Մենաստան

Հայաստանի միակ մենաստանի հնաբնակը. քույր Եղիսաբեթ․ «Մենաստան»

Աբխազիայում ծնված, մեծացած Էմման, որի մկրտության անունն է Եղիսաբեթ, 41 տարեկանում է միայն գտել Աստծուն: Իր խոսքով, մինչև այդ կուռքերի էր պաշտում ու տարված էր Լենինի, Ստալինի գաղափարախոսությամբ: Մայրը նեղսրտում էր, թե ինչո՞ւ չի ուզում ճանաչել Աստծուն, բայց նա անդրդվելի էր մինչև այն պահը, երբ 1988 թվականին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը: 

Քույր Եղիսաբեթը, որ նախկինում լողով ու վազքով էր զբաղվում, արշավների ակտիվ մասնակից էր, թողեց ամեն բան ու երկրաշարժից հետո տեղափոխվեց Հայաստան: Եկեղեցի էր գնում, մաքրում էր տարածքը ու թաքուն փափագում, որ մի օր կկարողանա ամբողջությամբ նվիրվել Տիրոջն ու միանձնուհի դառնալ: Մի օր էլ նրան ասացին, որ Վեհափառը կանչում է իր մոտ: 

Այդ օրվանից անցել է 21 տարի ու քույր Եղիսաբեթը Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե եկեղեցիներում ծառայելուց հետո 2018 թվականից 8 միանձնուհիների հետ ապրում է Ղազարավանում կառուցված մենաստանում: Միանձնուհու կյանքով ապրելը հեշտ չէ, այդ պատճառով էլ շատ աղջիկներ գալիս են ու դեռ փորձաշրջանն էլ չհաղթահարած՝ հետ են վերադառնում աշխարհիկ կյանքին:

Ինքն աշխարհիկ կյանքից ոչինչ չի կարոտում, սրճարաններ գնալ չի սիրում, հարսանիքների չի մասնակցում, վանքն էլ լքում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մենաստանի կյանքի, իր՝ Տիրոջը գտնելու բարդ ճանապարհի մասին է քույր Եղիսաբեթի պատմությունը: 

Back to top button