ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Կապանֆեստ-2026»-ը գունեղ պատմություն է․ հաջորդ հանդիպումը՝ ուղիղ 355 օր հետո

«Կապանֆեստ-2026»-ն ավարտվել է, իսկ կազմակերպիչներն արդեն հայտարարել են հաջորդ հանդիպման օրը։ Փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանի խոսքով՝ հոբելյանական՝ 5-րդ «Կապան» միջազգային երաժշտական փառատոնը կբացվի 2027 թվականի հուլիսի 4-ին՝ ուղիղ 355 օր հետո։

Այս տարի փառատոնը մեկ հարկի տակ էր հավաքել աշխարհի 18 երկրի 55 ճանաչված երաժիշտների, որոնք Սյունիքում ներկայացրել են դասական և ջազային երաժշտության բազմազան ծրագրեր, հանդես եկել համատեղ կատարումներով, անցկացրել վարպետաց դասեր ու ստեղծագործական հանդիպումներ։ Փառատոնն ավարտվել է «Վիեննական երեկո» հատուկ ծրագրով, որտեղ երաժշտությունը միավորվել է պարի հետ։

Տասն օր շարունակ Կապանը ոչ միայն երաժշտություն էր լսում, այլև ապրում էր դրանով։ Քաղաքի հրապարակներից մինչև համերգասրահներ, կրթօջախներից մինչև սրճարաններ՝ ամենուր կարելի էր հանդիպել տարբեր լեզուներով խոսող երաժիշտների, ուսանողների ու երաժշտասերների։

«Պարել ասելով՝ շատ պարզ շարժումներ են։ Պետք չէ ունենալ տաղանդ, պետք չէ ունենալ ռիթմ։ Պետք է ունենալ ժպիտ ու ներկայություն»։

«Կապանֆեստ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը նախապես բոլորին հրավիրել էր մասնակցելու «Վիեննական երեկո» հատուկ ծրագրին։

Կապանի արվեստի քոլեջի ճեմասրահը մեկ երեկոյով վերածվել էր վիեննական սրահի՝ մոմեր, ծաղիկներ, գինի, կարմիր գորգ։ Մուտքը՝  երեկոյան զգեստով, սմոքինգներով ու դիմակներով զույգերի համար։ Իսկ ներսում աշխարհահռչակ դիրիժոր Ֆլորիան Կրիպսերի ղեկավարությամբ նվագախումբը վալս էր կատարում։ Սկզբում պարահրապարակում պրոֆեսիոնալ պարողներն էին, ապա նրանք նույն քայլերն էին սովորեցնում հանդիսատեսին՝ բոլորին դարձնելով երեկոյի մասնակից։

Չորրորդ «Կապանֆեստի» եզրափակիչ համերգն էր։ Տոնական տրամադրությամբ հանդերձ երեկոն նաև հրաժեշտի էր․ թե՛ կազմակերպիչները, թե՛ հյուրերն արդեն  ամփոփում էին տասնօրյա երաժշտական տոնը։ Սևակ Ավանեսյանն խոսուն պատկեր է արձանագրել․

«Այս տարվա փառատոնն աննախադեպ էր արտիստների քանակով։ Մենք ունեցանք 25 հայաստանյան պրեմիերա, 18 երկրներից՝ 55 երաժիշտ՝ Ավստրալիայից մինչև Նոր Զելանդիա ու Դանիա։ Ամեն օր երկու համերգ ունեցանք։ Այնքան շատ էին բարձրակարգ երաժիշտները, որ դժվարանում եմ որևէ մեկին առանձնացնել»։

Ֆրանսիացի աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Ժիլ Ապապն առաջին անգամ էր Հայաստանում։ Օդանավակայանից անմիջապես Կապան էր մեկնել՝ մասնակցելու փառատոնին։ Նրա խոսքով՝ Եվրոպայում դժվար է գտնել նման մակարդակի փառատոն, որի բոլոր համերգները բաց ու անվճար լինեն հանդիսատեսի համար։

«Աշխարհում նման բան գրեթե չկա։ Հանդիսատեսը բախտավոր է, որ կարողանում է մասնակցել այս համերգներին։ Ես այստեղ ոչ մեկին չէի ճանաչում, բայց մեզ միավորեց երաժշտությունը, փոխադարձ վստահությունն ու այն անկեղծ մթնոլորտը, որը ստեղծվել էր փառատոնում»։

«Կապանֆեստը» միայն համերգներով չէր սահմանափակվել։ Կապանի երաժշտական և արվեստի քոլեջներում ամեն օր անցկացվում էին վարպետաց դասեր։ Դրանց մասնակցել էր շուրջ 120 պատանի։ Միայն արտերկրից ավելի քան 20 ուսանող սեփական միջոցներով հասել էր Կապան՝ ճանաչված երաժիշտների հետ աշխատելու համար։ Ավելի քան 50 մասնակից էլ ժամանել էր Հայաստանի տարբեր մարզերից։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, դաշնակահար Շուշան Արևշատյանը փառատոնի ցերեկային համերգների մասնակիցներից էր։

«Ինձ համար շատ կարևոր է համագործակցել այնպիսի մեծ արտիստների հետ, ինչպիսիք են Մարիաննա Շիրինյանը, Աննա Սարգիսովան, Ժուլիեն Լիբերը։ Ամեն հանդիպում նոր բացահայտումների հնարավորություն է։ Նրանց խորհուրդներն օգնում են հաղթահարել նոր բարձունքներ»։

Տասը օրերի ընթացքում Կապանում հնչել են դասական, կամերային և ջազային ստեղծագործություններ, ներկայացվել են բազմաթիվ նոր համագործակցություններ ու հայաստանյան պրեմիերաներ։ Փառատոնը վաղուց արդեն միայն համերգների շարք չէ․ այն դարձել է մշակութային հանդիպման վայր, որտեղ նույն բեմում են հայտնվում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներն ու իրենց առաջին քայլերն անող երիտասարդ կատարողները։

Եզրափակիչ համերգը նախատեսվածից երկար տևեց։ Դահլիճից ոչ ոք չէր շտապում հեռանալ։ Երաժիշտներն ու հանդիսատեսը մի հիմնական ասելիք ունեին միմյանց՝ «շնորհակալություն»  և «կհանդիպենք հաջորդ ամառ»։ Իսկ Սևակ Ավանեսյանն արդեն սկսել է հաջորդ փառատոնի հետհաշվարկը։

«Մեկ տարի անց, ուղիղ 355 օր հետո՝ հուլիսի 4-ին, կբացվի հոբելյանական՝ 5-րդ «Կապան» միջազգային երաժշտական փառատոնը։ Սպասում ենք բոլորիդ»։

Կարդացեք նաև

Back to top button