ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սյունիքը խոսում է նաև ֆրանսերեն․ ֆրանկոֆոն կենտրոններ մարզի քաղաքներում

Գորիսում նշվել է ֆրանսախոսների մշակութային կենտրոնի գործունեության 20-ամյակը։ Տոնական միջոցառմանը մասնակցել են կենտրոնի սաներ, շրջանավարտներ, գործընկերներ, Սյունիքի տարբեր համայնքներից ու Ֆրանսիայից ժամանած հյուրեր։ Բացի Գորիսից, ֆրանկոֆոն ակումբներ կան նաև Սյունիքի մարզի գրեթե բոլոր քաղաքներում։ Կապանում կենտրոնը բացվել էր անցած տարի, իսկ Մեղրիում ու Քաջարանում ակումբները սկսել են գործել օրեր առաջ։ Սիսիանում նույնպես մոտ ապագայում կբացի ֆրանկոֆոն կենտրոն։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և «Օվր դ’Օրիան» կազմակերպության աջակցությամբ Գորիսում գործող ճամբարում ամռանը իրենց հանգիստը կանցկացնեն 200 երեխաներ։ Ֆրանսախոս ճամբարում երեխաները չեն ձանձրանում՝ ֆրանսերենի ուսուցումը ինտերակտիվ մեթոդների ու և մշակութային տարբեր ծրագրերի միջոցով է ընթանում։ 9-ամյա Վերա Քումունցը երկու շաբաթ է, ինչ հաճախում է ճամբար։

«Արդեն տանը ֆրանսերեն եմ խոսում ծնողներիս, պապիկիս հետ։ Մեծանամ, ուզում եմ Ֆրանսիա գնամ, որպեսզի ֆրանսիացիների հետ էլ իրենց լեզվով խոսամ»։

Ֆրանսախոս ճամբարը Գորիսիֆրանսախոսների մշակութային կենտրոնի կրթական ծրագրերից մեկն է։ Կենտրոնն այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը։ Հոբելյանը միասին նշելու համար Գորիս էին եկել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ նահանգի պաշտոնական պատվիրակությունը։

Ամեն ինչ սկսվել էր մոտ 30 տարի առաջ՝ Վիեն-Գորիս քույր քաղաքների համագործակցության հուշագրի ստորագրումից։ Տարբեր համատեղ ծրագրեր իրականացնելու ընթացքում առաջացավ ֆրանսախոսների կենտրոն բացելու անհրաժեշտությունը։ Ստեղծման օրվանից՝ 2006թ-ից կենտրոնը ղեկավարող Կարմեն Ափունցը հիշում է անցած տարիների դժվարություններն ու ձեռքբերումները․

«Տարիների ընթացքում այն դարձավ ավելի, քան աշխատանքային տարածք, դարձավ տուն, ընտանիք, հանդիպումների վայր, կենդանի խաչմերուկ գաղափարների ու երազանքների՝ երբեմն լի դժվարություններով, ուրախությամբ, բայց միշտ մարդկային ջերմությամբ, վստահությամբ ու համերաշխությամբ։ Այս 20 տարիները եղել են բարեկամության ու հավատարմության տարիներ, անխոնջ ու նվիրված աշխատանքի տարիներ, ուսուցման, գործի և համատեղ ձեռքբերումների տարիներ»։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին կարևորում է երկու տարի առաջ Սյունիքի մարզի ու Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ նահանգի միջև հաստատված համագործակցությունը, որի շրջանակներում մարզի համայնքներում տարբեր ծրագրեր են իրականացվում։

«Այսօր հուզված եմ ես, Գորիսը Սյունիքի մարգարիտն է։ Գորիսը Հայաստանի համար ամենածանր պահերին քաղաք էր քաջության, պատվի ու համերաշխության։ Գորիսը նաև Հայաստանի ֆրանկոֆոն մայրաքաղաքն է։ Հայաստանի ոչ մի քաղաքում այնքան ֆրանսախոս չկա, ինչքան Գորիսում։ Եվ վերջապես՝ Գորիսում է, որ գտնվում է Ֆրանսիայի պատվո հյուպատոսարանը»։

Մեկուկես տարվա ընթացքում արդեն 3 անգամ ենք գալիս Սյունիք ու տարբերությունը զգալի է՝ ասում է Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսը։

«Դուք նաև ականատեսն էիք Մակրոնի այցին Հայաստան։ Մեծ հաշվով ֆրանսիացիների վերաբերմունքը հայերի նկատմամբ շատ դրական է։ Կարելի է ասել՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են։ Իսկ մեր հարաբերությունը Սյունիքի համայնքապետերի հետ, պարզ մարդկային հարաբերություն է»։

Բացի Գորիսից, հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում Սյունիքի մարզի բոլոր քաղաքներում գործելու են ֆրանկոֆոն ակումբներ․ Կապանում այն բացվել է անցած տարի, Քաջարանում ու Մեղրիում՝ մի քանի օր առաջ, իսկ Սիսիանի ֆրանկոֆոն ակումբը կգործի մոտ ապագայում։

Կարդացեք նաև

Back to top button