
Երբեմն ձայնը կարող է դառնալ ավելին, քան պարզապես երաժշտություն. այն դառնում է կամուրջ երկրի ու երկնքի միջև, հիշողության վկայական և զենք՝ ընդդեմ հուսահատության։ Միջազգային բեմերի հայտնի բաս-բարիտոն, ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն կրկին հայրենիքում է՝ իր հետ բերելով մի առաքելություն, որն անվանել է «Աղոթքս առ Աստված, պահապան ազգիս հայոց»։
«Ես պատմական հիշողության փոխանցողն եմ»
Տարիներ առաջ Գյումրու երկրաշարժի ժամանակ ծնողներին կորցրած, բայց Տիրոջ օրհնությամբ վերապրած արտիստի համար յուրաքանչյուր ելույթ հոգևոր վերադարձ է դեպի ակունքներ։ Ֆրանսիայում բնակվող երգչի համար Գյումրու «Յոթ վերք» եկեղեցու բույրն ու Կոմիտասի պատվիրանները կյանքի ուղեցույց են։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բացահայտել տանք մեր ազգային երաժշտությունը, մեր հողն ու ջուրը։ Ես պարտավոր եմ լինել այն պատմական հիշողության երգիչը, որն իր ձայնը կփոխանցի հաջորդ սերունդներին»,- ասում է Ադամ Բարրոն։
Ինտրիգ. եվրոպական «խայծն» ու ազգային ինքնությունը
Արտիստի խոսքում առկա է մի շատ հետաքրքիր ու սուր շեշտադրում։ Ապրելով Եվրոպայում՝ նա նկատում է միտումներ, որոնք փորձում են թուլացնել հայկական հոգևոր հիմքերը՝ դրանք փոխարինելով «աշխարհիկ» արժեքներով։
«Այսօր աշխարհում շատ բան է փոխվել։ Եվրոպան առաջարկում է մի խայծ՝ լինել աշխարհիկ երկիր միայն նրա համար, որ գումարներ վաստակենք։ Դա սատանայական առաջարկ է՝ մոռանալ մեր ակունքները։ Բայց մենք չպետք է այդ խայծը կուլ տանք։ Եթե հոգով հարուստ չես, դու աղքատիկ մեկն ես»,— անկեղծանում է բարիտոնը։
Երգը՝ որպես պայքարի միջոց
Ադամ Բարրոյի համար քրիստոնեության ընդունման 1725-ամյակին նվիրված համերգաշարը պարզապես մշակութային միջոցառում չէ, այլ ազգային համախմբման կոչ։ Նա վստահ է՝ հայը պետք է դադարի տարակուսել և վերագտնի իր կամքը։
«Իմ աղոթքներով ամեն օր խնդրում եմ Տիրոջը, որ իմ ձայնով աղոթելով՝ լռեցվի թշնամին։ Մենք պետք է շարունակենք վստահ առաջ գնալ՝ նույնիսկ ոսոխի կոկորդը բռնելով՝ թեկուզ երգով, թեկուզ գործով»։
Որտե՞ղ լսել «Սփյուռքի ձայնը»
Ադամ Բարրոյի հոգևոր ուժն ու բացառիկ կատարումները կարող եք վայելել.
- Այսօր Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում,
- Վաղը Գյումրիում՝ Սուրբ Յոթ Վերք եկեղեցում,
- Հուլիսի 25-ին՝ Կապանում՝ Արվեստի պետական քոլեջում։
Սա մի հնարավորություն է՝ ևս մեկ անգամ հիշելու, որ մենք այն ազգն ենք, որն ընտրել է լույսի ճանապարհը և դարեր շարունակ արարում է՝ հակառակ բոլոր հողմերի։




