Հասմիկ Մարտիրոսյան
Ռադիոլուր
Այս տարի Հայաստանում զբոսաշրջիկների ակտիվություն է նկատվել՝ «Մտքերի խաչմերուկ» հաղորդման ժամանակ ասում է գործարար Բակուր Մելքոնյանը։ Ոլորտը զարգացնելու համար առաջարկում է երկարացնել զբոսաշրջային սեզոնը՝ ստեղծելով այլընտրանքային ժամանցի կենտրոններ:
Զբոսաշրջության հետ անմիջական կապ ունեցող գործարարը թվարկում է զբոսաշրջային Հայաստանի գրավիչ կողմերը, ինչպես նաեւ ներկայացնում բարեփոխման ենթակա ուղղությունները: Ըստ Բակուր Մելքոնյանի, զբոսաշրջիկը պետք է Հայաստանում շրջայց կատարելուց չհոգնի՝ երթեւեկելով միջպետական եւ միջհամայնքային անորակ ճանապարհներով:
Բակուր Մելքոնյանի կարծիքով՝ զբոսաշրջությունը զարգացնելու կարեւոր նախապայմաններից է նաեւ ավիաշուկա լոուքոստերների մուտքի ապահովումը: Այն օդային նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավորություն կստեղծի, եւ մրցակցության արդյունքում՝ ավիատոմսերի բարձր գները կնվազեն: «Սա ամենամեծ խնդիրն է ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ մեզ՝ բոլորիս համար»,- ասում է Բակուր Մելքոնյանը:
Նրա դիտարկումների համաձայն, Հայաստանն այսօր մրցունակ է տեսարժան վայրերի, մատուցած ծառայությունների առումով՝ բազմազան եւ որակյալ սնունդ, մատչելի հյուրատներ, բայց որպես զբոսաշրջային գերակա ուղղություն հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ են բարեփոխման որոշակի քայլ իրականացնել: