդարացրեց Սողոմոն Թեհլիրյանին։
Պետօ Տէմիրճեանը, մինչև բունն թարգմանությունն սկսելը, նախապես բավականին նյութ էր հավաքել Սողոմոն Թեհլիրյանի, նրա ընտանիքի մասին, ինչպես նաև հանդիպել էր նրա ազգականներին։
Թեհլիրյանների տոհմածառը տարածված է տարբեր երկրներում՝ Սերբիայում, ԱՄՆ-ում, նաև Հայաստանում։ Սողոմոն Թեհլիրյանի ընտանիքի մասին հայտնի են հետևյալ տեղեկությունները․
Թեհլիրյանը երկար տարիներ բնակվել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի համար 78 տանը։ Սողոմոնն ամուսնացած էր Անահիտ Թաթիկյանի հետ, ունեցել է երկու զավակ`Շահենը և Զավենը։ 1945 թվականից նա հաստատվեց ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ մահկանացուն կնքեց 1960 թ. մայիսի 23-ին։
Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդին՝ Սամվել Օսկանյանը, 1964 թ․ Սերբիայից ներգաղթեց Հայաստան։ Նրա որդին՝ Վահե Օսկանյանը, աստղագետ էր։ Նրանք սերտ կապեր ունեին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ, որը գրեց նաև 1993 թվականին առաջին անգամ Հայաստանում հրատարակված հուշագրության առաջաբանը։ Իսկ հուշերն առաջին անգամ տպագրվել են 1953 թ. Կահիրեում:
Թարգմանիչը որոշ մանրամասնություններ է հաղորդում նոր հրատարակության մասին։ Բացի այդ, Պետօ Տէմիրճեանն իրեն երջանիկ է համարում, որ կարողացել է իրականություն դարձնել Սողոմոն Թեհլիրյանի մեծ փափագը, այն է՝ հուշերը անգլերեն թարգմանելը։
Հայ ժողովուրդն իր արժանի զավակի՝ վրիժառու, արդարամարտիկ Սողոմոն Թեհլիրյանի հիշատակը վերարժևորեց 1965 թվականից սկսած։ Ի հիշատակ Թեհլիրյանի հուշարձաններ կան Ֆրեզնոյում, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում և Երևանում: Նա ամեն հայի սրտում է, նրա կերպարն ապրեցնող է, վրեժի և պայքարի կոչող, քանի կա Հայ Դատը և քանի դեռ լուծված չէ Հայկական հարցը։ Հատկապես վերջին տարիներին շատ է շրջանառվում «Մեզ նոր Թեհլիրյան է պետք» արտահայտությունը։







