ԿարևորՀասարակություն

ԲԴԽ-ի լիազորությունները կընդլայնվեն դատավորների ու պաշտպանների հաշվին

«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում եղել է միայն 1 օրենսդրական փաթեթ՝ բաղկացած 5 նախագծից: Նախագծի հեղինակները փաթեթով առաջարկվող փոփոխությունները ներկայացրել են որպես բարեփոխում, ընդդիմադիրների կարծիքով՝ դրանք ընդունելու դեպքում դատական համակարգի վիճակը ավելի է վատանալու:

Առանց կառավարության դիրքորոշման և գլխադասային հանձնաժողովի եզրակացության, արտահերթ նիստում և հատուկ կարգով Ազգային ժողովն ընդունեց Դատական օրենսգրքում և ևս 4 օրենքում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը: Առաջին ընթերցմամբ փաթեթին կողմ էր քվեարկել 80, դեմ՝ 6 պատգամավոր: «Լուսավոր Հայաստանը»՝ ամբողջ կազմով, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3 բացառությամբ, քվեարկությանը չմասնակցեցին: Փոփոխությունները հեղինակել են «Իմ քայլի» 5 պատգամավոր:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանն ասաց՝ իրենց նպատակն է  ապահովել դատական գործերի արդյունավետ քննությունը,  մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշաճ իրացումը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը:  

Այս ամենի համար ընդլայնվում է Բարձրագույն դատական խորհրդի իրավասության շրջանակը: Մասնավորապես, դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար ԲԴԽ-ին տրվում է նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավունք: Ավելանում է նաև ԲԴԽ դիմելու իրավունք ունեցողների թիվը,-ասաց Վլադիմիր Վարդանյանը. «Նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, Արդարադատության նախարարությունից  և Դատավորների ընդհանուր ժողովի համապատասխան հանձնաժողովից բացի, կարող են դիմել նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք»:

Նախագծով Բարձրագույն դատական խորհրդին օժտում եք  դատավորների և դատարանների աշխատանքին միջամտելու լիազորությամբ,-նկատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Ասաց՝ այդպես խախտելու եք Սահմանդրությունը. «Դուք փորձ եք անում ԲԴԽ-ի միջոցով ճնշում գործադրել դատարանների վրա, մնում է հասկանալ՝ ով է լինելու ԲԴԽ-ի ձեր սրտի նախագահը, որ այս սև գործը կատարելու է դատարանների նկատմամբ»: Վլադիմիր Վարդանյանը հակադարձեց. «Կներեք, եթե մենք այսպիսի վերաբերմունք ունենք կոլեգիալ մարմիններին, երբ մի հոգին է որոշում, երբ այս ընկալումը կա, ուրեմն, մենք ոչ մի բան չենք դզելու»:

Դատական համակարգի վիճակն ավելի եք վատացնում,- ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Բացատրեց, որ ԲԴԽ-ն կարող է ընդունել իրավական ակտեր, որոնց հետևանքը կլինի պաշտպանի իրավունքների ու դատավորի անկախության սահմանափակումը: «Ասենք՝ գործ է քննվում, ինչ-որ մի վաշխառուի գործ: Տեսնում են՝ էս դատավորը իրենց դուրը չի գալիս, արդարացի որոշում է կայացնում հօգուտ քաղաքացու, վերցնում, դատավորին փոխում են: Ա՛յ, սա է առաջարկում էս նախագիծը: Պարզ է, շատ պարզ այն նախագիծը»:

Մարուքյանը հեղինակներին առաջարկեց նախագիծը հետ տանել, այլապես խնդիրներ կունենանք Եվրոպայի խորհրդում: Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ ԵԽԽՎ-ի դարդուցավը լրիվ ուրիշ է:  

Back to top button