Միջազգային

Հայանպաստ տրամադրության եւ հայ-գերմանական ընտանիքների պակաս նորընտիր Բունդեսթագում չի լինի

Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունների արդյունքները բնութագրվում են որպես քաղաքական երկրաշարժ: Անգելա Մերկելն ու նրա ղեկավարած քրիստոնեա- դեմոկրատները, ինչպես եւ սոցիալ- դեմոկրատները վստահության անկում են գրանցել՝ հասնելով պատմական հակառեկորդի։

Աջ- պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը իր գոյության ընթացքում առաջին անգամ անցավ խորհրդարան՝ գրեթե 13 տոկոս ձայներով: Քաղաքագետները շտապում են եզրակացնել, որ Մերկելին դժվար բանակցություններ են սպասվում՝ հատկապես միգրացիոն հարցերի շուրջ քննադատությունների մասով:

Քաղաքական կուրսի ինչպիսի փոփոխություն է սպասվում Գերմանիայում, եւ նոր կազմավորված խորհրդարանում առավել հայամե՞տ, թե՞ հակահայ տրամադրություններ են լինելու:

 

Ինչո՞ւ Գերմանիայի իշխող կոալիցիոն միությունը եւ Մերկելն անձամբ զգալիորեն կորցրին վստահության իրենց քվեները Բունդեսթագի ընտրության ժամանակ: Հարցի պատասխանն արտացոլում են Գերմանիայի բնակչության շրջանում հարցումները:

«Ես անհանգստանում եմ, քանի որ» միտքը շարունակելով՝ հարցվողների 70 տոկոսը նշել է՝  հասարակությունը գնալով ավելի է պառակտվում: 46 տոկոսին մտահոգել է իսլամի՝ արդեն չափազանց մեծ ազդեցությունը երկրում:

38 տոկոսը նախընտրել է չընտրել իշխող ուժին փախստականների մեծ ներհոսքի պատճառով: Բունդեսթագ անցած AfD-ն` «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական ուժը հայտնի է իր ռուսամետ  քաղաքական կուրսով:

Քաղաքագետները կանխատեսում են, որ խորհրդարանական հարթակում նրանք կպահանջեն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները չեղարկել, կպայքարեն հանուն «ռուսական Ղրիմի» եւ «կսեթեւեթեն» ռուսական գերմանացիների հետ:


Գերմանիայում գործող «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմագետ Ազատ Օրդուխանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝

«Հետաքրքիր զարգացումներ են սպասվում Բունդեսթագում, բայց Այլընտրանքի դերը չափազանցել դեռ վաղ եմ համարում: Նրանք շատ միասնական չեն, շատ ներքին տարաձայնություններ ունեն, բացի այդ՝ մյուս կուսակցությունները դրական չեն տրամադրված նրանց հետ գործակցելու հարցում»:

Օրդուխանյանն առանձնացնում եւ շեշտադրում է հայերին եւ Հայաստանին առնչվող հարցերը, որոնք, ասում է, ցավոք, որեւէ կուսակցության մոտ առաջնային չեն, ինչպես եւ առհասարակ Կովկասին առնչվող թեմաները: Զրուցակիցս ուշագրավ դիտարկում է անում՝ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման աննախադեպ հնարավորություններ կան հենց այսօր, ու դա թույլ չի տալիս հապաղել:

«Կուզենայի տեսնել Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացումը տնտեսական, մշակութային, նաեւ քաղաքական առումով՝ հատկապես գերմանա-թուրքական ճգնաժամի խորացման հողի վրա: Մենք կարող ենք շահել, եթե լուրջ քաղաքականություն վարենք: Բայց, ցավոք, ոչ մեր Սփյուռքը, ոչ էլ ՀՀ իշխանությունները բավարար ձեւով չեն գնահատում ներկա դրական վիճակը՝ ի նպաստ հայերի»:

Ազատ Օրդուխանյանը, այդուհանդերձ, կարծում է, որ հայկական կամ, ավելի լայն վերցրած, կովկասյան գործոնը փոքր-ինչ կակտիվանա՝ կապված Ձախերի դիրքերի փոքր-ինչ ամրապնդման հետ: Ցավոք, նախորդ գումարման Բունդեսթագի միակ՝ մոր կողմից հայազգի պատգամավոր Մարտին Փետցոլդը չի ընտրվել, սակայն գերմանական խորհրդարանն առանց հայամետ տրամադրության եւ առանց հայ-գերմանական ընտանիքների չի մնա՝ ասում է:

« Ձախերի մեջ կան բավականին  հայանպաստ մտածող մարդիկ։ Ձախ կուսակցության ղեկավարների մեջ կան մարդիկ, ովքեր ամուսնացած են հայերի հետ՝ կազմելով հայ-գերմանական ընտանիքներ: Ամեն դեպքում՝ հստակ է, որ գրեթե բոլոր կուսակցություններում, Այլընտրանքը չգիտեմ, կան հայանպաստ լուրջ գործիչներ»:

 

Վերջին տարիներին փախստականների հարցով Մերկելի քաղաքականությունը դժգոհության մեծ ալիք է առաջացրել։ Շարքային հարկատու գերմանացիները չեն ցանկանում ստանձնել փախստականների կեցության հոգսը: Քաղաքական նոր ուժը ներկայանում է որպես այլընտրանք, ռուսամետ, ծայրահեղական գաղափարներով: Ինչն է ուշագրավ: Այս ուժին ձայն տվողների 42 տոկոսն իր ընտրությունը բացատրել է «Գերմանիայում ես ինձ զգում եմ մեկուսացված» դիրքորոշմամբ: Այո, քաղաքացիները հիասթափված են գործող իշխանությունից, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է գերմանացի գրող-հրապարակախոս, հայագետ Յոխեն Մանգելսենը:

Շատ վախեր կան՝ փախստականների, միգրացիոն, ինտեգրացիոն, սոցիալական քաղաքականության հետ կապված: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը լիովին նորացման կարիք ունի: Քաղաքացիների13 տոկոսն, այո, ընտրել է աջակողմյաններին, ռասիստական, ֆաշիստական ընտրություն է կատարել: Սակայն 87 տոկոսն ընտրել է ժողովրդավարությունը

Ինչպե՞ս կփոխի Եվրոպայի շարժիչ համարվող Գերմանիան իր քաղաքական կուրսը, արդյո՞ք Մերկելին իրոք դժվար ժամանակներ են սպասվում, ինչպես կանխատեսում են որոշ քաղաքագետներ: Հիմնական իրավիճակը կմնա անփոփոխ, վստահ է Յոխեն Մանգելսենը: Կազմավորված իշխանությունը ժողովրդավարական շատ ուժեղ ազդանշան կուղարկի Եվրոպա՝ նկատում է:

«Եվրոպայի քաղաքականությունը եւ ավելի ուժեղ Եվրոպա ունենալու մոտեցումը նոր կառավարող կոալիցիայի մոտ ավելի կամրանա: Սա շատ կարեւոր դեր կխաղա, եւ Եվրոպան էլ իր հերթին ավելի լուրջ դեր կունենա նոր կառավարության համար»:  

Ընդգծված հայամետ կամ հակահայկական տրամադրություններ զրուցակիցս ընդհանրապես չի նկատել Բունդեսթագում: Կանաչներն ու Ձախերն իրենց մեծ ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, սակայն խորհրդարանական ընտրություններում Հայաստանն ու հայերը թեմա չեն։ Պուտինի եւ Էրդողանի հետ կապված հարցերը Հայաստանին տեղ չեն թողնում։

Կարդացեք նաև

Back to top button