
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա դեկտեմբերին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ Ժաննա Անդրեասյանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կիևյան կամրջի շինհրապարակ կատարած նրա շրջայցի ընթացքում։
Նախարարի խոսքով՝ եղանակային պայմանները հնարավորություն են ընձեռում ամբողջ թափով իրականացնել աշխատանքները։ Ըստ Անդրեասյանի՝ անցած տարի բավականին ժամանակ է հատկացվել հուշահամալիրի բարեկարգման տեխնոլոգիաների վերաբերյալ մասնագիտական քննարկումներին, իսկ այժմ արդեն համապատասխան փորձն առկա է։
Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգումը. զուգահեռաբար կմեկնարկեն նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքները։
Այս ընթացքում հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման ծրագրի առաջին փուլն ավարտվել է ապրիլին․ հիմնանորոգվել են հուշահամալիրի կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև Հավերժության տաճարի մույթերը։ Կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել են մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացման աշխատանքներ։ Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, իսկ մույթերի բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել է ժամանակակից հատուկ նյութերի կիրառմամբ։ Փոխարինվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածներում տեղադրվել է նոր սալահատակ։ Հուշապատի երկայնքով կառուցվել է նոր ճեմուղի, բարեկարգվել է կանաչապատ տարածքը, հիմնանորոգվել է ոռոգման ցանցը։




