ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Շիրակի մարզում վերականգնվում է Կրասարի 19-րդ դարի եռաթռիչք կամուրջը

ԿԳՄՍ նախարարության պատվերով վերականգնվում է Շիրակի մարզի Կրասար գյուղի եռաթռիչք կամուրջը, որը կառուցվել է 19-րդ դարում: Իր հորինվածքով եզակի այս կառույցը վթարային վիճակում էր։ Որոշ հատվածներ փլուզված էին և հուշարձանի վերականգնման ու պահպանության հարցը անհրաժեշտություն էր դարձել: Պետական միջոցներով իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 240 մլն դրամ է: Վերականգնման այս փուլում ամրացվում են կամրջի հիմքերը:

Ախուրյան գետի վտակներից մեկի ափերն է իրար կապում Կրասարի եռաթռիչք կամուրջը: Ղևոնդ Ալիշան «Շիրակ» գրքում արձանագրում է, որ կամուրջը 1873 թվականին կառուցել է գյումրեցի Ստեփանոս Անանիկյանը: Սև ու կարմիր կոպտատաշ ու սրբատաշ տուֆ քարերի համադրությամբ է կառուցված կամուրջը։ Ճարտարապետական հորինվածքով այն նման է Կարսի կամրջին: Այն ժամանակին միակ կապող միջոցն ու ճանապարհն է եղել հարևան Սեպասար գյուղի հետ: Խորհրդային տարիներին կամրջի վրայով խոշոր տրամաչափի ջրատար է անցկացվել, որը շահագործվել է մինչև 1970-ական թվականները: Տարիների ընթացքում կամրջի արևմտյան կողմի՝ 1-ին և 2-րդ թռիչքներն իրար կապող պատերը փլվել են, և կամուրջը դարձել էր վթարային։ Վերականգնման աշխատանքների մասին պատմում է շինարարությունն իրականացնող թիմի ղեկավար Սևադա Վարդանյանը․

«Կամուրջը էս պահին գտնում է չորորդ կարգի ռիսկայնության գոտում, մի հատվածը էս պահին վնասված է, քանդված է կամրջի ընդհանուր աջ կողմը: Կատարվել են գեոլոգիական աշխատանքներ, հիմքերի ուսումնասիրություններ: Կամրջի հիմնական քանդված հատվածի խնդիրը եղել է խողովակը , քանի որ խողովակի միջով հոսել է բարձր ճնշումով ջուր, ջուրը սկսել է խողովակից արտահոսել և էտ պատճառով է քանդվել է կամրջի մի հատվածը»:

Շինարարությունն սկսվել է մայիսի 10-ին: Նախ՝ ապամոնտաժվել է կամրջի քայքայման պատճառ դարձած ջրատարը, այժմ հիմքերն են  ամրացնում, ասում է Սևադա Վարդանյանը:

«Հիմա մեր մոտ հիմքերը ընդհանուր խարխլված են, քայքայված է հիմքերի բետոնը: Հիմքերի ներսից պետք է կատարվեն ներարկման աշխատանքներ՝ ամրացնելու համար և հետո նոր շարունակվի կամրջի շինարարությունը»:

Կրասարի պատմական կամրջի վերականգնման պատվիրատուն ԿԳՄՍ նախարարությունն է: Գերատեսչությունում հատուկ հանձնաժողով ձևավորվել, որի կազմում ճարտարապետներ են, հնէաբաններ, ռեստավրատորներ: Հանձնաժողովը պետք է վերահսկի, որ պահպանվի կամրջի նախնական տեսքն ու հին շարվածքի բնօրինակությունը:

 «Կամուրջը կառուցվել է տուֆ քարից, կամարային կամուրջ է։ Այսինքն՝ քարերը սեպաձև հենված են իրար, ըստ այդմ ՝ կամուրջը պահպանվել է էսքան ժամանակ: Հիմա կամուրջի պատմամշակութային տեսքը պետք է վերականգնվի նույն քարով, կրաշաղախով: Էն հատվածներում, որտեղ տեսանելի չի,  կամուրջի մեջից կատարվելու են երկաթբետոնյա աշխատանքներ»:

Տեղանքի բարդությունը հաշվի առնելով, շինարարները ժամանակավորապես փոխել են Ախուրյան գետի հունը, ասում է Սևադա Վարդանյանը․

«Գետի հունը նույնն է, նույն տեղով գնում է, ուղղակի գետի հունը որոշ չափով նեղացրել ենք,որպեսզի հնարավոր լինի կամուրջի մի հատվածում աշխատանքներ անել, հետո կփոխվի, էտ մի հատվածով կանցնի ջուրը, էն մի հատվածում աշխատանքները կկատարենք»:

Վերականգնումից հետո կամրջով կարող են երթևեկել նույնիսկ ծանրաքաշ տրանսպորտային միջոցները։ Վերականգնման ծրագրում նաև ներկառուցված իջևանատունն է:

«Իջևանատունը գտնվում է կամրջի ներսում, ուղղակի մուտքը կամրջի կողքից է: Մոտավորապես 25 քառակուսի մետր տարածքի մասին է խոսքը: Իջևանատանը տեղադրվելու է դուռ, լուսամուտ ու սալիկահատակ»:

Պատմական կառույցի վրա եռալեզու արձանագրություն կա՝ հայերեն, ռուսերեն և թուրքերեն։ Այն նույնպես պահպանվելու է նախկին տեսքով: Վերականգնման համար երեք տարի կպահանջվի, որից հետո Կրասարի եռաթռիչք կամուրջն իր ամբողջական տեսքով կդիմավորի զբոսաշրջիկներին ու գյուղական տուրիզմի սիրահարներին:

Կարդացեք նաև

Back to top button