
Բերսաբե Հովսեփյան անուն-ազգանունն այսօր թերևս քչերին է հայտնի: Մինչդեռ գրող-ազգագրագետ Էդուարդ Մանվելյանը, ուսումնասիրելով Իրանի արխիվները, չափազանց հետաքրքիր փաստեր է բացահայտել։ Այս երիտասարդ կինը կարևոր փոփոխություններ է մտցրել Իրանի կրթական համակարգում՝ դրանով իսկ փոխելով մի ամբողջ սերնդի գիտակցություն։
Ուսումնասիրելով տարբեր մանկավարժական տեսություններ՝ Բերսաբեն հանգել էր այն համոզման, որ մարդու դաստիարակության հիմքերը դրվում են վաղ մանկության տարիներին։ Հետևաբար շատ կարևոր է, որ մանկապարտեզներում իրար հետ շփվեն ու միասին մեծանան տարբեր ազգությունների և դավանանքների երեխաներ:


Երբ պահպանողական Իրանում նրան փորձում էին համոզել, թե անհնար է մեկտեղել քրիստոնյա և մուսուլման երեխաներին, Բերսաբեն հակադարձում էր՝ պնդելով, որ այլապես ապագայում երկիրը կկանգնի մեծ խնդիրների առջև: Նա հավատում էր, որ երեխային հենց փոքրուց է պետք սովորեցնել հանդուրժել դիմացինին և հարգել այլոց կարծիքը:


Դժվար է պատկերացնել, թե ինչպես հաջողվեց մի կնոջ, այն էլ քրիստոնյայի, հասնել իր նպատակին մի երկրում, որտեղ կինը գրեթե զրկված էր իրավունքներից: Այդուհանդերձ, նա կարողացավ իրագործել իր ծրագիրը և հիմնեց Իրանում առաջին մանկապարտեզը, որտեղ սկսեցին հաճախել երկրում ապրող բոլոր ազգերի երեխաները:
Առանց հուզմունքի անհնար է կարդալ արխիվային նյութերում պահպանված ծնողների երախտագիտության խոսքերը Բերսաբե Հովսեփյանին՝ մի կնոջ, ում հաջողվեց կոտրել կարծրատիպերն ու ապացուցել, որ ամեն ինչ սկսվում է մանկապարտեզում ստացած ճիշտ դաստիարակությունից:




