Արցախյան հարսանիքներ

Արցախում ընտանիքները և՛ երջանիկ, և՛ դժբախտ են իրար նման. «Արցախյան հարսանիքներ»

Անի Մինասյան

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետո հազարավոր մարդիկ մնացել են առանց տուն։ Ոմանք կորցրել են ամեն ինչ, ոմանք՝ կորցրել ու գտել միաժամանակ։

Մարիամն ու Հովիկը, Լիլիթն ու Արմենը, Վանն ու Լիլիթն այն մարդկանցից են, ովքեր կորցրել են ե’ւ տուն, ե’ւ գործ, ե’ւ հանգստություն։ Նրանք այն մարդկանցից են, որոնց համար անցյալ են անհոգ կյանքը, ուրախություններն ու երջանկությունները։

Ներկա են միայն իրենք ու իրենց միասին լինելը։

Տանտիրոջ կարգավիճակում՝ ընդամենը չորս օր

Պատերազմի սկսվելուց երեք օր առաջ Մարիամն ու Հովիկը տուն էին գնել Շուշիում։ Այդ տանը ոչ մի օր համատեղ կյանք չեն ունեցել։

Պատերազմից հետո իրենց տան պայմանների ու համատեղ կյանքի կենցաղային կողմի մասին քիչ են խոսում։

«Մտածում էինք՝ կամուսնանանք, կտեղափոխվենք, Շուշիում կապրենք, իսկ հիմա սովորական տեղահանված արցախցու կյանքով ենք ապրում»,- ասում է Մարիամը։

Սովորական տեղահանված արցախցու կյանքը վարձով բնակարանում ապրելն է՝ հիմնականում փոքրիկ ու կենցաղային համեստ պայմաններով։ Իրենց հարսանիքից հետո օգնության տարբեր առաջարկներ են արվել, բոլորից հրաժարվել են։

Մարիամը մինչեւ պատերազմն էլ էր Ստեփանակերտում աշխատում, Հովիկը՝ ոչ։ Պատերազմից հետո` ամենածանր շրջանում, Մարտունու քաղաքապետարանում է աշխատել, հետո իրենց համար ավելի ծանր փուլ է սկսվել, պատմում է։

Հիմա երկուսով ապրում ու աշխատում են Ստեփանակերտում, Հովիկն ամեն օր, անընդհատ տեղահանվածների հետ է շփվում։

«Չասեմ՝ ուրախ եմ, բայց լավ է, որ Շուշիի մեր տանը մենք չապրեցինք գեթ մեկ օր ու չկապվեցինք այդ տան հետ։ Հա, ես հասկանում եմ, որ գույք եմ կորցրել ու երազանքի տուն, բայց…»։

Բայց իրենք երջանիկ են միասին։ Իրենց կյանքի ամենաերջանիկ փուլը սկսվել է ծանր մի շրջանում։ Հաղթահարում են։

Մեր խոսակցության ընթացքում եղանակը սկսում է ավելի ցրտել։ Թեեւ դրսում չենք, բայց սենյակը, որտեղ ես ու Մարիամն ենք, ավելի է սառչում։ Մեր երկուսի բերանից էլ գոլորշի է դուրս գալիս, Մարիամն անընդհատ ձեռքերն իրար էր կպցնում։

Սառչող սենյակի հետ դժվարանում է նաեւ մեր խոսակցությունը։

Գուցե նրա համար, որ Մարիամն իրենց երկուսի փոխարեն է պատմում, վերապրում, մրսում։

Ցուրտը ցրելու համար ֆոտոխցիկը վերցրի ու սկսեցի լուսանկարել։

«Ամենաշատը երազում էի,- լուսանկարելուս ընթացքում շարունակեց Մարիամը։ -Դե, էն ժամանակ օժիտի պատրաստություն էինք արել, դոշակի կտոր ունեի, որ լվացել էինք, առավոտյան վերցրել էի ու տանն էր, ճխլտած դրված էր։ Ամենաշատը երազում էի` երբ եմ գալու, որ արդուկեմ։ Շատ-շատ էի կարոտում տունը, մեր Մարտունու տունը, երազումս շատ էի տեսնում ու փառք Աստծո, որ միայն երազ չմնաց, գոնե դա»։

Թվում էր՝ մեր խոսակցությունն ուզում է ավարտվել։

Փոքր քայլերի արվեստը՝ երջանկության ճանապարհին

Պատերազմից անմիջապես հետո Վանը տեղափոխվեց Երեւան։ Նախ` աշխատանքի հրավեր ուներ, հետո՝ հարսնացուն էր այստեղ։

«Նոր որ եկա, Երեւանում մի տեսակ ուրիշ էր. էդ շրջանում, եթե Արցախում մնայի, ավելի վատ կլիներ։ Անտարբերության հետ չկարողացա ապրել, չեմ կարողանում ապրել։ Ու ես էլ չգիտեմ՝ որտեղացի եմ»։

Սահմանին լինելու զգացողության մասին ենք խոսում, խոսում ենք, որ պատերազմում բոլորն են կորցնում, ու առաջին հերթին` մարդիկ իրենք իրենց, խոսում ենք պատերազմից հետո եկած մի երկար շրջանի մասին, մի կետի մասին, որտեղից ստիպված ես նորից սկսել։

«Գուցե էլի կկարողանամ մանրուքների մեջ գտնել երջանկությունը, չգիտեմ,- ասում է Վանն ու անհանգիստ սկսում գլխարկն ուղղել, վերեւ-ներքեւ անել։ -Չգիտեմ՝ կկարողանա՞մ արդյոք նորից փոքր քայլերի արվեստի ճանապարհը գտնել»։

Հարցնում եմ՝ իր տեսած պատերազմներից հետո՞ է հասկացել, որ երջանկությունը մանրուքների մեջ է։ Ասում է՝ երեւի։ Հստակ ինքն էլ չգիտի։

«Պատերազմը ոչ մի տեղ չի գնում։ Չի էլ գնա։ Դրա հետ ապրել է պետք»։

Մի քանի ամիս Երեւանում ապրելուց ու աշխատելուց հետո Վանը որոշեց նորից վերադառնալ Ստեփանակերտ, պատրաստվել, տուն-տեղ դնել, սովորել նորից երջանիկ լինել, որ կարողանա Լիլիթին Արցախ հարս բերել։

Լիլիթ Վարդանյանի հետ ոչ մի կերպ չստացվեց հանդիպել, զրուցել։ Ու Վանն ամեն ինչ անում էր, որ լրացնի Լիլիթի բացակայությունը, փորձում էր խոսել հոգնակիով՝ Լիլիթին իրենից չբաժանելու համար։

Մեծ սենյակում մենակ էինք՝ նստած մեծ սեղանի շուրջը։ Արեւն անընդհատ սենյակում էր, մեղմում էր մեր դժվար խոսակցությունը։

Ֆոտոխցիկը ձեռքիցս չէի թողնում, փորձում էի Վանի ասած բառերի հետ միասին բռնել նրա բոլոր միմիկաները, շարժումներն ու աչքերի արտահայտությունը։

«Էն ժամանակ՝ մինչեւ պատերազմը, հեշտ էր խոսելը, հիմա ո՞նց պատմեմ՝ ոնց եմ անցել ինչ-որ բանի միջով կամ ո՞նց պատմեմ, որ գուցե չեմ էլ անցել»։

Հետո արեւն սկսեց խանգարել, որ տեսնեմ Վանի աչքերի արտահայտությունը։

Թվում էր՝ մանրուք է։

Այր ու կին՝ մեկ երջանկություն ու երկու ազգանուն

Պատերազմից հետո նոր-նոր սկսվող ամուսնական կյանքի մասին Արմենն ու Լիլիթը խոսում են երջանկությամբ։ Զրույցի ընթացքում հաճախ են ժպտում։ Շատ հաճախ։ Անընդհատ հայացքներ են փոխանակում։

«Եթե պատերազմը չլիներ, ես ամուսնանալուց հետո եկող կյանքին ավելի դժվար կհարմարվեի,- ասում է Լիլիթը,- դժվար պահերին միշտ ինքս ինձ ասում եմ՝ մենք պատերազմի միջով ենք անցել, ուզել ենք, որ ողջ մնանք ու մնացել ենք, դրա համար շնորհակալ եմ»։

Դեռ Արմենի ծնողների հետ են ապրում, միասին։ Մինչեւ պատերազմն այդ հարցին անվերապահ էին մոտենում, երկուսն էլ ուզում էին առանձին ապրել, բայց պատերազմն ստիպել է հարմարվել, ներողամիտ լինել ու շնորհակալ։

«Եթե պատերազմը չվերջանար, մեր ամուսնությունն էլի կձգվեր, չէինք ամուսնանա։ Վաղուց արդեն կենցաղային հարցերի վրայով անցել ենք,- Արմենն է շարունակում,- տան ավագների հետ լեզու գտել ենք։ Ինքներս մեզ համոզում ենք, որ երեխաներ են, տարիքի հետ փոքրացել են ու կոնֆլիկտներն անցնում են»։

Լիլիթին հարցնում եմ՝ կուզե՞ր Արմենի հետ առանձին ապրել։ Կուզեր, բայց հիմա եղածից էլ է գոհ ու շնորհակալ։

Ասում է՝ սկսել է գնահատել ամեն վայրկյանը, ապրած ամեն գրկախառնությունն ու անցկացրած ամեն գիշերը, միասին դիմավորած բոլոր լուսաբացերն ու յուրաքանչյուր պահը։

«Ամեն գիշեր պառկելուց մտածում եմ՝ գուցե վերջինը լինի,- սկսում է Լիլիթն ու Արմենի հետ միասին շարունակում են,- ամեն օր ենք զգում, որ երջանիկ ենք, ուզել ենք, որ սենց լինի, արթնանանք ու քնենք միասին։ Իդեալական ոչինչ չկա, ու մեր ստեղծածի մեջ երջանիկ ենք, ֆանտազիաների մեջ չենք ընկնում, փորձում ենք ադեկվատ պահել մեր միտքը, ստեղծենք, զբաղմունք լինի, որ իրար հետ անենք, միասին իրար ենք բացահայտում։ Քաղցր բան ա ամուսնությունը»։

Մեր խոսակցության ողջ ընթացքում Արմենը փորձում է տաքացուցիչը կարգավորել։ Եղանակը ցրտում է, մի քանի անգամ Լիլիթին հարցրեց՝ մրսո՞ւմ է։ Ասում եմ՝ նկատում եմ, որ հոգատար եք իրար հանդեպ։ Շատ` ասում են միասին, միանգամից ու առանց մտածելու։

«Մեր թեման պատերազմն ա, դա չի անցել մեր կողքով։ Պատերազմի ընթացքից խոսում ենք, հետեւանքներից խոսում ենք, ինչ ուզում ես արա, պատերազմը շրջանառության մեջ ա, չի անցնում։ Բայց միակ լավ բանն էն ա, որ իրար հետ ենք խոսում, երկուսով ենք վերապրում, միասին ենք անցնում մեզ բաժին հասած բոլոր դժվարությունների միջով»։

Իրենց օրը փորձում են իրարով լցնել, փոքրիկ բաների մեջ գտնել մեծ երջանկություններ, ապրել դրանցով ու չդադարել սիրել իրար։ Իրենց երջանկության թեման ինձ էլ է շեղում երկար ու դժվար օրվանից հետո։

Գիտեմ արդեն՝ ապագային մասին խոսելը հեշտ չէ։

Արցախում շատ կանանց եմ հանդիպել, որ ամուսնությունից հետո փոխել են իրենց ազգանունը։ Լիլիթին զարմացած հարցնում եմ՝ չե՞ս փոխել։ Ծիծաղում են Արմենի հետ միասին, ու հարցին, թե ինչո՞ւ չի փոխել, պատասխանում է ամուսինը։

«Ազգանունն ինչ կապ ունի, կուզի, թող անունն էլ փոխի, կարեւորն ինքը չփոխվի, կարեւորն իրար չկորցնենք, թե չէ ինչ ազգանուն ունի՝ դա նշանակություն չունի»։

Թվում էր՝ ազգանուն փոխելը Արմենի ու Լիլիթի համար կարեւոր էր։

Back to top button