Մնջախաղաց, սցենարիստ, ռեժիսոր Լևոն Իվանյանը 70-ամյա հոբելյանի առիթով խոսում է ստեղծագործական կյանքի կարևոր փուլերից, մնջախաղի ու մասսայական միջոցառումների տարբերություններից, գլոբալ և ազգային մշակույթից, ստեղծագործական իր նախընտրություններից:
Պատմում է, որ պատանեկան տարիներին ոչ միայն մնջախաղի, այլև թատրոնի հետ ոչ մի առնչություն չի ունեցել: Այդ տարիների իր նախընտրությունն ու տարերքը մաթեմատիկան էր: Հետագայում պիտի պարզվեր, որ արվեստն ու մաթեմատիկան մոտ ընկերներ են և հենց մաթեմատիկական մտածողությունն էլ հետո պիտի օգներ արվեստում: Խորհրդային տարիներին մնջախաղի թատրոնից հեռացավ, երբ բեմադրեց Պ. Սևակի «Եվ այր մի Մաշտոց անուն» պոեմը:
«Ես ընտրեցի մի հավաքական գործ, որտեղ ազգային բոլոր որակները երևում էին և ընտրել էի գեղանկարչական մնջախաղի ժանրը. շատ խոսուն, բայց չխոսող, պատկերային, շարժման ու դինամիկայի մեջ: Յոթ անգամ խաղալուց հետո, ինձ հեռացրեցին թատրոնից և մշակույթի բոլոր ոլորտներից: Իմ ամենաբարձր թռիչքի ժամանակ կտրվեց իմ թևերը», — ասում է նա:
Լևոն Իվանյանը մի շարք ներկայացումների, համերգների, մասսայական հանդիսությունների սցենարի ու բեմադրությունների հեղինակ է: Դասավանդել է Թատերական ինստիտուտում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Կոնսերվատորիայում, հիմնել է «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը, աշխատել հատուկ կարիք ունեցող երեխաների հետ:
Խոսելով մանկավարժական գործունեության մասին, ասում է` եթե մի բան պիտի փոխվի այս աշխարհում դեպի լավը, ապա դա անելու են երեխաները:
Մշակույթը, արվեստը, գրականությունն ու փիլիսոփայությունը իր տարերքն են: Ասում է` մի բան կա, որ եթե նորից ծնվեի նույնը կանեի. մարդկային հոգևոր, մտավոր գործունեության դաշտից դուրս այլ բան չէի ընտրի: