

«Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության և կլինիկական կենտրոնը պահելու հարցերը կրկին օրակարգում են: Առողջապահության նախարարությունը օպտիմալացման բացատրությամբ ծրագրում է դադարեցնել կլինիկայի ֆինանսավորումը: Այնինչ կլինիկան փակելու եւ դեղամիջոցի պատրաստումն ու կիրառումը այլ բուժհաստատությունում շարունակելու մոտեցումը միանաշանակ չի ընկալվում: Դեղն առանձնահատուկ է՝ բացատրում է կլինիկայի ղեկավարությունը, եւ դրա կիրառումն ու նոր փորձարկումները նպատակահարմար է համարում առանձին կլինիկայում անել:
«Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագիրը սկսել է մտահոգել ոլորտի մասնագետներին: Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ շուտով կլինիկայի ֆինանսավորումը դադարեցվելու է: «Արմենիկումի» ղեկավարությունն անհանգստացած է, թեեւ այդ անհանգստությունը «Ռադիոլուր»-ի հետ կիսվել չշտապեց:

Նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, այդ թվում` պաշտպանության նախարարության եւ «Արմենիկումի» ներկայացուցիչները: Աշխատանքային խումբը խորությամբ կուսումնասիրի շահառուների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև «Արմենիկումի» արտադրության խթանմանն ու սպառմանն առնչվող բոլոր հարցերը: Նախարարության հիմնական նպատակն է նպաստել աշխարհում «Արմենիկումի» ավելի լայն ճանաչմանը, արտադրության և սպառման խթանանը:

Որո՞նք են լինելու «Արմենիկումին» առնչվող հետագա քայլերը, դեռ քննարկվում է: Միաժամանակ, մշտապես քննարկվում է նաեւ հարցը, թե իրականում բուժո՞ւմ է «Արմենիկումը» ՄԻԱՎ/ՁԻԱՀ- ը, ինչի մասին լուրը մեծ արձագանք էր գտել Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, հիմք ընդունելով անցած 20 տարվա փորձարկումները, վստահեցնում է՝ դեղի դրական ազդեցությունն ապացուցված է: «Արմենիկումը» պաշտոնապես գրանցված է նաեւ Ռուսաստանում:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում այն ունի իր դրական ազդեցությունը, եւ մինչեւ հիմա դրանցով հիվանդներ կան, որ օգտագործում են «Արմենիկումը»: Բացի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից՝ «Արմենիկումն» ունի ազդեցություն եւ գայլախտի, հեպատիտ C-ի դեպքում, օգտագործվել է թռչնագրիպի ժամանակ: Այսինքն՝ տարբեր առումենրով այս դեղը դրսեւորել է իր ազդեցությունը եւ հատկապես ՁԻԱՀ-ի դեպքում»:

90-ականներին ստեղծված «Արմենիկումը» 3 դեղաձեւով է գրանցվել՝ խտանյութ, հաբեր եւ մածուկ: ՄԻԱՎ եւ ՁԻԱՀ հիվանդությունների դեմ կիրառվող խտանյութն անցել է կլինիկական եւ նախակլինիկական բոլոր փորձարկումները: Առանց դրանց չէր գրանցվի՝ ասում է Թոփչյանը։ Այսինքն՝ դեղն իր արդյունավետությունն ապացուցել է: Իսկ «Արմենիկումի» հաբերն ավելի շատ իմունոխթանման ցուցումով են կիրառվում: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում փորձարկումներն էլ հաստատել են, որ «Արմենիկում» մածուկը դրական է ազդում խորը, թարախային, ուռուցքային վիրահատություններից հետո բորբոքումների և վերքերի արագ ապաքինման առումով, պառկելախոցերի բուժման ժամանակ: Իսկ շաքարային դիաբետի դեպքում քսուքի միջոցով հնարավոր է եղել կանխել վերջույթների անդամահատումը:
Այս համատեքստում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին մտահոգում են առողջապահության նախարարության կողմից օպտիմալացման հիմնավորմամբ կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը:

«Մենք գտնում ենք, որ պետք է շարունակել «Արմենիկումի» ֆինանսավորումը: Ամենասկզբում մի մեծ պայթյուն եղավ, որ «Արմենիկումն» ամեն ինչ է, հետո մեծ հիասթափություն եղավ: Բայց պարզվեց, որ «Արմենիկումը» բուժում է տասնյակ հիվանդություններ, որոնք ուղեկցում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին: Եւ դա բավականին հետաքրքիր նորություն է, որի ֆինանսավորումը պետք է շարունակել: Ֆինանսավորումը չդադարեցնել ու լուրջ վերաբերվել դրան։ Դա ապագա ունի»:
Ի վերջո՝ զրուցակիցներս նկատում են՝ դեղն ապագա ունի, թե ոչ՝ դա առանձնապես կապված չէ «Արմենիկում» կլինիկայի գոյություն ունենալ-չունենալու հետ: Դեղի կիրառությունը եւ կլինիկական փորձարկումը կարող է շարունակվել այլ բուժհաստատություններում էլ: Առողջապահական գերատեսչությունում դեռ գնահատում են դեղի իրական ու խոստացված արդյունքները: Հանրային խորհուրդն էլ իր քննարկման արդյունքները կներկայացնի ՀՀ նախագահին ու վարչապետին:




