ԿարևորՔաղաքական

Իշխանությունը ռազմական դրությունը շուտով կհանի. պատրաստվում են արտահերթ ընտրությունների

Առաջիկայում կառավարությունը հանդես կգա սեպտեմբերի 27-ից հանրապետությունում գործող ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնությամբ: Այս մասին ասել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Հանձնաժողովը, սակայն, այսօրվա նիստում դրական եզրակացություն չի տվել ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների որոշման նախագծին: 

Հանրապետությունում ռազմական դրության ավելի քան 5 ամիսների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը 3 անգամ ներկայացրել է այն վերացնելու որոշման նախագիծ: Առաջիկայում ռազմական դրությունը կհանվի, բայց կառավարության նախաձեռնությամբ:

Որ կառավարությունը պատրաստվում է նման որոշման, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ասացին «Իմ քայլի»՝ ընդդիմության՝  ռազմական դրությանը վերաբերող հերթական նախագծի քննարկման ժամանակ:

Արմեն Խաչատրյանը նաև ժամկետ նշեց՝ 7-8 օրվա ընթացքում: Նա ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի պատգամավորներին հորդորեց սպասել հենց այդքան: Ասաց. «Խնդրում եմ՝ սպասենք, թող այդ խնդրին անդրադառնան երկրի անվտանգության համար պատասախանատու մարմինները: Իրենց առաջարկով թող դա արվի»։

Կառավարության մտադրության մասին ընդդիմությունը չգիտեր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը ներկայացնում էր «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ընդդիմության որոշման նախագիծը, հակադարձեց՝ եթե ընդամենը 10 օր հետո է կառավարությունը հանելու ռազմական դրությունը, ինչու հիմա չանել դա. «Եթե շատ լուրջ, այնպիսի վտանագավոր վիճա՞կ կա, որն ստիպում է 7-10 օր հետաձգել, խնդրում եմ, հնչեցրեք, էդ ինչի՞ պիտի 7-10 օր մենք սպասենք:

Ե՛վ անցած ամիսներին, և՛ այսօր՝ պաշտպանության հանձնաժողովում Ռազմական դրության մասին նախագծի քննարկման ժամանակ, ընդդիմադիրները պնդում էին, որ ռազմական դրությունը իշխանությունը պահում է քաղաքական նկատառումներով, իսկ իշխանությունը վստահեցնում էր՝ քաղաքական զարգացումներին ռազմական դրությունը չի խոչընդոտում:

Այսուհանդերձ, ռազմական դրությունը կհանվի՝ պայմանավորված հենց քաղաքական անհրաժեշտությամբ. պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում ասաց. «Եթե մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, բնականաբար, ռազմական դրության պայմաններում դա հնարավոր չի լինելու, և իշխանությունը ինքն է նախաձեռնելու: Ինչքան շուտ ի մի գանք, ստեղծենք ներդաշնակ քաղաքական պայմանավորվածություններ, այնքան շուտ կհանվի ս ռազմական դրությունը: Եթե ընտրութւյուններ են լինում, ընտրությունների պարագայւմ ռազմական դրությունը չի կարող պահպանվել»։

Նկատենք, որ եթե ընդդիմադիր խմբակցությունները վարչապետի հետ գալիս են համաձայնության արտահերթ ընտրությունների շուրջ, օրակարգից դուրս է գալիս վարչապետին խորհրդարանում անվստահություն հայտնելու հարցը: Դրա մասին պատերազմի ավարտից հետո խոսել են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, բայց հարցը չեն բարձրացրել՝ պայմանավորված ռազմական դրության սահմանափակմամբ: 

«Ռազմական դրության վերացման մասին նախագիծը» միակը չէր, որին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց:

«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել էր ևս 3 նախագիծ: Դրանցով փոփոխություններ էին առաջարկվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Դրական եզրակացություն տրվեց միայն 1-ին: Էդմոն Մարուքյանն ասաց՝ առաջարկում են բարձրացնել պայմանագրային զինծառայության համար սահմանված տարիքային շեմը. այսօր, համաձայն օրենքի, պայմանագրային զինծառայող կարող են դառնալ միչև 45 տարեկանները, առաջարկվում է 45-ը դարձնել 63:

«Մենք առաջարկում ենք հնարավորություն տալ, շեմը բարձրացնենք, մեր հայրենակիցներին, պատերազմի փորձ ունեցողներին ներգրավենք որպես պայմանագրային զինծառայողներ և դրանով համալրենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերը»։

Կառավարությունը առաջարակին կողմ էր, բայց վերապահումներով: Ասացին՝ դրանք  կներկայացնեն առաջինից-երկրորդ ընթերցման ընթացքում: Նախագիծն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:  

Back to top button