Հայաստանի տնտեսությունը նավթի գնից անմիջական կախում չունի, բայց միջնորդավորված ազդեցությունը մի շարք ոլորտների վրա մենք նույնպես զգալու ենք, ընդ որում՝ ոչ միայն բացասական, կարծում է տնտեսագետ Կարեն Ավագյանը։
«Դրական գործոն կարելի է դիտարկել այն, որ նավթի «ածանցյալների» գները նույնպես կարող են իջնել՝ բենզինը, կերոսինը, դիզելային այլ վառելիքներ, որոնք օգտագործվում են Հայաստանի տնտեսության մեջ։ ՀՀ բեռնափոխադրումները ավտոտրանսպորտային ուղով կարող են արձանագրել ինքնարժեքի իջեցում և միակ ոլորտը, որ կարող է շահել, հենց Հայաստանի բեռնափոխադրումների ոլորտն է։ Հուսանք, վառելիքի էժան գները կանդրադառնան նաև մեր երկրում սպառողական ապրանքների գների վրա», — նշում է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակը։
Տնտեսագետի խոսքով՝ Ադրբեջանը, որը մեծապես կախված է նավթի գներից, կրելու է զգալի տնտեսական, հնարավոր է նաև՝ քաղաքական վնասներ։ Կարեն Ավագյանը փաստում է, որ նավթի բարձր գների դարաշրջանն այլևս ավարտված կարելի է համարել։
Տնտեսագետը կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարության քայլերը գնահատում է բավարար գործողությունների ծավալի տեսակետից՝ նշելով սակայն, որ տնտեսական առաջնահերթությունների տեսանկյունից դրանք չեն արդարացնում իրենց։
Կարեն Ավագյանը ներկա պայմաններում առաջարկում է նաև ճիշտ օգտագործել կենսաթոշակային կուտակային հիմնադրամների հնարավորությունները։