Հուլիսի 1-ից աշխատողների իրավունքներն ավելի ամուր կպաշտպանվեն․ ԱԱ տեսչական մարմնի լիազորությունը կտրուկ ընլայնվում է
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հուլիսի մեկից ամբողջական վերահսկողություն է ունենալու աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ։ Արմատական եւ լուրջ այս փոփոխությունը ենթադրում է, որ վերահսկողական գործառույթներով այս կառույցի կարգավորման տիրույթում կլինի աշխատանքային իրավունքի շատ ավելի լայն դաշտ։ Մինչ այժմ աշխատանքային իրավունքների նեղ դաշտ էր կարգավորվում տեսչական մարմնի կողմից։ Մարդիկ այս իրավունքի խախտման դեպքում ստիպված էին դիմել դատարան։
Ներկայում աշխատանքային իրավունքի խնդիրներով զբաղվող տեսչական մարմնի իրավասությունները բավական սահմանափակ են, թեեւ համավարակով պայմանավորված՝ անցյալ ապրիլին դրանք որոշակիորեն ընդլայնվել էին: Ըստ այդմ՝ օրենքով սահմանվել էր, որ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը գրավոր դիմումի հիմքով կարող էր վերահսկողություն իրականացնել, վարչական վարույթ հարուցել եւ գործատուից պահանջել՝ վերացնել խախտումները։
Այս հուլիսի մեկից արդեն տեսչականը կարող է նաև սեփական նախաձեռնությամբ վարույթ սկսել, դիտարկել՝ աշխատանքային իրավունքի խախտում կա, թե ոչ։ Սա նշանակում է, որ դիմումի առկայության պահանջը վերանում է, իսկ տեսչական մարմնի վերահսկողական հնարավորությունները՝ ընդլայնվում։ ԱԱՏՄ-ը ղեկավար Հակոբ Ավագյանը
«Հուլիսի մեկից սկսած՝ բացի դիմում-բողոքներից մենք իրավունք ունենք վարչական վարույթ իրականացնել նաև սեփական նախաձեռնությամբ։ Օրինակ՝ երբ մամուլում գրում են՝ այսինչ հիմնարկի աշխատակիցները բողոքում են, որ աշխատավարձ չեն ստացել, գնում ենք այդ հիմնարկ, տեսնում ենք՝ արդյո՞ք խնդիր կա, բայց միայն մամուլում կամ զեկուցագրում հայտնված կոնկրետ դեպքով»,- մանրամասնում է Ավագյանը։
Եւ այդպես․ ի՞նչ է փոխվելու աշխատանքային իրավունքի պաշտպանության դաշտում։ Ոլորտի պատասխանատուները «Ռադիոլուրին» մանրամասնում են՝ մինչև հուլիսի մեկը տեսչական մարմնի վերահսկողության շրջանակում են աշխատողների առողջության պահպանումը և անվտանգության ապահովումը, մինչև 18 տարեկան աշխատողների, հղի և երեխային կրծքով կերակրող կանանց օրենսդրական երաշխիքները։ Իսկ արդեն հուլիսի 1-ից տեսչականը կվերահսկի նաև աշխատանքային այլ իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման կարգ, աշխատավարձի վճարում, անօրինական աշխատանք, նաև՝ առողջությանը պատճառված վնասի դեպքում ճիշտ ժամանակին հատուցում։
ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյան․
«Եթե դիմումում բողոք է եղել աշխատավարձը չվճարելու կամ պակաս վճարելու վերաբերյալ, եւ վարույթի ընթացքում հաստատվում է հանգամանքը, որ աշխատավարձը չի վճարվել որոշակի չափով՝ կարգադրագիր է տրվում, որ վճարվի աշխատավարձը։ Միաժամանակ նախատեսված է վարչական տուգանք», — ասում է Հարությունյանը։
Աշոտ Հարությունյանի խոսքով՝ այս ընթացքում տեսչականին առավել հաճախ դիմել են աշխատանքային իրավունքի հետեւյալ խնդիրներով՝ աշխատավարձի չվճարում, վերջնահաշվարկի չկատարում, աշխատանքային պայմանագրի լուծման կարգ։ Սակայն Հարությունյանը նաեւ շեշտում է՝ նպատակը ոչ թե տուգանելն է, այլ առաջնահերթորեն աշխատանքային իրավունքները պատշաճ վերահսկելն ու խախտումները նվազեցնելը։ Դրան պետք է հասնել նաեւ իրազեկման միջոցառումներով։
«Լիազորություն է վերապահված, որի իրացման էական մասը կանխարգելիչ իրազեկումն ու խորհրդատվությունն է։ Այսինքն՝ մեր նպատակը ոչ այնքան տուգանքն է, որքան կանխարգելիչ գործունեության, նախատեսված վերահսկողական գործառույթների, վարչական վարույթների կամ ստուգումների արդյունքում խախտումների նվազեցումը»,-խոսքն ամփոփում է Հարությունյանը։
Այս փուլում տեսչական մարմինը շարունակում է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պլանային իր ստուգումները։ Դրանք ամեն տարվա համար ծրագրվում են նախապես՝ գնահատելով այս կամ այն տնտեսավարողի մոտ հնարավոր ռիսկերը։
Այս ընթացքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը նաեւ իրազեկման լայնածավալ միջոցառումներ է անցկացնում։ Հերթական խոշորը Արդյունաբերողների ու գործարարների միության անդամների հետ էր։