Միջազգային

Բաղդադը Թուրքիայից պահանջում է իր տարածքից հանել զորքերը

Իրաքի հյուսիսում՝ Մոսուլից ոչ հեռու, այս գիշեր տեղակայվել է թուրքական ջոկատ։ «Ռոյթերի» տվյալներով՝ մի քանի հարյուր զինծառայողներից կազմված ջոկատն այս տարաշրջանում է քրդերին մարզելու նպատակով, սակայն Իրաքի կառավարությունը նման թույլտվություն չի տվել։

«Մեր զինվորներն արդեն Իրաքում էին։ Մի ողջ գումարտակ այնտեղ վաղուց է գտնվում։ Այս շրջանում ուսուցման ծրագիրը գործում է արդեն 2- 3 տարի»,- գործակալությանն ասել է թուրք մի բարձրաստիճան պաշտոնյա։ Տեղակայված զորքի մասին ճշգրիտ տվյալներ չկան, սակայն խոսքը հարյուրավոր զինվորների, 25 տանկի եւ մի քանի հրանոթների մասին է։

Բաղդադն ընդգծել է, որ թուրքական զինվորականների տեղակայումը խախտում է երկրի ինքնիշխանությունը եւ պահանջել է դուրս բերել դրանք։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Իրաքի վարչապետի մամուլի ծառայությունը։

Իր հերթին ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը դրա հետ ոչ մի կապ չունի։ «ԱՄՆ գիտի, որ Թուրքիան Իրաքի հյուսիսում հարյուրավոր զինվորեր է տեղակայել, սակայն սա ԱՄՆ ղեկավարող կոալիցիայի գործողությունների մաս չէ»,- հայտարարել է ամերիկացի զինվորականը։

Կարդացեք նաև

Back to top button